ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատասխանը՝ ՀՀ վարչապետին ուղղված «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» համաժողովի մասնակիցների նամակին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատասխանը՝ ՀՀ վարչապետին ուղղված  «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» համաժողովի մասնակիցների նամակին

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է 2019 թ-ի դեկտեմբերի 28-ին անցկացված «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» համաժողովի մասնակիցների և Լոռու մարզի բնակիչների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի:

Հանրությունը վարչապետին կոչ էր արել ստեղծել ՀՀ Կառավարության առընթեր միջգերատեսչական աշխատանքային խումբ հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարության մշակման և բնակչության առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության գնահատման իրականացման համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխան նամակում նշված է.

«Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» համաժողովի մասնակիցների կողմից ՀՀ վարչապետին ուղղված դիմումի հետ կապված հայտնում ենք, որ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման» մեթոդաբանություն, որը ներկայացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կարծիքին: 2019 թվականի դեկտեմբերին արդեն իսկ կայացել է առաջին հանդիպումը ԱՀԿ-ի միջազգային փորձագետի հետ, որի ներկայացրած առաջարկների հիման վրա մեթոդաբանությունը լրամշակման փուլում է: Վերջինիս հաստատումից հետո հնարավոր կլինի իրականացնել միջազգային մոտեցումներին համապատասխան շրջակա միջավայրի գործոնների մարդու առողջության վրա ազդեցության գնահատում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը DMT GmbH & Co.KG և Ֆինլանդիայի աշխարհագրական հետազոտության համատեղ ձեռնարկության հետ պայմանագիր են կնքել «Հայաստանի հանքային ոլորտի քաղաքականությունը, շրջակա միջավայրի և առողջության վրա ոլորտի ազդեցության գնահատում» ախտորոշիչ ուսումնասիրության նպատակով տեխնիկական աջակցություն իրականացնելու համար: Ախտորոշիչ ուսումնասիրության շրջանակներում միջազգային փորձագետների կողմից ընտրված երկու մետաղական և երկու ոչ մետաղական հանքավայրերում կիրականացվի ուսումնասիրություն: Վերջինիս նպատակն է հայտնաբերել և ստուգել այն գործընթացները, որոնք հանգեցնում են հանքերից արտանետումների, բացահայտել բիոտայի և մարդկանց համար խոցելի տեղերը, ինչպես նաև համեմատել մոնիթորինգի արդյունքում ստացված և ընտրված տարրերի վերաբերյալ առկա մյուս տվյալները արտանետումների հիմնական ռիսկերի մասին նախնական տվյալների, ինչպես նաև ազգային և միջազգային ուղեցույցների հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Շրջակա միջավայրի նախարարությունն առավել նպատակահարմար է գտնում կատարված աշխատանքների իրազեկվածության բարձրացման և աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ախտորոշիչ ուսումնասիրությունների քննարկմանը ներգրավել հանրության լայն շրջանակներին, այդ թվում՝ «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» համաժողովի մասնակիցներին:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ներկայումս «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության կողմից իրականացվում է «Հայաստանի ընդերքի ոլորտի տնտեսական վերլուծությունը և դրա ազդեցությունը կայուն զարգացման վրա» ախտորոշիչ ուսումնասիրությունը, որն ավարտական փուլում է:

Վերոնշյալ ախտորոշիչ ուսումնասիրությունների արդյունքները հիմք կհանդիսանան հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման համար:

Ռազմավարության նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կտեղադրվի e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրության իրազեկմանը և քննարկմանը ներկայացնելու նպատակով, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունները»:

 

14:34 Փետրվար 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news