«ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների դեմ» նախաձեռնող խումբը դիմում է ԱԺ-ին Անտառային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը հետ ուղարկելու պահանջով

«ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների դեմ» նախաձեռնող խումբը դիմում է ԱԺ-ին Անտառային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը հետ ուղարկելու պահանջով

ԷկոԼուր

Սույն թվականի մարտի 31-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերին եւ ուղարկեց ՀՀ Ազգային ժողով:

Փոփոխություններով նախատեսվում է թույլատրել կառուցապատումը անտառում, վերացնել անտառային տոմսը:

Ձեւավորվել է «ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների դեմ» նախաձեռնող խումբ, որը ապրիլի 22-ին դիմեց ՀՀ  Ազգային ժողովի Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին՝ օրինագծերը հետ ուղարկելու պահանջով: Նախաձեռնող խմբի դիմումում ասված է.

«ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով են ներկայացվել  «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-988-11.04.2016-ԳԲ-010/0) և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-9881-11.04.2016-ԳԲ-010/0)  օրենքների նախագծերը:

Այս կապակցությամբ սույն թվականի ապրիլի 15-ին տեղի է ունեցել նշված օրինագծերի քննարկում «ԷկոԼուր» մամուլի ակումբում:

Քննարկմանը մասնակցող հասարակայնության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել առաջադրված օրինագծերին և դիմում են ՀՀ Ազգային ժողովի Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին՝ հետ ուղարկելու այս օրինագծերը հետևալ հիմնավորմամբ, որն արվել է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի կողմից:

Անտառային տոմսի, վարձակալության պայմանագրի վերաբերյալ փոփոխություններով   փորձ է արվել քողարկել մի կարևոր հարց` անտառներում կառուցապատման իրավունքի տրամադրումը, ինչը կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի անտառների վրա: Պատահական չէ, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»  ԾԻԳ-ի հիմնավորումներում երկուսուկես  էջ հատկացված է անտառային տոմսի վերացման հիմնավորումներին: Անտառներում կառուցապատման մասին մեկ խոսք անգամ չկա, սակայն որպես ակնկալվող արդյունք նշված է. «ՀՀ Անտառային օրենսգրքում ներդնել կառուցապատման իրավունքի ինստիտուտը»: 

ԾԻԳ-ի հիմնավորումներում նշված է, որ հակասություններ կան ՀՀ հողային և ՀՀ անտառային օրենսգրքերում: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ անտառային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման պայմանով» դրույթը: Այս հոդվածում նշված է. «1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք:» Այս հոդվածում ընդհանրապես խոսք չկա անտառային հողերը կամ պետական անտառը սեփականության իրավունքով տրամադրելու մասին, հետևաբար, այն չի հակասում ոչ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ, ոչ էլ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներին: Նշված նորմը նախատեսվել է ՀՀ Անտառային օրենսգրքում, որպեսզի խթանի մասնավոր, կամ միջազգային կազմակերպություններին տնկել անտառ այն տարածքներում, որտեղ երբևիցե անտառ չի եղել կամ բնական վերաճ  չկա, և մեր պետությունը մոտակա մի քանի տասնամյակում այդ տարածքներում չի կարողանալու անտառ տնկել: Այս նորմը նախատեսում է, որ այդ անձը, որը ցանկություն է հայտնել նշված տարածքներում անտառ հիմնել, պետք է շուրջ 10-12 տարի հսկայական ծախսեր անի` հողի բերրի շերտը վերականգնի, տնկիներ գնի, դրանք տնկի, ջրի, խնամի, անտառի շարք անցկացնի, որից հետո միայն կարող է դառնալ այդ անտառի սեփականատերը և պարտավոր է շարունակել ծախսեր անել անտառպաշտպանական և անտառպահպանական աշխատանքներ կատարելու համար: Այս նորմը ոչ մի կերպ չի կարող բացասական ազդեցություն ունենալ անտառների վրա, հակառակը, դրանից կշահի մեր հասարակությունը, ունենալով լրացուցիչ անտառային տարածքներ: ՀՀ Անտառային օրենսգիրքը ընդունելուց անցել է տասնմեկ տարի, այս ժամանակահատվածում որևէ մեկը չի դիմել նշված հոդվածով նախատեսված կարգով անտառ հիմնելու խնդրանքով, որովհետև այդ գործընթացը մեծ գումարներ և ժամանակ է պահանջում:

Այնուհետ, ԾԻԳ-ը առաջարկում է ՀՀ Անտառային օրենսգրքից հանել «առանց հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման իրավունքը` անտառօգտագործման պայմանագիրը և անտառային տոմսը»: Տվյալ դեպքում անտառօգտագործման իրավունքը նույնացվել է պայմանագրի և անտառային տոմսի հետ, հաշվի չառնելով, որ պայմանագիրը և անտառային տոմսը միայն իրավունք հաստատող փաստաթուղթ են, իսկ անտառօգտագործման իրավունքը գոյություն ունի անկախ այդ փաստաթղթերի առկայությունից: Հիմնավորումներում նշում են, որ հատապտուղներ, սնկեր և անտառաբույսեր հավաքելով, քաղաքացիները օգտվում են հողի պաշարներից՝ առանց վարձակալության:  Առաջինը, դրանք հողի պաշարներ չեն, այլ անտառի պաշարներ են, երկրորդը, ինչու՞ է պետք կնքել հողի վարձակալության պայմանագիր, լրացուցիչ վճարներ անել և ժամանակ կորցնել նոտարական և կադաստրային ձևակերպումների վրա, եթե կա անտառօգտագործման պայմանագիր, և այն բավարարում է բոլոր պահանջները: Ինչպես նաև, հաշվի չեն առնվել, որ նույն անտառային տարածքի համար կարող են կնքվել տարբեր անտարօգտագործման պայմանագրեր միաժամանակ /օր. հատկացնել անտառը մեղվափեթակների տեղադրման համար և միաժամանակ կարող է այլ անձի տրվել նույն տարածքում հատապտուղ հավաքելու անտառային տոմս/, ինչը վարձակալության դեպքում անհնար է: Այս առաջարկը ԾԻԳ-ը հիմնավորում է նրանով, որ անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հսկման հստակ մեխանիզմներ, որ 2013-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ընդհանրապես անտառային տոմս չեն հատկացրել, ինչպես նաև որ անտառային պաշարների հաշվառում արված չէ: Անտառային պաշարները հաշվառելու և հսկման հստակ մեխանիզմ սահմանելու փոխարեն առաջարկվում է հանել նույնիսկ այն մեխանիզմը, որն այսօր առկա է: Հարց է առաջանում՝ եթե անտառային տոմսը և անտառօգտագործման պայմանագիրը հանվի, դրանից հսկման մեխանիզմը կբարելավվի՞, անտառի պաշարները կհաշվառվե՞ն, անտառի ոչ բնափայտային պաշարները կպահպանվե՞ն:

Այսպիսով, անընդունելի է ԾԻԳ-ի առաջարկը` անտառի ոչ բնափայտային անտառանյութի մթերումը արդյունաբերական օգտագործման նպատակով, առանց անտառային տոմսի և անտառօգտագործման պայմանագրի այն էլ այն դեպքում, որ վերջին տարիներին ավելացել են վայրի հատապտուղների, բույսերի վերամշակումը և արտահանումը: Դրանով անդառնալի վնաս կպատճառվի անտառային կենսաբազմազանությանը, այդ թվում Կարմիր գրքում նշված բուսատեսակներին, կվատթարանա անտառամերձ համայքների բնակիչների՝ առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը, քանի որ իրենց մեծ մասը գոյատևում են  հատապտուղների և այլ անտառանյութի վաճառքով:

Այս կապակցությամբ ԾԻԳ-ն առաջարկում է նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքից հանել համապատասխան հոդվածները, որոնք նախատեսում են պատժամիջոցներ այդ իրավախախտումների համար: Անհրաժեշտ է նշել, որ այս նորմերի խախտման համար պարտադիր պետք է նախատեսված լինեն պատժամիջոցներ, և այդ նորմերը նախատեսված են նաև ՀՀ «Վարչական իրավախախտումների» նոր օրենսգրքի նախագծում, որն արդեն անցել է համաձայնեցումների փուլը և պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ԾԻԳ-ը նշում է. «Ներկայումս բնափայտի մթերումն իրականացվում է առանց մրցույթի` առանց հողի վարձակալության»: Հարց է առաջանում` ինչու՞ է պետք հողի վարձակալությունը տվյալ դեպքում: Առաջարկություն անողները մոռանում են, որ անտառը ինքնուրույն բնության օբյեկտ է և կարգավորվում է անտառային օրենսդրությամբ:   Այնուհետ, առաջարկում են հանել անտառտնտեսական աշխատանքների կատարման մասին պայմանագիրը և թողնել միայն անտառահատման տոմսը: Այս առաջարկությունը նույնպես ընդունելի չէ, քանի որ պայմանագրում մանրամասն սահմանվում են անտառտնտեսական աշխատանքների կատարման բոլոր պայմանները, կողմերի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, ինչը հնարավոր չէ մեկ էջից բաղկացած անտառահատման տոմսում ընդգրկել: Բացի այդ, այս առաջարկը նաև անիմաստ է, քանի որ պայմանագրի վերացումը որևէ իրավական, բնապահպանական կամ տնտեսական խնդիր չի լուծում:

Անհասկանալի է նաև, թե ինչու են առաջարկում ՀՀ Անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածից հանել անտառօգտագործողների իրավունքների վերաբերյալ բոլոր դրույթները, այն դեպքում, որ իրենց հիմնավորումներում ընդհանրապես դրա մասին չի խոսվում:

Վերջապես, ամենակարևոր հարցը, ինչի համար արվում են սույն փոփոխությունները, սակայն որի մասին հիմնավորումների մեջ բառ անգամ չկա, դա անտառներում պետական անտառային հողերի վրա  կառուցապատման իրավունքի տրամադրումն է, այսինքն, նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Այս առաջարկը ամբողջովին անօրինական է, քանի որ հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմերին: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է. «3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:» Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 25-րդ հոդ. 41 մասում նշված է. «41. Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:» Սա նշանակում է, որ թույլ է տրվում  կառուցել շենքեր և շինություններ միայն անտառային կարիքների համար /օրինակ, անտառապահի տնակ կամ հակահրդեհային կառույցներ/, այլ ոչ թե հյուրանոցներ, ռեստորաններ կամ այլ զվարճանքի տներ: Իսկ ամենակարևոր նորմը, որ ընդհանրապես անտեսվել է, դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ  հոդվածի 6-րդ մասն է, որտեղ ասվում է. «6. Հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:» Իսկ նույն հոդվածի 8-րդ մասում հստակ նշված է. «8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով»: Այսինքն, համաձայն այս նորմի, չի կարելի վարձակալությամբ հանձնած պետական կամ համայնքային հողի վրա որևէ կառուցապատում անել: Այստեղ խորամանկություն է արվել, նշելով «կառուցապատման իրավունքով տրամադրել», որպեսզի քննարկման փուլում մեծ աղմուկ չլինի, իսկ Ազգային ժողովում, մեկ բառ փոխելով, այն անցկացվի: Հողը պետք է տրամադրվի կամ վարձակալության, կամ սեփականության իրավունքով, առանձին կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր օրենսդիրը չի նախատեսում, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 8-րդ մասում հստակ նշված է, որ կառուցապատման համար հողամասը պետք է տրամադրվի միայն սեփականության իրավունքով, հետևաբար, ստացվում է այնպես, որ կառուցապատման իրավունք թույլ տալով, թույլ ենք տալիս անտառային հողերի սեփականաշնորհումը, ինչն արգելված է ՀՀ Անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածով:

Հատկանշականն այն է, որ չի էլ թաքցվում այս փոփոխությունների հիմնական նպատակը:  Հիմնավորումներում նշված է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է  գործարար միջավայրի շուկայական տնտեսության  զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման քաղաքականություն: Այսինքն, բիզնեսը և շուկան մտցնում են անտառ: Ի՞նչ է նշանակում կառուցապատում: Դա միայն այն շենքերը չեն, որ կառուցվելու են, այնտեղ պետք է կառուցվեն նաև ճանապարհներ, մեքենաների կայանատեղեր, անցկացվեն  ջրագիծ, կոյուղագիծ, էլեկտրականություն, ստեղծվի այդ շենքերը սպասարկելու ենթակառուցվածք: Արդյո՞ք դրանից հետո անտառը կմնա:

Հիմնավորումների եզրափակիչ մասում նշվում է, որ այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել պետական համայնքային անտառներում հողային հարաբերությունների և անտառային օգտագործման ոլորտներում համապատասխան օրենսդրության փոփոխություններ,  որպես արդյունք նշվում է, որ դա կնպաստի անտառային հողերի առավել արդյունավետ կառավարմանը: Սա աբսուրդ է. այսինքն առանց անտառների կառուցապատման հնարավոր չէ՞ անտառային հողերը կառավարել: Ստացվում է, որ անտառն է խանգարում հողերի արդյունավետ կառավարմանը, դրա համար վերացնեն՞ք անտառը: Որպես փոփոխությունների արդյունք՝ նշվում է նաև այն, որ դա կնպաստի փոքր բիզնեսի զարգացմանը, սա էլ է աբսուրդ: Փոքր բիզնեսն այդքան միջոցներ չունի, որ մտնի անտառ ու կառուցապատի, սա ուղղված է միայն խոշոր բիզնեսի զարգացմանը:

Նշված կարևորագույն խնդիրը քննակելու համար առաջարկում ենք հանդիպում կազմակերպել շահագրգիռ հասարկության և ՀՀ ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Հարգանքներով՝

«ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների դեմ» նախաձեռնող խումբ

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն

Կարինե Դանիելյան՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Արմենուհի Պետրոսյան՝ «Մայրի» հասարակական նախաձեռնության անդամ

Լևոն Գալստյան՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության համակարգող

Ամալյա Համբարձումյան՝ «Խազեր» ՀԿ-ի նախագահ

Աիդա Իսկոյան՝ Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնի նախագահ

Լյուբա Բալյան՝  ENPI/FLEG 2 ծրագրի համակարգող IUCN-ի կողմից»:

19:05 Ապրիլ 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news