Առաջարկություն ՀՀ կառավարությանը` գործադիրին կից Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդ ստեղծելու վերաբերյալ

Առաջարկություն ՀՀ կառավարությանը` գործադիրին կից Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդ ստեղծելու վերաբերյալ

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, «Աջակցություն նոր բարեփոխումներին Փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող Ինգա Զարաֆյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կառավարությանը կից Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդ ստեղծելու առաջարկով:

Վարչապետին ուղղված նամակում նշված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահապանության նախարարության հետ համատեղ իրականացրած «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ստեղծվել է Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդ:

Ծրագրի ավարտից հետո Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրրդի աշխատանքի շարունակականությունն ապահովելու և առկա Խորհրդի ներուժը փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում խնդիրների լուծման գործում օգտագործելու համար առաջարկում ենք այդ Խորհուրդը դարձնել Հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀՀ փոխվարչապետին կից գործող:

Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի կազմում ընդգրկված են ՓՀԷԿ-երի ոլորտին առնչվող պետական հաստատությունների և գերատեսչությունների` ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, շահագրգիռ հասարակության` WWF-Հայաստանի, Երևանի Օրհուս կենտրոնի, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, շահագրգիռ բիզնեսի` «Փոքր ՀԷԿ-երի ասոցիացիայի», «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակներում խորհուրդն անցկացրել է 4 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են Ծրագրի ընթացքում փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկությունները: Խորհրդի մասնակիցները մասնագիտական խորհրդատվություն են տվել և հաստատել Ծրագրի փորձագիտական խմբի կողմից մշակված փոքր ՀԷԿ-երի ոլորտի վերաբերյալ ենթաօրենսդրական և օրենսդրական ակտերի նախագծերը:

Այս կապակցությամբ ուղարկում ենք Ծրագրի փորձագիտական խմբի կողմից մշակված Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի կանոնադրության նախագիծը:

Կից ուղարկում ենք Ծրագրի շրջանակներում մշակված փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին ուղղված ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ օրենքների փոփոխությունների և լրացումների նախագծերի, ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետների և անկախ փորձագետների մասնակցությամբ տրված առաջարկությունների մասին հակիրճ տեղեկանք»:

17:41 Հունիս 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news