Քաղհասարակությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ համազգային այգի հիմնելու գաղափարը Դալմայի այգիներում իրագործելու խնդրանքով

Քաղհասարակությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ համազգային այգի հիմնելու գաղափարը Դալմայի այգիներում իրագործելու խնդրանքով

ԷկոԼուր

2020 թ․ ապրիլի 22-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ, քաղաքացիներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով Ծիծեռնակաբերդի տարածքի փոխարեն համազգային այգի հիմնելու գաղափարը կյանքի կոչել Դալմայի այգիների տարածքում։ Նամակին է միացել նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն։ 

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել էր Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի՝ բարձրաձայնելով մայրաքաղաքում կանաչ գոտիների վերականգնման հրատապությունը։

Ծիծեռնակաբերդի տարածքի փոխարեն Դալմայի այգիներում ծառատունկ իրականացնելու գաղափարը «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Մերի Խաչատրյանինն է։ ԷկոԼուրի հետ զրույցում Մերի Խաչատրյանն ասաց. «Դալմայի այգիները և մեր, և մի շարք բնապահպանական ՀԿ-ների համար ասես սեպ լինի։ Ամեն անգամ մենք առիթ ենք փնտրում այգին փրկելու, վերականգնելու համար։ Որպես մտահոգ և երկար տարիներ Դալմայի խնդրով զբաղված քաղաքացի, ուզում եմ առիթն օգտագործել և խորհուրդ տալ։ Շատ լավ գաղափար է, բայց հինը պահպանե՛ք, հետո նորը արեք։ Նախագահը մի տարածքի մասին է խոսում, որի անմիջապես հարևանությամբ Դալմայի այգիներն են։ Միգուցե կարելի է հայացքը հառել այդ տարածքի վրա և հասկանալ, թե ինչ ենք կորցնում։ Սա առիթ է, որ իրենց հիշեցնենք, որ Երևանում արդեն կա առողջ թոքեր պահելու հնարավորություն։ Ակնկալում ենք, որ պետական իշխանության ներկայացուցիչները պետական մտածողություն կունենան և կարձագանքեն»: Նա նաև հայտնեց, որ ոչ միայն առաջարկում են, այլև՝ պատրաստակամություն են հայտնում որպես կամավոր միանալ ծառատունկին։ 

 ՀՀ նախագահին ուղղված նամակում նշված է․

«Մեծարգո նախագահ,

ուշագրավ է Ձեր անդրադարձն այն հանգամանքին, որ ի հայտ եկավ հատկապես կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակում՝ ցույց  տալով, թե ինչքան կարևոր է Երևանում մաքուր օդ ու պարզ երկինք ունենալը, ավելին, տեսնելով ակնհայտ տարբերությունը, առավել գիտակցեցինք մարդու առողջության համար այդ կարևոր նախապայմանի ապահովմանը խոչընդոտող իրավիճակի պատճառները:

Մենք` ներքոստորագրյալներս, կիսելով մաքուր օդ ունենալու և Երևանի «թոքերը» վերականգնելու Ձեր ազնիվ մղումը, և  ողջունելով մեր պատմական հայրենիքի հիշատակը խորհրդանշական այգու միջոցով  պահպանելու Ձեր ցանկությունը,  ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ տարածքի վրա, որը  Եղեռնի զոհերի հուշահամալիրի տարածքի հարևանությամբ է և ամփոփում է մեր պատմական հայրենիքի շրջանները հիշատակելու Ձեր առաջարկի տրամաբանությունը: Այն առավել խորը խորհուրդ է պարունակում, քանզի ամփոփում է հայոց գոյության պատմության՝ ավելի քան 6000 տարի առաջ ու շարունակ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ և գինեգործությամբ զբաղվելու, արարելու վկայություններ:

Խոսքը Դալմայի այգիների մասին է, որի շուրջ 70%-ն արդեն ավերվել է, բայց մնացածը դեռ հնարավոր է փրկել: Այստեղ քայլել ու արարել են հայոց թագավորները, բարեխղճորեն տնկվել են մրգատու և հատկապես խաղողի այգիներ, որոնց բազմահազարամյա լանդշաֆտի վկայությունները դեռևս գոյություն ունեն (նման հնագույն խաղողագործական լանդշաֆտ առկա է միայն Հռոմում), այստեղ հայտնաբերվել են սեղանի և գինու խաղողի ավանդական տեսակների կենսաձևեր ու կլոններ, որոնց պահպանության գոյությունը ևս վտանգի տակ է: Վտանգի տակ է  նաև պատմական Դալմայի ջրանցքի գոյությունը: Այգիների վրա  հիմնված գինեգործության փաստերը պահպանվում են Կարմիր Բլուրում, որի տարածքը, առավել ևս այգիների հատվածը դեռևս լիովին ուսումնասիրված չէ:

Դեռ 2003 թվականին, կառավարության մարտի 27-ի  «Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփոխության մասին» հ. 1941–Ա որոշմամբ Դալմայի այգիների 256 հա տարածք նախատեսվել է դարձնել անտառ, սակայն առ այսօր այս որոշումն այդ մասով իրականություն չի դարձել: Ավելին, տարածքը մասնատվել է. 27 հա տարածք արդեն իսկ վարձակալությամբ տրվել է մասնավորի՝ ժամանցի վայր ստեղծելու նպատակով, որի համար հողին են հավասարեցվել ինչպես հնագույն արժեք ունեցող լանդշաֆտը, գինու պատմական հնձաններ, այնպես էլ տարածքը բարեխղճորեն կանաչապատած այգեգործների տնկած ծառերը: 

Ինչպես գիտեք, 2019թ. նոյեմբերին մասնավոր ընկերության կողմից տարածքում շինարարության ժամանակ քանդվեց միջնադարյան գինու հնձան, որից հետո ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ ստեղծվեց արշավախումբ և տարածքում հայտնաբերվեցին ինչպես մի քանի հազարամյա պատմություն ունեցող հնագիտական արժեք ներկայացնող կոթողներ, դամբարանադաշտ, այնպես էլ միջնադարյան հուշարձաններ, որից հետո նախարարությունը դրանց տվեց հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Տարածքը կանաչապատ է եղել հազարամյակներ շարունակ, դեռևս պահպանվել են կանաչ պատառիկներ, բայց օր օրի կառուցապատման նոր նախագծեր են ի հայտ գալիս ու կյանքի կոչվում՝ կանաչ տարածքի ու հայոց պատմության վկայությունների ոչնչացման ու վերացման հաշվին:

Առաջարկում ենք համազգային այգի, հայկական այգի ունենալու Ձեր գաղափարն ի կատար ածել հենց այս տարածքում, ապահովել, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների ու բարձրահարկերի շարք:  Դալմայի այգիներում իրականացնելով Ձեր գաղափարը` շատ կարևոր ներդրում կլինի բոլոր առումներով՝ և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես մայրաքաղաքում ոչնչացման եզրին գտնվող մի մեծ կանաչ տարածքի վերածննդի համար։

Այդ գաղափարի իրագործման պարագայում հայտնում ենք մեր մեծ պատրաստակամությունն ու կամավորական աշխատանքի ներդրումը:

Եվ քանի որ «հետոն սկսվում է այսօր», վստահեցնում ենք, որ այսօր Դալմայի այգիների մնացած հատվածների փրկությունը Ձեր ձեռքում է:

Հարգանքով և ակնկալիքով՝

Ռուզաննա Ղազարյան՝ «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ

Մարի Չաքրյան՝ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ 

Մերի Խաչատրյան՝ «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ 

Լիաննա Ասոյան՝ «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ Ամալյա Համբարձումյան՝ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ 

Արևիկ Հովսեփյան՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ 

Նարինե Կիրակոսյան, Թագուհի Ասլանյան` «էկո-Մեդիա» լրագրողական ցանց (շուրջ 60 լրագրող) 

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 

Մովսես Արիստակեսյան՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ 

Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ 

Գայանե Աթոյան՝ քաղաքացի

Լիլիթ Գալստյան՝ քաղաքացի 

Մարիամ Չախոյան՝ «Թուխմանուկ» ՀԿ 

Կարինե Մկրտչյան՝ քաղաքացի 

Հրանուշ Եսայան՝ «Էկո տոպրակիներ եւ էկո թելեր» ԱՁ 

Արմենակ Դովլաթյան՝ «Կանաչ ուղի» ՀԿ 

Դշխուհի Սահակյան՝ քաղաքացի 

Մանուշակ Թեւանյան՝ քաղաքացի 

Մելադա Հարությունյան՝ քաղաքացի

 Կարեն Չիլինգարյան՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ 

Դիանա Եղիազարյան՝ քաղաքացի 

Գալուստ Նանյան՝ էկո-լրագրող (Բոստոն) 

Նվարդ Վահանե՝ քաղաքացի 

Հայտարարությունը բաց է միանալու համար»

Լուսանկարը՝ Տիգրան Սարգսյանի

17:57 Ապրիլ 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news