Գյուղատնտեսության նախարարությունում ՀՀ վարչապետի հանձնարարականով քննարկել են Անտառային օրենսգրքի փոփոխությունները

Գյուղատնտեսության նախարարությունում ՀՀ վարչապետի  հանձնարարականով քննարկել են Անտառային օրենսգրքի փոփոխությունները

ԷկոԼուր

Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպեց  «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Հայաստանի գլխավոր անտառապետ  Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության  անտառային վարչության պետ Արթուր Պետրոսյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Տապան» Էկո-ակումբ ՀԿ-ի տնօրեն Հրանտ Սարգսյանը, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Գոհար Օգանեզովան եւ այլոք:

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, քննարկումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով, ում ներկայացվել են Նազելի Վարդանյանի առաջարկություններն ու դիտողությունները օրինագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի ներկայացրած ՀՀ անտառային օրենսգրքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններին, որով թույլատրվում է անտառում կառուցապատում իրականացնել, եւ հանվում է անտառային տոմս հասկացությունը: Օրինագծերն այժմ ՀՀ Ազգային ժողովում են:

Հասարակայնության ներկայացուցիչները դեմ հանդես եկան օրենսդրական այս փոփոխություններին եւ ձեւավորեցին «ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների դեմ» նախաձեռնող խումբ, որը նամակով դիմեց ՀՀ  Ազգային ժողովի Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ օրինագծերը հետ ուղարկելու պահանջով:

Նախաձեռնող խմբի անդամ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ներկայացրեց քննարկման մանրամասները. «Ես ասացի, որ անտառում կառուցապատումն անթույլատրելի է և հակասում է մի շարք օրենքների ու չի բխում անտառի շահերից: Դրա արդյունքում մենք անտառն ընդհանրապես կկորցնենք: Եթե նույնիսկ կառուցապատումը թույլ տանք ոչ անտառապատ տարածքներում՝ սխալ է, որովհետև եթե մենք վաղը գումարներ ունենանք, արդեն տեղ չենք ունենա անտառ տնկելու, և դրանով մենք անտառները կորցնելու ենք: Արմեն Եղիազարյանը դրան պատասխանեց, որ պարտադիր չէ, որ կառուցապատում լինի: Նա, կառուցապատում ասելով, անգլերեն տերմին օգտագործեց՝ development: Կառուցապատումն այդպես չի թարգմանվում, կառուցապատումը construction-ն է: Արմեն Եղիազարյանն ասաց, որ պարտադիր չէ, որ շինություն լինի, այնտեղ կարող է հանգստի գոտի լինի, որ կողքի գյուղացիները մի ձև ապրեն: Ասացի՝ այդ գյուղացիներն անգամ իրենց տան տանիքը չեն կարողանում վերանորոգել, ուր մնաց անտառի մեջ շենք կառուցեն, կամ գյուղացուն ո՞վ է թողնելու: Գյուղացուն այսօր չեն էլ թողնում՝ անտառից փայտ հանի, ինքն առնում է այդ փայտը, որ հենց անտառի կողքն է ապրում: Եղիազարյանն էլ ասաց՝ դե իրենք կգնան, այդ հյուրանոցներում կաշխատեն: Ասացի՝ ուրեմն դուք գյուղացուն հիմա ուզում եք լրիվ գյուղացիությունից կտրել, գյուղացին իր գործն ունի: Փոխանակ գյուղացու համար պայմաններ ստեղծեք, որ նորմալ ապրեն, դուք ուզում եք այնպես անել, որ իրենք ինչ-որ սերվիսում աշխատեն: Արմեն Եղիազարյանն ասաց, որ  անտառը տնտեսական ոլորտ է, և այդ տնտեսական ոլորտը պետք է կանոնակարգվի. մեկ է անտառի հողերի կատեգորիան փոխում են, ում  համար որ պետք է, անտառային հողը դուրս է գալիս անտառային ֆոնդից, ավելի լավ չէ վարձակալության տանք: Ասացի, որ որևէ տարբերություն չկա՝ 99 տարով վարձակալության եք տալու, ու այդտեղ շինություն է լինելու, կյանքում այդտեղ անտառ չի լինելու, որովհետև շենքը չեք քանդելու՝ տեղը ծառ տնկեք: Կողքն ամեն ինչ ավիրվելու է, այնտեղ կենդանիներ կան, որի միգրացիայի ճանապարհն եք փակելու, անտառներում անկանոն հատումները կբերեն քամիների ուժգնության, որն այլ աղետների հիմք կհանդիսանա: Ասացի փոխանակ խստացվի հողի կատեգորիա փոխելը, մենք բերում ինչ-որ ուրիշ բաներ ենք անում, որ հանցագործությունները կամ խախտումներն ավելի դյուրին դարձնենք»:

Նազելի Վարդանյանը նշեց, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, տեսնելով հակադիր կարծիքները, առաջարկել է շարունակել քննարկումները:

Նազելի Վարդանյանն էլ իր հերթին առաջարկել է ՀՀ Ազգային ժողովից հետ կանչել օրինագծերը:

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի

16:03 Մայիս 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news