ԱՃԹՆ ԲՇԽ անդամներին ուղարկվեց հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակիչների առաջարկությունները

ԱՃԹՆ ԲՇԽ անդամներին ուղարկվեց հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակիչների առաջարկությունները

ԷկոԼուր

ԷկոԼուրը ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամներին է ուղարկել հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակիչների առաջարկությունները և հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրությունը:

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի ընթացքում հանքարդյունաբերական ազդակիր համայնքների ներկայացուցիչները բարձրաձայնեցին խնդիրներ և առաջարկություններ: Դրանց մի մասի վերաբերյալ նիստին մասնակից կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: Ձեզ ենք ներկայացնում նիստի ընթացքում հնչած առաջարկությունները և նիստի արձանագրությունը, որպեսզի ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատանքային օրակարգում ներառվեն բարձրացված արդիական հարցերը և առաջարկությունները՝ դրանց ընթացք տալու, համայնքների հետ երկխոսության հետագա զարգացման, առաջ քաշված խնդիրներին լուծում տալու համար:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Պետական լիազոր մարմնի վերահսկողական գործունեությունն իրականացնել բնակչության (ոչ միայն ՏԻՄ) ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի բնակիչներն իրենց հարցադրումներն ուղղեն հանքի ղեկավարությանը, և Կոմբինատ-ՏԻՄ ղեկավարություն հանդիպումները չշրջանցեն բնակիչներին:

2. ԱՃԹՆ շրջանակներում հրապարակային դարձնել հանքարդյունաբերական ձեռնարկության կողմից ընդերքից հանքաքարի արդյունահանման ամենամյա ծավալները:

3. ԱՃԹՆ շրջանակներում հրապարակային դարձնել մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ընդերքից արդյունահանված և մշակված հանքաքարերի որակական ցուցանիշները` խտանյութերում առկա թանկարժեք մետաղների պարունակության մասին տվյալները:

4. Փոխել բնապահպանական վճարների հաշվարկման մեխանիզմները` ավելացնելու արտանետումների դիմաց բնապահպանական վճարի չափը, որը կստիպի արդյունաբերողին քիչ աղտոտել, ինչպես նաև, բնապահպանական վճարների հաշվարկման նոր մեխանիզմները մշակելիս, հաշվի առնել համայնքի/շրջակա միջավայրի վրա մի քանի ձեռնարկությունների գումարային ազդեցությունը և սամանափակել այդ ձեռնարկությունների գումարային արտանետումները սահմանային թույլատրելի նորմերի սահմաններում:

5. Պետության կողմից օդի, ջրի, հողի պարբերական հետազոտություն իրականացնել և արդյունքների մասին բնակչությանն իրազեկել նաև տեղեկատվական թերթիկների միջոցով:

6. Իրականացնել բնակչության առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության ուսումնասիրություն, որպեսզի արդյունաբերողն աջակցի առողջապահական խնդիրների լուծմանը, տրամադրի բուժսպասարկման միջոցներ:

7. Առողջապահական ապահովագրություն տալ ազդակիր համայնքների բնակչությանը:

8. Հանքարդյունաբերական ձեռնարկությունների տարեկան շահույթի 10 տոկոսի չափով գումարը տրամադրել ազդակիր համայնքներին:

9. Բարձր ռիսկերի առկայության և համայնքի կայուն զարգացմանը չնպաստող միջավայրի ձևավորման դեպքում հանքարդյունաբերական ընկերության կողմից մշակել և իրականացնել գյուղի տեղափոխման ծրագիր:

10. Ընկերության կողմից տարեկան հաշվետվություն ներկայացնել համայնքում արված սոցիալական աջակցության, արդեն արված և նախատեսվող բնապահպանական աշխատանքների մասին:

11. Գնահատել հանքարդյունաբերական գործունեությունից համայնքի և առանձին բնակիչների կրած վնասները և փոխհատուցում տրամադրել:

12. Հանքարդյունաբերական բիզնեսի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասները չեզոքացնել հանքարդյունաբերական գործունեությանը զուգահեռ»,- մասնավորապես նշված է ԷկոԼուրի նամակում:

Աշխատանքային քննարկման արձանագրությանը կարելի է ծանոթանալ հետևելով հղումներին:

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրություն. մաս առաջին

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրություն. մաս երկրորդ

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

10:49 Նոյեմբեր 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news