Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին ուղղված շարունակական պահանջներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին ուղղված շարունակական պահանջներ

ԷկոԼուր

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն  շարունակում է պահանջել, որպեսզի  Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգերի բարեփոխման վերաբերյալ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունները պատասխանատվություն ստանձնեն ծրագրի համար: Այս նյութում ներկայացնում ենք Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի վերջին նամակագրությունը Կապան քաղաքի ջրամատակարարման խնդրի վերաբերյալ:

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար պարոն Մարկ Դեվիսի նամակը.

«Հարգելի պարոն Խալափյան,

Շնորհակալություն ձեր 2015թ. հոկտեմբերի 28-ի նամակի համար, որը վերաբերվում էր Կապանում իրականացվող ջրային համակարգի վերականգման աշխատանքներին` հայկական փոքր համայնքների ջրի նախագծի բանկի շրջանակներում: Մենք իրականացրեցինք նախնական ուսումնասիրություն` կապված ձեր նամակում բարձրացված կոնկրետ հարցերի հետ: Հուսով եմ, որ ներքոհիշյալ պարզաբանումները կպատասխանեն ձեզ հուզող հարցերին:  

ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորված նախագիծը` Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգերի բարեփոխման վերաբերյալ, կնքվել էր 2013թ. նոյեմբերին: Սահմանափակ ֆինանսական միջոցների (ընհանուր առմամբ 20 մլն.եվրո բաժանվել է մի քանի քաղաքների միջև) և բնակչության սահմանափակ հնարավորությունների` աճած ջրի սակագներին դիմակայելու պատճառով, ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորված նախագիծը կարողացավ անդրադառնալ ջրամատակարարման միայն խիստ առաջնահերթ խնդիրներին, որոնց մեջ ներառվում են հետևյալ բաղադրիչները.

  • Նոր Գեղիի ջրի մաքրման կայանի ֆիլտրի կառուցվածքի վերականգնման, տեխնոլոգիական խողովակների և փականների տեղադրման, լաբորատորիայի, քլորացման ֆաբրիկայի, ռեագենտների ստորաբաժանման վերանորոգման, ինչպես նաև նոր սարքավորումների տեղադրման աշխատանքներ:
  • Պոմպակայանի և ճնշման անկման նոր սարքի կառուցում, Բաղաբերդ 1 (2x500մ3),  Բաղաբերդ 2-ի (2x500 մ3) DRRs, ինչպես նաև Շինարարներ 1 և Շիանարարներ 2 (2xq1000 մ3)DRRs վերանորոգում:
  • 5 վերահսկողական միավորների և տեխնոլոգիական մասերի կառուցում:
  • 9 վերահսկողական միավորների վերականգնման աշխատանքներ:
  • 15,138 մ ջրատարի, 5,796 մ բաշխիչ ցանցի, 134 ջրաչափերի, 276 մ կոյուղացանցի կառուցում:
  • Փորված փոսերի ասֆալտե ծածկի վերականգնում:

Այս առաջնահերթ խնդիրները որոշվել են բանկի տեխնիկական գծով խորհրդականի կողմից` ջրօգտագործման ընկերության հետ համատեղ քննարկան միջոցով, ինչպես նաև վերանայելով տեղական համատեքստը: Շինարարական աշխատանքներն իրենց մեջ ներառում են փորման աշխատանքներ, և ինչպես հայտնի է, նման աշխատանքների ժամանակ ի հայտ են գալիս որոշ անհարմարություններ հասարակության համար (փորված առվափոսեր, վնասներ մայթերին և ճանապարհներին և այլն.), բայց դրանք ժամանակավոր բնույթ էին կրում  և ուղղվել են նախքան ծրագրի ավարտը, ջրօգտագործման ընկերությունը խնդիրների կառավարման գործում ունի բողոքարկման մեխանիզմ: Շինարարական աշխատանքների ժամանակ մեծ բանները հասարակությանը տեղեկատվություն տրամադրեց նախագծի, ֆինանսական հաստատությունների, կապալառուի մասին, ինչպես նաև Հայջրմուղկոյուղու, շինարարական կապալառուի և խորհրդատու ընկերության հետադարձ կապի տվյալները: Բաններները տեղադրվել են Կապան քաղաքի տարբեր հատվածներում` համայնքներին հնարավորություն տալով բարձրացնել իրենց բողոքները համակարգված գործընթացով: Ի լրումն, կապալառուի բոլոր մեքենաներն ունեին պիտակներ/կպչուն պիտակներ` հայջրմուղկոյուղու հետադարձ կապի տեղեկատվությամբ: Ասեմ ավելին, ընկերությունն ուներ շուջօրյա գործող թեժ գիծ 1-71 համարով, որտեղից մարդիկ կարող էին տեղեկատվություն ստանալ կամ բարձրաձայնել խնդիրների մասին: Շինարարական աշխատանքների ժամանակ Կապան քաղաքից չի արձանագրվել ոչ մի բողոք:

Հին ջրախողովակների հանման և նորի տեղադրման ընթացքում եղել են ջրամատակարարման ժամանակավոր և անխուսափելի խափանումներ: Շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես, նախքան ջրամատակարարումը սպառողներին հասցնելը, ստուգվել է ջրի որակը: Նախագիծը հնարավորություն տվեց ապահովել շուրջօրյա ջրամատակարարում, ցավոք, միայն որոշ հատվածների համար` սահմանափակ ֆինանսական միջոցների պատճառով (Ամբողջական տեղեկատվությունն առկա է եռամսյակային և տարեկան հաշվետվություններում հետևյալ կայքում` http://armwater.am/en/authorities.html): 

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի

ղեկավար պարոն Մարկ Դեվիս»:

 «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի  նախագահ Արշավիր Խալափյանի պատասխան նամակը:

«Հարգելի պարոն Դեվիս,

իմ գոհունակությունն եմ հայտնում Ձեզ ուղղված նամակին արագ արձագանքելու համար: Հարկ եմ համարում նշել նաև, որ 20.10.2015 թվականին «Էկոլուր» լրատվական կայքում տեղադրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության արձագանքը՝ ի պատասխան Կապանի ջրամատակարարման համակարգի վերաբերյալ Ձեզ ուղղված նամակին, որն իր բովանդակությամբ հիմնականում համընկնում է Ձեր ներկայացրած տվյալներին: Գտնում եմ, որ կարելի էր գոնե փորձել անկախ ուսումնասիրություն կատարել վեր հանված հիմնախնդիրների առնչությամբ և ոչ թե պարզունակ կերպով մեջբերել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության տրամադրած ոչ հավաստի տեղեկատությունը:

Վերահաստատելով իմ դիրքորոշումն առ այն, որ Ձեր նամակում ներկայացված

տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ կից ներկայացվող փաստաթղթերով Ձեզ եմ ներկայացնում մեր կողմից մատնանշվող տեղեկությունների ճշմարտացիության վերաբերյալ ապացույցներ: Հարկ եղած դեպքում պատրաստ եմ տրամադրել լրացուցիչ փաստեր և հիմնավորումներ ներքոնշյալ հիմնահարցերի վերաբերյալ:

1. Ներկայացված է սխալ տեղեկատվություն, իբր համայնքային հասարակական կազմակերպությունները հետաքրքրություն չեն ցուցաբերում կատարվող աշխատանքների վերաբերյալ: Իրականում ինչպես «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությանը, այնպես էլ Կապանի քաղաքապետարանին մենք պարբերաբար ուղղել ենք բազմաթիվ հարցումներ և բողոքներ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքների թերությունների վերաբերյալ: Ի պատասխան, ընկերությունն արձագանքել է մի արհամարհական երկտողով՝ առաջարկելով պահանջվող տեղեկատվությունը ստանալ տարբեր կայքերից: Կից ներկայացնում ենք մեր ուղարկած հարցման պատճենները և դրան տրված պատասխանները, որտեղից Դուք կարող եք հետևություն անել, որ պահանջվող տեղեկատվությունը նշված կայքերում բացակայում է:

2. Մենք բազմիցս դիմել ենք Կապանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Կապան համայնքի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության միջև կնքված ջրամատակարարման պայմանագրի պատճենը, սակայն համայնքի ղեավարությունը հրաժարվել է այն տրամադրել` պատճառաբանելով, որ դա «ոչ տիպային» պայմանագիր է և չի կարող տրամադրվել հանրությանը: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում այդպիսի պայմանագրի ձև: Մեր գնահատմամբ նշված պայմանագրի չտրամադրումը  պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերի հետ (տե՛ս կից

ներկայացվող գրությունները):

3. Ջրամատակարարման և շինարարության որակի հարցում կան էական շեղումներ (անօրակ խողովակաշարեր, աշխատանքների ոչ պրոֆեսիոնալ կազմակերպում և այլն), որոնց մասին հնչեցվել են բազմաթիվ բողոքներ հատկապես Կապանի քաղաքապետարանում կազմակերպված քննարկումների ժամանակ (տե՛ս կից ներկայացված տեսաձայնագրությունը): Աշխատանքների որակի հարցում բողոքով դիմել ենք նաև Ասիական զարգացման բանկին, որի ներկայացուցիչների հետ հաղորդակցությունը շարունակվում է:

4. Շատ մեծ խախտումներ են արձանագրվել ջրի որակի նկատմամբ: Կից ներկայացվող պաշտոնական փաստաթղթերից ինքներդ կարող եք տեղեկացվել Կապանի խմելու ջրի որակի ստանդարտներից 155-ից ավելի շեղումների մասին:

5. Ավելին, Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրի իրականացման ժամանակ չեն ապահովվել օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ օրենքով սահմանված ընթացակերգերը, ինչի հետևանքով խախտվել են ներպետական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված հանրային իրավունքի նորմերը (Օրհուսի կոնվենցիայի համաձայն՝ ազդակիր համայնքի բնակչության իրավունքները): Ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով (Օրհուսի կոնվենցիա, Կիևի արձանագրություն և այլն) շրջակա միջավայրի հարցերով որոշումների ընդունման գործընթացում ամենավաղ փուլից պետք է ապահովվի որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունը, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով հանրային քննարկումներ կազմակերպելու միջոցով: Օրենքի այս պարտադիր պահանջը կատարելապես խախտվել է: Մեր գնահատմամբ, հենց հանրության մասնակցության ձախողումն է հանգեցրել ծրագրի լիակատար ձախողմանը:

Աշխատանքների ցածր որակը և ոչ թափանցիկ գործելաոճը հիմք են տալիս ենթադրելու, որ գործընթացում կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր: Ցավոք, Ձեր նամակից մենք հետևություն ենք անում, որ ՎԶԵԲ-ը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում ազգային անվտանգության խնդիրներ առաջացնող հիմնահարցերի նկատմամբ, ինչպիսին է խմելու ջրի մատակարարման հարցը: Ձեզ հորդորում ենք պատշաճ մակարդակով գնահատել ծրագրի ընթացքը և արդյունքները:

Սույնով Ձեզ նաև հայտնում ենք, որ մենք հետևողական ենք լինելու՝ վեր հանված իրավախախտումները դատական և միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցում: Սույն ծրագրի իրականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել մեզ, սիրով կտրամադրենք հավաստի և փաստերով հիմնավորված տեղեկատվություն:

Կից Ձեզ եմ ուղարկում մեր կողմից վեր հանված խնդիրների հիմնավորվածությունն ապացուցող որոշ փաստաթղթեր՝ մեր հաղորդակցությունը Կապանի քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հետ, ինչպես նաև խմելու ջրի որակի վերաբերյալ պետական պատասխանատու մարմինների տրամադրած տվյալները: Նախագծում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ առավել ամբողջական պատկեր ստանալու համար Ձեզ ևս մեկ անգամ հորդորում ենք այցելել Կապան՝ հանդիպելու տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցչների հետ:

Հարգանքով՝

Արշավիր Խալափյան

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի  նախագահ»:

15:25 Դեկտեմբեր 22, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news