«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի բնապահպանը ADB-ին ուղղված նամակով պատասխանում է «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ին

«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի  բնապահպանը ADB-ին ուղղված նամակով  պատասխանում է  «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ին

ԷկոԼուր

«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի ( ՀԳՇՆ ՍՊԸ) բնապահպան Քրիստինե Սահակյանը նամակ է հղել Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանում մշտական առաքելության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լլորենսին` արձագանքելով Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նամակին: Հիշեցնենք, որ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն նամակով դիմել էր Ասիական զարգացման բանկին` նշելով, որ Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրի իրականացման ժամանակ չեն ապահովվել օրենքով սահմանված ընթացակերգերը, ինչի հետևանքով խախտվել են հանրային իրավունքի նորմերը:

ՀԳՇՆ ՍՊԸ-ի բնապահպանի պատասխան նամակում ասված է.

«Հարգելի պարոն Լլորենս,

Դիմում եմ Ձեզ Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի կողից Ձեզ ուղղված նամակում առկա անճշտություոնների հերքման նպատակով։ Նամակի մասին տեղեկացել ենք «Էկոլուր» ՀԿ-ի կայքում (19 նոյեմբերի, 2015թ.) տպագրված «Նամակ ADB-ին՝ Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիրը ձախողվել է» հոդվածից։

Որպես ծրագրի խորհրդատու ընկերության բնապահպան, ով անմիջական առնչություն ունի ծրագրի բնապահպանական պահանջների կատարման հետ, կարծում եմ, որ Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի կողմից ցուցաբերվել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ Ձեզ հասցեագրելով մի նամակ, որտեղ տեղեկատվությունը խեղաթյուրված է: Տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք մի կազմակերպության հետ, որն ընդհանրապես ծանոթ չէ Կապան քաղաքում ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ջրամատակարարման բարելավման աշխատանքներին։ Ստորև կանդրադառնամ ԱԶԲ ծրագրի իրականացմանն առնչվող այն իրավական խնդիրներին, որոնք բերված են Ձեզ ուղղված պարոն Ա. Խալափյանի նամակում:

Նախ սկսեմ նրանից, որ ծրագրի բնապահպանական հաշվետվությունը (ՇՄՊԿ) երկու լեզուներով տեղադրված է ՀՋԿ ինտերնետային կայքում (http://armwater.am/files/adb/armenian/EMP/VII.%20Syunik_EMP-arm/VII.%20Syunik%20EMP%203_Kapan%20arm.pdf (հայերեն տարբերակ) և http://www.armwater.am/files/adb/english/emp/VII.%20Syunik_EMP-eng/VII.%20Syunik%20EMP%203_english.pdf (անգլերեն տարբերակ)) և խորհուրդ կտայի ՀԿ-ի նախագահ պարոն Ա. Խալափյանին մանրամասն ծանոթանալ այդ փաստաթղթի հետ և ուշադրություն դարձնել հետևյալներին.

  1. այս փաստաթուղթը հաստատվել է 2014թ. մարտ ամսին, երբ դեռևս  ուժի մեջ էր  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (գործել է 1995թ. նոյեմբերից մինչ 2014թ. օգոստոս) և “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեությունների սահմանային չափերի մասին” ՀՀ կառավարության որոշումը (N-193, 30 Մարտի 1999);
  2. ծրագրով առաջարկվող վերականգնման աշխատանքներն ուղղված են Կապան քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերականգնմանը և չեն ներառում աշխատանքներ գլխամասային կառուցվածքներում;
  3. համաձայն “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեությունների սահմանային չափերի մասին” ՀՀ կառավարության որոշման (N193, 30 Մարտի 1999), ծրագիրը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության, քանի որ ջրատար խողովակաշարերի առավելագույն տրամագիծը կազմում է 225մմ  ( ենթակառույցների ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ենթակա ջրատար խողովակաշարեր և կոյուղու կոլեկտորներ` 300 մմ և ավել տրամագծով` տես ՀՀ կառավարության որոշումը N-193);
  4. անգամ եթե այս ծրագիրը փորձենք դատել նոր բարեփոխված օրենսդրության տեսանկյունից, ապա համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից) 14-րդ հոդվածի դրույթների, այն դարձյալ ենթակա չէ բնապահպանական փորձաքննության;
  5. ծրագիրը հետևում է ոչ միայն ՀՀ օրենսդրությանն, այլև ԱԶԲ Անվտանգության Մեխանիզմների Քաղաքականության Փաստաթուղթի և միջազգային կոնվենցիաներով/պայմանագրերով ամրագրված պահանջներին։

Ինչ վերաբերվում է հանրային իրազեկմանը, ապա ծրագրի բնապահպանական հարցերի վերաբերյալ քննարկումն անցկացվել է դեռևս ծրագրի նախագծային փուլում (24.10.2013), որից շուրջ 10 օր առաջ համապատասխան փաստաթուղթը էլեկտրոնային փոստով նախօրոք ուղարկվել էր Կապանի քաղաքապետարան: Բնապահպանական հարցերի քննարկմանը մասնակցել են նաև ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ (այդ թվում` նաև պարոն Խալափյանը) և ԶԼՄ-ներ: Առկա են լուսանկարներ և տեսաձայնագրություններ: Հանդիպումը լուսաբանվել է մարզային «Սոսի TV» հեռուստաընկերության կողմից:

ԱԶԲ ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր – լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրը միջազգային որակավորում ունեցող կազմակերպության կողմից ենթարկվել է բնապահպանական աուդիտի՝ ընդգծված դրական եզրակացությամբ։ Տարեկան վերստուգիչ առաքելության շրջանակներում ԱԶԲ-ի գլխավոր բնապահպանի այցերը մշտապես դրական արդյունքներ են գրանցել։ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում անց են կացվել բնապահպանական մոնիթորինգի այցեր և՛ խորհրդատու կազմակերպության, և՛ ծրագրի իրականացման գրասենյակի բնապահպանների կողմից։

Այս պարագայում պարզապես անիմաստ է խոսել այն մասին, որ Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ԱԶԲ ծրագրի իրականացման ժամանակ «․․․չեն ապահովվել օրենքով սահմանված ընթացակերգերը, ինչի հետևանքով խախտվել են ներպետական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված հանրային իրավունքի նորմերը»: Ծրագրի նախագծման փուլում, երբ Կապանի քաղաքապետարանում քննարկվում և ներկայացվում էին ծրագրի մանրամասները, ինչո՞ւ պարոն Խալափյանը` մասնակցելով այդ հանդիպմանը,  չբարձրացրեց այն հարցերը, որոնց վերաբերյալ դիմել է Ձեզ։ Ինչո՞ւ է պարոն Խալափյանը շահարկում այս հարցերը հիմա, երբ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, այլ ոչ թե ծրագրի նախագծման ընթացքում՝ մինչև նախագծի վերջնական հաստատումը, որի համար նա ուներ շուրջ 5 ամիս ժամանակ (ծրագրի ՇՄԿՊ-ն հաստատվել է 28.03.2014, իսկ նախագծի ներկայացումը շահագրգիռ կողմերին իրականացվել է 24.10.2013 ):

Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի կողմից մինչ օրս երբևէ որևէ հարցադրում չի ուղարկվել այն մասնագետներին, ովքեր անձամբ զբաղվել են այս ծրագրի բնապահպանական և տեխնկական հարցերով, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պարոն Խալափյանի այս քայլերը այլ ենթատեքստ են պարունակում և ուղղված չեն խնդրահարույց հարցերի բարձրացմանն ու իրավիճակի բարելավմանը։

Քրիստինե Սահակյան

ՀԳՇՆ ՍՊԸ, բնապահպան»:

Դեկտեմբեր 08, 2015 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր