Պե՞տք է արդյոք Հայաստանին ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց

Պե՞տք է արդյոք Հայաստանին ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց

ԷկոԼուր

Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման հարցն առաջացրել է հանրության մտահոգությունը: «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանի կարծիքով` ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցումը նոր մարտահրավեր է հասարակության համար. «Սեյսմիկ ռիսկերով, փոքր տարածքով Հայաստանի համար նոր ռադիոակտիվ օջախ ստեղծելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»:

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը», որով նախատեսում է ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցում և շահագործում` հետագայում ընդլայնման հնարավորությամբ: ՀԱԷԿ-ի բնականոն շահագործման ընթացքում պինդ ռադիոակտիվ թափոնների տարեկան առաջացման սպասվելիք քանակներն են. շատ ցածր ակտիվության` 0 մ3, ցածր ակտիվության`150 մ3, միջին ակտիվության` 3 մ3, բարձր ակտիվության` 1 մ3: Բարձր ակտիվության թափոնները պահվում են ռեակտորի շենքում, իսկ ցածր ակտիվության թափոնները` ատոմակայանի տարածքում` հատուկ սարքավորումների մեջ:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցին` որքանով է անհրաժեշտ ռադիոակտիվ թափոնների նոր գերեզմանոցի կառուցումը, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գծով տնօրեն Գերա Սևիկյանն ասաց. «Հայաստանն այսօրվա դրությամբ չունի այն քանակությամբ ռադիոակտիվ թափոններ: Այսօր տեխնոլոգիաները զարգանում են: Արդեն կան մեթոդներ, որ հենց տեղում կարելի է ոչնչացնել այդ թափոնները: Ես ընդհանրապես դեմ եմ Հայաստանում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցմանը: Ռուսաստանը մեզ առաջարկել է և աշխատած միջուկային վառելիքը, և ռադիոակտիվ թափոնները տեղափոխել իրենց մոտ, բայց դա դեռ ոչ պաշտոնական առաջարկ է»:

ԷկոԼուրի հարցին, թե ինչի հետ է Գերա Սևիկյանը կապում ՀԱԷԿ-ի հիմնական ռիսկերը, նա պատասխանեց. «Ամենավտանգավոր ռիսկն ատոմակայանից ռադիոակտիվ օդի կամ ռադիոակտիվ ջրերի դուրս գալն է: Այսքան տարիների ընթացքում ռադիացիայի հետ կապված որևէ վթար ատոմակայանում չի եղել: Ռեակտորի կորպուսի վիճակն ամեն տարի ստուգում ենք, և մինչ օրս ոչ մի դեֆեկտ չենք գրանցել: Մեզ մոտ ֆոն ընդհանրապես չկա, մոտ 100 անգամ ցածր է բարձր համարվող ֆոնից: Հիվանդություններն ատոմակայանի հետ կապ չունեն»:

Հարցին, թե արդյոք արտակարգ իրավիճակների համար նախատեսված են ապաստարաններ Մեծամորի և Արմավիրի բնակիչների համար, Սևիկյանը պատասխանեց. «Ապաստարաններ ունենք աշխատակիցների համար հենց ՀԱԷԿ-ում»:

Հաջորդ խնդիրը կապված է ՀԱԷԿ-ի համար ջրի դեֆիցիտի հետ: Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային աղբյուրները գերշահագործվում են: Այդ աղբյուրները մասնակիորեն սնուցում են Սևջուր գետը, որն իր հերթին ջուր է մատակարարում ՀԱԷԿ-ի համար: «Ատոմակայանի ռեակտորի հովացումը փակ ցիկլով է գնում, մենք ունենք դրա համար նախատեսված առանձին լողավազան: Ռեակտորի անվտանգության վրա Սևջուր գետի սակավաջրությունը չի ազդում, իսկ տուրբինի համար մենք ոչ թե Սևջուր գետից, այլ արտեզյան ավազանից ենք ջուր վերցնում: Նախատեսել ենք 11 հոր հորատել և ջուրը պոմպերով հասցնել ատոմակայան: 3 հոր արդեն հորատել ենք», - հայտնեց Գերա Սևիկյանը:

14:46 Մայիս 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news