ԷկոԼուր
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկում է քննարկում կազմակերպել Երեւանի գոտիավորման խնդիրը պարզաբանելու նպատակով։ Այս առաջարկի պատճառը, ըստ Անահիտ Բախշյանի, քաղաքապետարանի խտրական մոտեցումն է, երբ որոշ արտոնյալների թույլատրվում է կանաչ գոտիներում շինարարություն սկսել, իսկ մյուսներին մերժվում է օրինականացնել վաղուց կառուցված ինքնակամ շինությունները։ Ավագանու անդամը սույն թվականի հունիսի 6-ին նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին, որում մասնավորապես ասված է․ «Բակային տարածքների բարեկարգման կամ գոտիավորման նախագծերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները երբեմն որոշում են կայացնում քանդել քաղաքացիների ինքնակամ շինությունները կամ այդպես էլ չեն օրինականացնում տարիներ շարունակ նրանց ինքնակամ շինությունները: Սակայն նկատելի է, որ գործում են երկակի ստանդարտներ, մի դեպքում քանդում են կամ օրինականացման գործընթացը մերժվում է՝ տարածքների գոտիավորման նախագծերում փոփոխություններ կատարելու պատճառաբանությամբ, իսկ որոշ արտոնյալների՝ այդ նույն բակերի, կանաչ տարածքների հաշվին՝ թույլատրում ու օրինականացնում են ինքնակամ շինությունները: Դեպքերն ինձանից լավ գիտեք:
Արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում քաղաքացիների հանդեպ:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ պարզաբանել.
1. այժմ Երևանում իրականացվող բարեկարգման աշխատանքներն արդյո՞ք համապատասխանում են տվյալ վարչական շրջանի գլխավոր հատակագծին և նախատեսվա՞ծ են քաղաքաշինական գոտիավորման նախագծով,
2. ըստ տարիների՝ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Երևանի 2014-2017 թթ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսված վարչական շրջանների գոտիավորման նախագծերի մշակման ուղղությամբ,
3. ի՞նչ սկզբունքներից ելնելով են քանդվում կամ օրինականացվում ինքնակամ շինությունները, եթե գոտիավորման նախագծերը դեռ չկան և եթե կան, ապա քաղաքացիներն ինչո՞ւ նախապես չեն իրազեկվում հաստատված գոտիավորման նախագծերի մասին և իրենց հետ այդ ամենը չի համաձայնեցվում:
Քանի որ վերոնշյալ ոլորտում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով Երևանի ավագանուն վերագրված չեն ուղղակի և հստակ լիազորություններ, ապա վերոնշյալ քանդել-չքանդելու, օրինականացնելը թույլատրելու–չթույլատրելու խտրական մոտեցումներն անմիջապես կապվում է Ձեր անվան հետ, որն, իմ կարծիքով, հաճելի չէ Ձեզ: Առաջարկում եմ գոտիավորման խնդիրը պարզաբանելու նպատակով այս ամսին կազմակերպել քննարկում քաղաքապետարանի համապատասխան մասնագետների ու պաշտոնյաների հետ, որին կմասնակցեն նաև Երևանի ավագանու անդամներ: Առաջարկում եմ նաև ըստ վարչական շրջանների կայքում տեղադրել գոտիավորման հաստատված նախագծերը, որոնք հասանելի պետք է լինեն մեր քաղաքացիներին»։
Հունիս 10, 2014 at 15:23