Արսեն Հարությունյան. եթե եղանակն անձրևային չլինի, Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի կլինի

Արսեն Հարությունյան. եթե եղանակն անձրևային չլինի, Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի կլինի

ԷկոԼուր

«Սևանից ջուր վերցնելու չափերի մասին չեմ կարող ոչինչ ասել: Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, անխուսափելի կլինի Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը: Բայց մենք հույս ունենք, որ եղանակը բարենպաստ կլինի, «Հիդրոմետ» ծառայությունը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը, մարտը լինելու են բավականին անձրևաշատ, որոնց միջոցով հնարավոր կլինի լրացնել ջրային բացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:  

Արսեն Հարությունյանի համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր կա: Միայն Ախուրյանի ջրամբարում ջրային ռեսուրսի պակասը հասնում է 56 միլիոն խորանարդ մետրի:

 Հիշեցնենք, որ 2017 թ-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սևանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ: Մասնագետների խոսքերով, եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սևանա լիճ չենք ունենա: «Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: ... Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», - ԷկոԼուրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

2018 թ-ի փետրվարի 6-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

Լուսանկարը՝ armenpress.am

17:33 Փետրվար 06, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news