10 հարց Բնապահպանության նախարարությանը Deno Gold Mining Company ընկերության վերաբերյալ

10 հարց Բնապահպանության նախարարությանը Deno Gold Mining Company ընկերության վերաբերյալ

ԷկոԼուր

«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպությունը Բնապահպանության նախարարությանը 10 հարց է ուղարկել Կապանում գործունեություն ծավալող «Deno Gold Mining Company» ընկերության (ԴԳՄՔ) վերաբերյալ: Հարցերը հետեւյալն են.

1. «ԴԳՄՔ» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացվել են մեծաքանակ անտառածածկույթներ: Արդյոք պետական լիազոր մարմինների կողմից հաշվարկվա՞ծ են վնասները և «ԴԳՄՔ» ընկերության կողմից վերականգնվա՞ծ են այդ վնասները: 

2. «ԴԳՄՔ» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում կառուցվել են 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ և հարյուրավոր հարթակներ: Ճանապարհների և հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմվա՞ծ են եղել նախագծեր, և նախագծերը անցե՞լ են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: 

3. Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում ճանապարհների և հարթակների կառուցման աշխատանքների ընթացքում «ԴԳՄՔ» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքային ծրագրում նախատեսված հողի բերրի շերտը հանվե՞լ և հանձնվե՞լ է Կապան համայնքին:

4. ՀՀ բնապահպանության նախարարությունը ինչպե՞ս կմեկնաբանի 2007 թվականին Կապանի տարածաշրջանում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունը:

5. Մինչև 2002 թվականը Գեղանուշի պոչամբարը ունեցել է բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ: Դա նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2002 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Ի՞նչն է պատճառը, որ «ԴԳՄՔ» ընկերության կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարն այժմ չունի բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ:

6. «ԴԳՄՔ» ընկերությունն ունի՞ բնապահպանական անձնագրեր և վտանգավորության դասակարգ այլ թափոնների համար: 

7. «ԴԳՄՔ» ընկերությունն ունի՞ կառավարության որոշում` Թեջադին տեղամասի հատվածում Աճանան գետի բնական հունը շեղելու համար:

8. «ԴԳՄՔ» ընկերությունն Աճանան գետի շրջակայքում դատարկ ապարների կուտակման թույլտվություն ունի՞:

9.  2005 թվականին «ԴԳՄՔ» ընկերությունն ունե՞ր հանքարդյունահանման լիցենզիա:

10. «ԴԳՄՔ» ընկերությունն ունի բնապահպանական պլան:

Իր նամակում կազմակերպությունը նշում է, որ «Թաքնված գումարների և բաց հանքի» մոնիտորինգային ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է իրականացնում, որի նպատակն է բարձրացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Deno Gold Mining Company» ընկերության հարաբերությունների թափանցիկությունը` շեշտը դնելով էկոլոգիական և սոցիալ-տնտեսական քաղաքականության վրա:

Հունիս 19, 2013 at 10:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր