Բնապահպան ակտիվիստները Հիլլարի Քլինթոնին ներկայացրել են Թեղուտի խնդիրը եւ հանձնել Թեղուտի պետիցիան

Բնապահպան ակտիվիստները Հիլլարի Քլինթոնին ներկայացրել են Թեղուտի խնդիրը եւ հանձնել Թեղուտի պետիցիան

ԷկոԼուր

Հունիսի 4-ին ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպվեց համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությունը: Այդ մրցանակը շնորհվեց նաեւ  Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:

Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակով մեծարվում են այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնվեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մերի Խաչատրյանին եւ Ռուզաննա Գրիգորյանին:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Բնապահպան ակտիվիստները նրան են հանձնել Թեղուտի պետիցիան: Այս կապակցությամբ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիլլարի Քլինթոնը այսուհետ կկրի իր վրա Թեղուտի շքանշանը. Yeghia Trchkani Nersesian-ը նվիրաբերեց իր զնաչոկը նրան: Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէր Թեղուտի անտառների մասին, իրեն տվեցինք Թեղուտի պետիցիան` խոստացավ, որ կընթերցի ու կասի իր դիրքորոշումը: Թե' իրեն թե' Վահան Հովհաննիսյանին տվեցինք նաև Tehmine Yenoqyan-ի «Բնության հաշվեհարդար» առողջապահական ֆիլմը, որտեղ բավականին պատկերավոր ներկայացվում է հանքարդյունավերության ավերիչ ազդեցությունը սերունդների վրա: Վահան Հովհաննիսյանը ստորագրեց Թեղուտում հանքարդյունավերությունը դադարեցնելու պետիցիան: Ներկա էր նաև Լևոն Զուրաբյանը, ով ասեց, որ մենք միանում ենք հանքերի դեմ պայքարին: Բնապահպան ակտիվիտները առանձին հանդիպել են Քլինթոնի հետ ու խոսել Թեղուտի անտառների ջարդից ու շահագործումը անհապաղ դադարեցնելուց, ինչպես նաև երկրում սահմանադրական կարգ հաստատելու մասին: Նրան նույնպես տրվեց Թեղուտի պետիցիան, սպասում ենք նաև Քլինթոնի դիրքորոշմանը: Վալլե'քս բռնվի...

Ակտիվիստական բնապահպանական շարժմանը տրվեց խրախուսական մրցանակ, որը սակայն մենք մոռացանք ու թողեցինք դեսպանատանը»:

Մրցանակաբաշխության ժամանակ բնապահպան ակտիվիստները հանդես են եկել ելույթով: «Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,

 Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժման և բնապահպանական քաղաքացիական խմբերի անունից շնորհակալություն ենք հայտնում այս միջոցառմանը հրավիրելու և Հայաստանում քաղաքացիական պայքարին ուշադրություն դարձնելու համար: Այս մրցանակը և՛ խրախուսում է, և՛ մարտահրավեր է` շարունակելու մեր ամենօրյա պայքարը հանուն մեր իրավունքների պաշտպանության:

Հայաստանում քաղաքացիական ակտիվիստական խմբերը պայքարում են Հայաստանի Սահմանադրության, մեր հանրային սեփականության և ազգային հարստության պաշտպանության համար: Մեր առաջնային նպատակը ժողովրդավար պետության կերտումն է, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության հաստատումը: Մենք ցանկանում ենք ունենալ ինքնորոշված քաղաքացիների պետություն, որում յուրաքանչյուր ոք լիարժեք իրացնում է իր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` մասնակցում որոշումների կայացմանը, ապրում է առողջ, պաշտպանված և բարեկեցիկ շրջակա միջավայրում:

Մեր քաղաքացիական պայքարի համար մենք չենք ակնկալում Հայաստանի կամ որևէ այլ պետության կառավարության շնորհակալություն կամ մրցանակ, սակայն կուզենայինք, որ  Հայաստանի պետությունը հպարտանար իր օրինապահ քաղաքացիներով և նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Իսկական իրավապահն ու իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանությունը` այն չպետք է անօրինականություն կիրառի ՀՀ քաղաքացիների հանդեպ, այլ պաշտպանի նրանց սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը:

 Այս մրցանակն ընդունելը նաև մարտահրավեր է: Մենք պարտավոր ենք պահպանել ու ընդլայնել այս նվաճումները` որպես ինքնուրույն, ինքնակազմակերպվող, անկուսակցական, չհովանավորվող, հանրային և բարոյական պատասխանատվություն կրող քաղաքացիների նվաճումներ:

 Մենք վճռական ենք` շարունակելու մեր ջանքերը մեր ինքնուրույն ազգային պետության ամրապնդման ու զարգացման համար` հանուն Հայաստանում իրական ժողովրդավարության:

Հաշվի առնելով աշխարհում սոցիալական և բնապահպանական լուրջ մարտահրավերները և դրանցով պայմանավորված վերաիմաստավորումները` մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր ինքնակազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպիսիք են օրինակ Occupy շարժումները ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր:

 Մենք համոզված ենք, որ բոլոր երկրներում էլ ժողովրդավարության և սոցիալական արդարության համար պայքարը քաղաքացու ամենօրյա պայքար է:

Մեր երկիրը մեզ է հասել մեր ավագ սերունդների մեծ դժվարությունների գնով, և մենք այսօր կրկնակի պատասխանատվություն ունենք ապահովելու Հայաստանի կայուն զարգացումն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Մեր երկար ճանապարհի սկիզբը կլինի Թեղուտի փրկությունը:

 Մենք նաև հետևողական ու պահանջատեր ենք լինելու, որ Հայաստանին տրամադրվող միջազգային աջակցությունը լինի արդյունավետ և ծառայի հանրության գերակա շահին, այլ ոչ թե խեղաթյուրի դրանց բուն նպատակը կամ խոչընդոտի և թուլացնի մեր նորանկախ պետության հիմքերը:

Ցանկանում ենք բարի գալուստ մաղթել ԱՄՆ պետքարտուղար` մեծարգո տիկին Հիլարի Քլինթոնին: Հուսով ենք, որ նրա այցը կօգնի վերաձևակերպել նոր մոտեցումներ  մեր տարածաշրջանի համար և դրանց առանցքը կկազմեն մարդու համընդհանուր իրավունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը: Քաղաքացիական գիտակցությունը և անձի ու հանրության ինքնորոշումը կարող են դառնալ մեր տարածաշրջանի համար նոր և կենսունակ միավորող գաղափար:

Թող Մաշտոցի պուրակի շարժման, Թռչկանի ջրվեժի և մյուս հաջողությունները հիմնաքար դառնան Հայաստանում ավելի լայն և հզոր քաղաքացիական հասարակության կայացման համար: Օրենքը պետք է վեր լինի մասնավոր և օլիգարխիկ շահերից: Հայաստանի իրական ուժը նրա քաղաքացիներն են ու ինքնորոշված հանրությունը:

 Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիաներին և բոլոր հայերին ոտքի կանգնել սեփական իրավունքները պաշտպանելու համար և հասնել ՀՀ Սահմանադրության նորմերի գործնական իրագործմանը: Այս երկրի ապագան պատկանում է մեզ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս:

 Շնորհակալություն ուշադրության համար»:

Լուսանկարը` www.state.gov կայքի

Հունիս 05, 2012 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր