Կառավարության ներկայացուցիչ. «Նոր գայլերի ոհմակի միության նախագահը զանգեց, ասեց, որ մենք պաշտպանության կարիք չունենք» (Ֆոտո)

Կառավարության ներկայացուցիչ. «Նոր գայլերի ոհմակի միության նախագահը զանգեց, ասեց, որ մենք պաշտպանության կարիք չունենք» (Ֆոտո)

ԷկոԼուր

Հոկտեմբերի 22-ին կենդանապաշտպանները ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրեցին` ուղղված գայլերի սպանդի դեմ:

«Գայլը բնության և մարդու անբաժան մասնիկն է», «Գայլը առողջ բնության երաշխիքն է», «Փրկենք գայլերին» կոչերով ակտիվիստ-կենդանապաշտպանները հորդորում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերանայել կառավարության որոշումը՝ կապված գայլերի ոչնչացման հետ:

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում ընդունեց 20 միլիոն դրամ հատկացնել ՀՀ պետական բյուջեից 200 գայլ սպանելու համար:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք վաղուց նամակ են հանձնել վարչապետին՝ կապված խնդրի լուծման հետ, սակայն ոչ մի պատասխան:

Ակցիային հետեւում էր ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

ԷկոԼուր.

- Բնապահպաները պահանջում են, որպեսզի կառավարությունը վերանայի իր որոշումը և գայլերին սպանելու փոխարեն միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի գայլերը վերադառնան իրենց բնական կենսամիջավայր:

Ալեքսանդր Ղազարյան.

- Նոր գայլերի ոհմակի միության նախագահը զանգեց, ասեց, որ մենք պաշտպանության կարիք չունենք, մենք կարողանում ենք մեզ պաշտպանել:

ԷկոԼուր.

- Դա կատակ, իսկ լո՞ւրջ:

Ալեքսանդր Ղազարյան.

- Լուրջ ի՞նչ:  Ի՞նչ է նշանակում գայլերի պաշտպանություն, Դուք դրան լո՞ւրջ եք վերաբերվում: Գայլերը հարձակվում են բնակավայրերի վրա:

ԷկոԼուր.

- Կոնկրետ առաջարկություններ կան, չե՞ք ուզում մոտենալ և լսել իրենց:

Ալեքսանդր Ղազարյան.

- Դուք ասեք:

ԷկոԼուր.

- Հնարավոր չէ՞ գայլերի սպանդի փոխարեն այլ միջոցառումներ իրականացնել, որպեսզի գայլերն իրենց կենսամիջավայրում սնվեն իրենց բնական կերով:

Ալեքսանդր Ղազարյան.

- Կազմակերպեք, ինքներդ կազմակերպեք:

ԷկոԼուր. Իսկ կառավարությունը ի՞նչ անի…

Մանրամասները՝ տեսանյութում:



Հոկտեմբեր 23, 2014 at 15:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր