

ԷկոԼուր
Արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությունը`Ամուլսարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնել Ջերմուկում, ունի օրինական ուժ, թե՞ ոչ, ահա թե ինչումն է հարցը:
Բնապահպանության նախարարությունը Ջերմուկը չի ներառել Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ: Այս մասին մայիսի 31-ի քննարկման ժամանակ հայտարարեց «Գեոթիմ» ընկերության գլխավոր էկոլոգ Արմեն Ստեփանյանը: Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագծի ռիսկերը ջրային ռեսուրսների համար թեմայով քննարկումը կազմակերպել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:
Արմեն Ստեփանյանը ներկայացրեց Ամուլսարի նախագիծը եւ նշեց, որ «Գեոթիմ» ընկերությունը կազմակերպել է երկու պաշտոնական հանրային քննարկում 2012թ. մարտի 12-ին եւ 30-ին Սարավան եւ Գորայք գյուղերում` նախապես հրապարակայնորեն տեղեկացնելով այդ մասին: Նրա խոսքերով` ազդակիր համայնքները որոշելը Բնապահպանության նախարարության իրավասության ներքո է, որը Ջերմուկը չի ներառել որպես ազդակիր համայնք:
«ԷկոԼուր»-ը հարցրեց. «Նախարարը հանձնարարեց Ջերմուկ համայնքում անցկացնել հասարակական լսումներ: Իրավաբանորեն դա պե՞տք է համարել հասարակական լսումներ, որի արձանագրությունը պետք է մտնի այդ փաստաթղթերի մեջ, թե՞ այդպես չպիտի լինի: 2011թ. նոյելբերի 28-ին Ջերմուկում անցկացվեց հանրային քննարկում: Դա հանրային քննարկո՞ւմ է, որ արձանագրություն չունի, թե՞ ունի, խնդրում եմ իրավաբանորեն մեկնաբանեք»:
«Գեոթիմ» ընկերության իրավաբան Ա. Մելքոմյան. «Առաջին հարցի կապակցությամբ: Դա, ինչպես դուք գիտեք, համարվել է որպես հանրային քննարկում: Որպես այդպիսին օրենքով նման իրավասություն որեւէ ձեւով տրված չէ նախարարությանը: Այսինքն կա, նորից եմ կրկնում պրոցես, որը ներկյացված է հետեւյալ ձեւով, ներկայացվում են փաստաթղթեր նախագծի վերաբերյալ, այնուհետեւ դա անցնում է հանրային քննարկումներ, հետո 70 օրվա ընթացում դրա վերաբերյալ տրվում է մասնագիտական կարծիք, այնուհետեւ նույն մասնագիտական եզրակացություններն անցնում են հանրության քննարկմանը, այնուհետեւ նախարարությունն այդ փաստաթղթերի` հանրային լսումների արձանգրությունների եւ մասնագիտական եզրակացությունների հիման վրա կայացնում է որոշում` փորձաքննական եզրակացություն տալու մասին: Դա 11-րդ հոդվածի առաջին կետն է` Շրջակա միջավայրի մասին, փորձաքննության օրենքի: Պրոցեսը դա է, եւ նախարարության կողմից նման քննարկում կազմակերպելը, որպես այդպիսին, որեւէ օրենքով նախատեսված չէ: Այդ իրավասությունը որպես այդպիսին ամրագրված չէ օրենքով այդ պրոցեսում»:
«ԷկոԼուր»-ը դիմում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին.
Պարոն նախարար`
- ի՞նչ իրավական հիմք ունի 2012թ. ապրիլի 18-ի Ձեր հանձնարարականը` Ամուլսարի նախագծի վերաբերյալ Ջերմուկում հասարակական լսումներ անցկացնելու մասին
- արդյոք կարծո՞ւմ եք, որ Ջերմուկը պետք է պաշտոնապես ճանաչվի Ամուլսարի նախագծի ազդեցության գոտի
- շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված Ամուլսարի նախագծի փաստաթղթերի մեջ կներառվե՞ն Ձեր հանձնարարությամբ ստեղծված բոլոր արձանագրությունները եւ փորձագիտական գնահատականները: Հիշեցնենք, որ դրանք երեքն էին`
- Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի եզրակացություն
- Ջերմուկ քաղաքում անցկացվելիք հասարակական լսումների արձանագրություն
- անկախ փորձագիտական գնահատականներ:
Հունիս 04, 2012 at 14:21
