Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՔաղաքներ

Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների բաց նամակը Տարոն Մարգարյանին

Nalbandyan 106/1 Residents’ Open Letter to Taron Margaryan
13:07 Փետրվար 07, 2012

ԷկոԼուր


Թումանյան,
Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանին` դեմ արտահայտվելով իրենց բակում «Ավագ Շին» ընկերության կողմից բազմահարկ շենքի կառուցմանը:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Թումանյան, Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից

Հարգելի պարոն քաղաքապետ,

2010 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածք ձեռք բերող է սահմանվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն:

Նույն որոշման հիմնավորման 1ա. կետում նշվում է, որ քաղաքի հիշյալ հատվածում պետք է կառուցվեն «բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի»:

Վերոհիշյալ որոշումն ընդունվել է՝ խախտելով 2005թ. նոյեմբերի 15-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ ենթակետը, համաձայն որի՝ «պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»:

Մեր ստացած բոլոր պաշտոնական փաստաթղթերից և մասնագետների գնահատականներից դատելով` կարելի է եզրակացնել, որ նշված տարածքում բնակելի շենքերի կառուցումը շրջակա շենքերի բնակիչներին կկանգնեցնի աղետալի վիճակի առջև

1. Առկա է սեյսմիկ վտանգ, քանի որ համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (09.09.2011-ի N7/153/1743-1) գրություն` մեր շենքերը սեյսմիկ առումով խոցելի են, և ցանկացած տիպի շինարարությունից առաջ անհրաժեշտ է նախ ամրապնդել շրջակա շենքերի հիմքերը, ինչը չի իրականացվել:

2. Էլիտար շենքերի շինարարությունը շրջակա շենքերի բնակիչներին կկանգնեցնի բնապահպանական մի շարք խնդիրների առաջ: Առկա ծառերի տեղափոխումը տարածքի միկրոկլիման կդարձնի էլ ավելի չորային, իսկ դրանց փոշեկլանիչ ազդեցության բացակայության պայմաններում շինարարական աղբը և փոշին առողջական վտանգի կենթարկեն մեզ և մեր երեխաներին:

3. Նույնիսկ կանաչ գոտու մասնակի վերստեղծումը 50-60 տարի հետո չի ապահովելու այսօր ներբակային ընդհանուր տարածքում առկա բնական միջավայրը:

4. Որևէ մեկը պարտավորություն չի ստանձնել փոխհատուցելու շրջակա շենքերի բնակիչներիս` շինարարության արդյունքում մեր ներբակային տարածքում լուսային, բնապահպանական, բնակ.խտության և աղմուկի ավելացման հետևանքով շրջակա շենքերի բնակարանների գնային անկման դիմաց:

Վերոհիշյալ հստակ ձևակերպված կետերի հիման վրա կարելի է փաստել, որ տարածքի «բարեկարգումը» «բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղիի» կառուցման հաշվին, չի բխում ոչ մեր առողջական, ոչ էլ բարեկեցության շահերից:

Ելնելով վերոգրյալից` մենք դեմ ենք Նալբանդյան 106/1-ի տարածքում [կառուցապատմանը], ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 33 կետի երկրորդ ենթակետով ամրագրված մեր իրավունքից, ըստ որի «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում»:

Սա ակնհայտ մի դեպք է, երբ հանրությունը, ի հակադրություն կառավարության վերոհիշյալ որոշման, որն իբր ուղղված է իր` հանրության բարօրությանը, ցույց է տալիս, թե որն է իր համար իրական բացառիկ գերակա շահը:

Մեզ՝ որպես նշված տարածքի բնակիչների ընդհանուր զանգվածի մեծամասնության համար բացառիկ է մեր և մեր երեխաների առողջության, առողջ կենսամիջավայրի պահպանության և սեյսմիկ անվտանգության շահը, որից ելնելով անթույլատրելի ենք համարում նշված տարածքի ծանրաբեռնումը նոր բնակելի շինություններով` ի հաշիվ առկա կանաչ գոտու և տարածքի բնակչության խտացումը:

Մենք հավատքով ենք լցված Ձեր հանդեպ: Մենք լիահույս ենք, որ լինելով երիտասարդ քաղաքապետ և վաստակավոր հոր արժանի ժառանգ՝ Դուք կարող եք մեկ վճռական քայլով մեկընդմիշտ լուծել այս խնդիրը, ինչը, անկասկած, բարձր կգնահատվի ողջ հանրության կողմից: Այս պահից սկսած` այս հարցում մեր բոլոր ակնկալիքները և անհաջողության դեպքում` հիասթափությունները մենք կապում ենք Ձեր անվան հետ:

Հարգանքով և վստահությամբ`
Թումանյան, Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներ
06.02.2012»:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA