Հասարակությունը ցույց կտա «պատասխանատու հանքարդյունաբերություն» անվան տակ քողարկված անպատասխանատու հանքարդյունաբերության իրական պատկերը

Հասարակությունը ցույց կտա   «պատասխանատու հանքարդյունաբերություն» անվան տակ քողարկված անպատասխանատու հանքարդյունաբերության իրական պատկերը

ԷկոԼուր

Մարտի 25-ին ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ Երևանի Մարիոթ հյուրանոցում անցկացնելու է «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը: Այս գիտաժողովին զուգահեռ հասարակությունը կանցկացնի  «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային գիտաժողովը:

«Վաղը՝ Մարիոթ հյուրանոցի մոտակայքում, մենք կազմակերպելու ենք այլընտրանքային համաժողով, որը կոչվում է «Անպատասխանատու հանքարդյունաբերություն»՝  ի պատասխան Մարիոթում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովին։ Մենք ներկայացնելու ենք մեր բողոքը կազմակերպիչներին  և բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնց մասին,  կարծում ենք,  համաժողովի ժամանակ չի խոսվելու և, առհասարակ,  կազմակերպիչներին ձեռնտու չէ խոսել այդ խնդիրների մասին: Մենք խոսելու ենք իրական խնդիրների և անպատասխանատու մասնավոր ընկերությունների մասին, որոնք իրենց Մարիոթի ներսում ներկայացնելու են որպես պատասխանատու ընկերություններ»,- ասաց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 «Պատասխանատու հանքարդյունաբերությունն իրականում իրենից ներկայացնում է օրենսդրական կարգավորումների ստեղծում, որի մասին իրենց կազմակերպած համաժողովի օրակարգում նշված չկա: Դա գովազդի նպատակով օգտագործված տերմին է»,- ասաց  «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Աննա Շահնազարյանը:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամները կոչ արեցին ոստիկանությանը՝ ապահովել իրենց այլընտրանքային համաժողովի անխափան անցկացումը: 

«Վերջին տարիներին զարգացող բնապահպանական շարժումը  բերել է հանրության էկոմակարդակի և իրազեկման մակարդակի բարձրացման և սկսել է խնդիրներ առաջացնել Հայաստանի ընդերքի թալանը կազմակերպողների համար: Այդ իսկ պատճառով իրենք տարբեր տերմիններով և համաժողովներով պիտի սկսեն արդարացնել իրենց գործունեությունը Հայաստանում։ Իրական դաշտ վերադառնալու համար մենք կոչ ենք անում համաժողովի մասնակից փորձագետներին, որպեսզի իրենք փորձեն այս համաժողովի ընթացքում ներկայացնել ոչ միայն միջազգային փորձը, այլ, իմանալով Հայաստանի իրական պատկերը, հասկանան՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում հանքարդյունաբերությունը շարունակել այս տեմպերով»,- ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանից  հետ չի մնում նաև Արցախը:

ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը ներկաներին հայտնեց, որ Հայաստանի հանքերում գտնվող օգտակար հանածոների բավականին մեծ քանակ հայտնվում է պոչամբարներում, որտեղ դրանք վերածվում են թունավոր տարրերի: «Այսօրվա դրությամբ Հայաստանում կան երկու տասնյակից ավելի պոչամբարներ, որտեղ կուտակված են ծանր և թունավոր մետաղներով լեցուն հանքաքարեր: Եթե այդ ծանր մետաղները և թունավոր տարրերը կորզվում են ամբողջությամբ, մնացած պոչանքները դառնում են անվտանգ, իսկ եթե չեն կորզվում և մնում են պոչամբարներում, դառնում են թունավոր,- նշեց Հրաչյա Ավագյանը, օրինակ բերելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը,-  այս հանքավայրում 1951 – 2013 թթ. պոչամբարներ թափված օգտակար տարրերի արժեքը կազմում է 11.6 միլիարդ դոլար»:

Ինչ վերաբերում է այդ ծանր և թունավոր մետաղներից բնակչությանը հասցված վնասներին, գիտնականն ասաց. «Բժիշկներն ապացուցել են՝ ծանր մետաղները՝ անցնելով մարդկանց կամ կենդանիների օրգանիզմի մեջ, առաջացնում են սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ: Այդ իսկ պատճառով այսօրվա դրությամբ և Քաջարան քաղաքի, և Կապան քաղաքի, և շրջակա գյուղերի բնակիչները տառապում են նման հիվանդություններով»:

Մանրամասները՝ տեսանյութում:



Մարտ 24, 2014 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր