20 օր առանց խմելու ջրի. Վերին Շենգավիթի բնակիչների համբերության բաժակը լցվել է

20 օր առանց խմելու ջրի. Վերին Շենգավիթի բնակիչների համբերության բաժակը լցվել է

ԷկոԼուր

Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 11 փողոցի տներն արդեն 20 օր ջրազրկված են: Օգոստոսյան տապին առանց ջուր մնացած շենգավիթցիների համբերության բաժակը լցվել է։ Սեպտեմբերի 1-ին նրանք եկել էին Երևանի քաղաքապետարան՝ արտահայտելու իրենց բողոքը:

«Օգոստոսի 14-ից ջուր չունենք: Առանց մեզ տեղեկացնելու անջատել են գծերը: Զանգ է եղել, որ 24 ժամ ջրանջատում կլինի, բայց արդեն անցել է 20 օր: Ստեղծվել են հակահիգիենիկ պայմաններ, որի պատասխանատուն «Երևան Ջուր» ՓԲԸ-ն է», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Վերին Շենգավիթի բնակիչ Անահիտ Խրոյանը:

Ըստ բնակիչների՝ խմելու ջրից զրկված է ավելի քան 300 բնակիչ:

Բնակիչները պատմում էին, որ երբ Մանթաշյանում շինարարություն արեցին և անցկացրեցին նոր ջրագիծ, հինը շարքից հանեցին՝ պատճառաբանելով, որ հին է, իսկ այդ նոր ջրագծին չմիացրեցին իրենց խողովակները։ Այժմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն բնակիչներին պարտադրում է տեղադրել իրենց ջրաչափերը տներից 200 մետր հեռավորության վրա, ինչին բնակիչները դեմ են:

«Դա շատ անմիտ առաջարկ է, քանի որ ջրագիծն անցնում է ուրիշի սեփական տարածքներով, և մենք ընդհանրապես դա վերահսկել չենք կարող, - ասաց Անահիտ Խրոյանը, - ես գիտեմ, որ մեր երկրի օրենքներով իրավունք չունեն անջատելու խմելու ջուրը: Ինչպե՞ս կարող է մասնավոր ընկերության որոշումն ավելի բարձր լինել, քան երկրի օրենքը»:

«Վճարը չենք ուշացրել, միշտ ժամանակին վճարել ենք: Ի՞նչ իրավունք ունեն ջուրը կտրել, չէ որ տունը հիվանդ կա, ծեր կա, երեխա կա: Թող նոր ջրագիծ քաշեին, նոր կտրեին», - իրենց բողոքն էին արտահայտում բնակիչները:

«Իրենք ասում են՝ դա լևի գիծ է, բայց մենք՝ բոլորս , օրինական բաժանորդներ ենք>, - ասաց բնակիչ Լյուդվիգ Ասլանյանը:

Ըստ բնակիչների՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն բնակիչներին ջրագիծ անցկացնելու համար առաջարկել է գնել խողովակները, սակայն հիմա նաև պնդում է, որ մնացած բոլոր դետալներն էլ պետք է գնեն բնակիչները:

«Մենք գնենք, իրենք միայն գան փորեն, և այդ ամբողջը նստի իրենց հաշվեկշռի վրա…միայն խողովակները կգնենք, մնացածը համաձայն չենք․․․ Մենք պայմանագիր ունենք «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հետ: Մենք պարտավոր չենք բոլոր ծախսերը հոգալ: 2007 թ-ից ջրագծի անցկացման հարցը բարձրացված է: Ասել էին, որ 2008 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ կներառեն այդ հարցը նախագծի մեջ», - վրդովվում էին բնակիչները:

Նոր ջրագիծ անցկացնելու համար, ըստ բնակիչների, անհրաժեշտ է 7 միլիոն 295 հազար դրամ:

Քաղաքացիների պահանջը քաղաքապետարանից մեկն է, որպեսզի իրենց փողոցում կառուցեն ջրագիծ:

Խնդրի վերաբերյալ բնակիչները պետք է հանդիպեին Երևանի քաղաքապետարանի Կոմունալ բաժնի պետի հետ: Սակայն նրանց դիմավորեց Համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ  Զեյնալյանը: Վերջինս լսեց բնակիչների բողոքը և խոստացավ սեպտեմբերի 2-ին խնդրի վերաբերյալ խորհրդակցության համար քաղաքապետարան հրավիրել բնակիչներից Լյուդվիգ Ասլանյանին:

Ընդհանուր առմամբ, բնակիչները դժգոհ էին Վ. Զեյնալյանի հետ հանդիպումից: Սակայն պատրաստ են սպասել ևս մեկ օր:

«Եթե ընդհանուր համաձայնության չգանք՝ ջրագիծը կպայթացնենք, կկազմակերպենք ակցիա նախագահի նստավայրի մոտ, կդիմենք նաև դատարան: Թող «Երևան Ջուր» ՓԲԸ-ն գա և դատարանում պատասխան տա», - ասում էին բնակիչները:

Սեպտեմբեր 01, 2014 at 20:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր