ԹԵԺ ԳԻԾ › Լեռնահանքային արդյունաբերություն ›
Ո՞վ է գնահատելու Հայաստանում 15 գործող պոչամբարների, 400 շահագործվող հանքերի եւ միլիոնավոր տոննաների հասնող թունավոր լցակույտերի սեյսմիկ խոցելությունը

ԷկոԼուր
Հայաստանում 15 գործող պոչամբար կա, 400 շահագործվող հանք, որոնցից 22-ը մետաղական են: Հանքերի շահագործման ընթացքում գոյանում են միլիոնավոր տոննաների հասնող լցակույտեր, որոնք արդյունաբերական թափոններ են: Երկրաշարժի դեպքում այդ բոլոր վտանգավոր օբյեկտները լուրջ ռիսկեր են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Մինչդեռ այդ ռիսկերից եւ ոչ մեկը գնահատված չէ, չնայած ՀՀ կառավարությունն ընդունում է, որ ներկայումս Կովկասում և Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) ցանկացած պահի հնարավոր է ուժեղ երկրաշարժ։Այդ պատճառով կառավարությունը հաստատեց Երեւանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը:
Ուժեղ երկրաշարժի դեպքում այդ վտանգավոր օբյեկտները կարող են վնասվել, իսկ պոչամբարները հիմնականում գտնվում են բնակավայրերի, արոտավայրերի, ջրային աղբյուրների մոտ եւ կարող են անդառնալի վնաս հասցնել եւ մարդկանց, եւ բնությանը:
Հարց `
- Ո՞վ է գնահատելու Հայաստանում 15 գործող պոչամբարների, 400 շահագործվող հանքերի եւ միլիոնավոր տոննաների հասնող թունավոր լցակույտերի սեյսմիկ խոցելությունը
- Ինչքանո՞վ է ապահովված այդ օբյեկտների սեյսմիկ անվտանգությունը
- Արդյոք նոր հանքավայրերի շահագործման նախագծերում (օրինակ` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծեր) կամ հանքարդյունաբերության ծավալների ընդլայնման ծրագրերում (օրինակ` Սոտքի ոսկու հանքավայր, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Շահումյանի ոսկու հանքավայր) ներկայացվա՞ծ է սեյսմիկ խոցելիության գնահատումը:
«ԷկոԼուր»-ն այս հարցերը փետրվարի 22-ին նամակով ուղղեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը