ՀՀԿ-ն խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին կաջակցի դառնալ վարչապետ

ՀՀԿ-ն խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին կաջակցի դառնալ վարչապետ

ԷկոԼուր

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 2-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է.

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:
Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:
Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.
* Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
* Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
* Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
* Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:

Հիշեցնենք որ մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ հարաբերակցությամբ չընտրեց վարչապետ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով ժողովրդի կողմից առաջադրված և միակ վարչապետի թեկնածուն էր: Դեմ էր քվեարկել ՀՀԿ խմբակցությունը: Մայիսի 2-ին մեծ թափով վերսկսեցին քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ փակվեցին Երևանի և մարզերի կարևորագույն նշանակության փողոցներ, կաթվածահար եղավ երթևեկությունը, շրջափակվեցին պետական կառույցներ, չաշխատեցին պետական և մասնավոր կառույցները, որին հետևեց ՀՀԿ-ի վերոնշյալ հայտարարությունը:

Մայիս 02, 2018 at 20:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր