ԷկոԼուր
Սույն թվականի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 35 դրամից հասնելով 45 դրամ։ Այս մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է ՀՀ Ազգային ժողովում ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար հիմք հանդիսացող գործոնները, որոնցից մեկը Արարատյան դաշտում ջրի պակասն է, մասնավորապես Սեւ ջուր գետի ցամաքելը, ինչի արդյունքում Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն է առաջանում։ Հանձնաժողովի կողմից ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար հիմք հանդիսացող բոլոր գործոնները հետեւյալն են․ «Վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագների 3,8-4,3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն) ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Ֆինանսական ճեղքվածքի առաջացումն ըստ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների հետևյալն է՝
մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)
№ |
Ընկերության անվանումը |
Անհրաժեշտ հասույթի ավելացում կամ լրացուցիչ անհրաժեշտ գումար |
1 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ |
6,8 |
2 |
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ |
2,0 |
3 |
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ |
0,7 |
4 |
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ |
7,2 |
5 |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ |
2,0 |
6 |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ |
1,1 |
7 |
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն», «ՀրազՋԷԿ» և այլ ընկերություններ |
0,5 |
|
Ընդամենը |
20,3 |
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.
- 2013-2014թթ. ընթացքում՝
ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով և սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա,
բ) ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:
Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով,
- ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 1,1 մլրդ դրամով,
- շահագործման ու պահպանման ծախսերի և այլ գործոնների փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,3 մլրդ դրամ:
2. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հաղորդման ցանցերում վերականգնման և վերազինման, ինչպես նաև միջպետական էլեկտրահաղորդման գծերի (այդ թվում՝ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի) կառուցման համար ներգրավված արտոնյալ վարկային միջոցների մարման և սպասարկման հետ կապված ծախսերի ավելացմամբ՝ համաձայն վարկային համաձայնագրերի ժամանակացույցի:
3. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.
- ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 4.4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով,
այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 0,6 մլրդ դրամով,
- շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,1 մլրդ դրամ:
4. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.
- վերանայվող սակագնի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված վարկի մարման արտոնյալ ժամկետը և սկսվում են մայր գումարի ու տոկոսագումարի մարումները, որի արդյունքում ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 2,9 մլրդ դրամով,
- համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումներն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել թվով 3 կապիտալ բնույթի նորոգումներ, որոնցից ամենածավալուն և մեծ գումար պահանջող նորոգումը նախատեսված է 2014 թվականին. ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի աճը կազմում է 3,9 մլրդ դրամ,
- շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,4 մլրդ դրամ:
5. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է շահագործման և պահպանման ծախսերի, այդ թվում՝ կայանի շահագործման անվտանգության բարձրացման, աշխատած վառելիքի պահպանմանն ուղղվող ծախսերի ավելացման, ինչպես նաև կայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
6. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների կողմից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներն իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 1.1 մլրդ դրամ, քանի որ նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն` յուրաքանչյուր տարի իրականացվում է սղաճով և արտարժույթի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների ճշգրտում:
7. Այլ ընկերություններ
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» և էլեկտրաէներգետիկական համակարգի այլ ընկերություններում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ծախսերի ճշգրտում և գնաճով պայմանավորված շահագործման և պահպանման ծախսերի ավելացում, որոնց գումարային մեծությունը գնահատվում է շուրջ 0.5 մլրդ դրամ:
Միաժամանակ հայտնում ենք, որ սակագների վերանայման հետ կապված աշխատանքները լիցենզավորված անձանց հետ շարունակվում են՝ 2014-2015թթ. հաշվարկային ժամանակահատվածի համար անհրաժեշտ ծախսային հոդվածների և պարտավորությունների վերջնական ճշգրտման ուղղությամբ»:
Հունիս 10, 2014 at 15:50