Հայաստանի ոսկու արդյունահանման խնդիրները ստվեր են գցում ՎԶԵԲ-ի նոր ֆինանսավորման վրա

Հայաստանի ոսկու արդյունահանման խնդիրները ստվեր են գցում ՎԶԵԲ-ի նոր ֆինանսավորման վրա

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր, Bankwatch Mail/Մայիս 10, 2013

Հայաստանում բնապահպանական հանրության ուշադրությունը վերջերս կենտրոնացած է «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի շուրջ ընթացող իրադարձությունների վրա: Ընկերությունը պայքարում է  ոսկու հանքի աշխատողների հեռացման պատճառով Կապան քաղաքում աճող լարվածության դեմ, որը զուգորդվել է Գեղանուշի պոչամբարի վթարների հետ: Հակասությունները գնալով սրվում են, քանի որ ընկերությունը սպասում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (EBRD) նոր վարկի հատկացմանը:

«Deno Gold Mining Company» պատկանում է կանադական «Dundee Precious Metals» ընկերությանը: «Dundee Precious Metals» ընկերությունը EBRD-ի երկարաժամկետ հաճախորդn է, իսկ ակտիվիստներին հետաքրքրում է՝ EBRD-ն ինչպես է կարող ֆինանսավորման նոր գործընթացին ընթացք տալ՝ հաշվի առնելով ընկերության՝ լավագույն չափանիշների կիրառման պարտավորության ձախողումը Հայաստանում, որը վերաբերվում է ինչպես տեխնիկական չափանիշներին, որոնք անհրաժեշտ են պոչամբարի բացասական ազդեցության համարժեք մեղմացման ապահովման համար, այնպես էլ «բովանդակալից խորհրդակցություն» անցկացնելու և ժողովրդականացման խթանումն ապահովող չափանիշների համար:

«Deno Gold Mining Company»-ն շահագործում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը, որը գտնվում է Կապանի վարչական տարածքում և հանքանյութը մշակում է վերամշակման գործարանում: Արդյունաբերական թափոնները կուտակվում են Գեղանուշ գյուղի տարածքում գտնվող պոչամբարում, որը երեք կիլոմետր է հեռու Կապանից: Գեղանուշի պոչամբարը կառուցվել է EBRD-ի 4,5 միլիոն դոլար արժողությամբ  վարկային ֆինանսավորման շնորհիվ և բացվել է 2008թ.:

Դժբախտաբար, Գեղանուշի պոչամբարը կառուցվել է թերություններով: Փորձաքննությունների ազգային բյուրոյի 21.03.2013թ. որոշման համաձայն, որը ներկայացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, պոչամբարի ջրատարը չի համապատասխանում նախագծով մշակված սկզբնական տեխնիկական չափանիշներին:

Դատարանը պահանջել է հետաքննություն անցկացնել, որին հաջորդել է «Մրքաձոր» ընկերության հայցը «Deno Gold Mining Company»-ի դեմ: 2009թ. հուլիսին «Մրքաձոր» ընկերությանը պատկանող ավտոտեխսպասարկման կայանը տուժել է Գեղանուշի պոչամբարի ջրատարին զուգահեռ անցնող պատի փլուզումից: Բետոնե պատը փլուզվել է հատակի էրոզիայի և ջրատարի պատերի վիբրացիայի պատճառով՝ ջրահեռացման հին և նոր համակարգերի միացման տեղում: Արտահոսած ջուրը ողողել է բետոնե պատի հիմքը, և այն փլուզվել է:

Պարզվում է, որ կառույցը բավականին մաշված էր, և  համապատասխան փաստաթղթերը վերաբերվում էին ջրատարի տեխնիկական վատ պայմաններին:

 «Գեղանուշի պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին եւ առաջադրանքներին ոչ համապատասխան…»,- գրված է Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության մեջ:

Բացի այս կոնկերտ դեպքից, վերջերս բացահայտվել են պոչատար խողովակների հետ կապված այլ խնդիրներ: 2012թ.  Գեղանուշի պոչատարը երեք անգամ վթարվեց, որի արդյունքում թափոնները լցվեցին շրջակա միջավայր և Ողջի անդրսահմանային գետ: Այս նախագիծը մեկնարկել է չնայած հանրային քննարկումների ընթացքում Գեղանուշի գյուղացիների կողմից բարձրացրած բողոքներին.  134 գյուղացի ստորագրել է նոր պոչամբարի կառուցման դեմ ուղղված խնդրագրի տակ:

Աշխատանքից ազատումը և աշխատողների իրավունքների հարցը «Deno Gold Mining Company» ընկերությունում

2012թ. աշնանը «Deno Gold Mining Company»-ը աշխատանքից հեռացրեց աշխատակիցներին՝ առաջացնելով չափազանց լարված հակամարտություն մի կողմից ընկերության, իսկ մյուս կողմից Կապանի բնակչության և աշխատողների միջև: Ըստ «Deno Gold Mining Company»-ի Հանրային  կապերի աշխատակցի՝ 1200 աշխատակիցներից աշխատանքից հեռացվել է միայն 30 աշխատակից: Նմանատիպ ազատումները 2009-2010թ. նույնպես դժգոհության ալիք բարձրացրեց:

Սույն թվականի մարտ ամսին նաև դժգոհություններ ծագեցին ընկերությունում աշխատավարձերի կրճատման պատճառով: Բողոք ներկայացրած աշխատակիցները հեռացվեցին աշխատանքից: Մարտի 15-ին «Deno Gold Mining Company» ընկերությունը մամուլի ասուլիս կազմակերպեց լրագրողների համար, որտեղ ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը մեկնաբանեց մի քանի հարց՝ նշելով, որ ամսական 45  հազար եւ ավելի տոննա հանքաքար տալու դեպքում  միայն աշխատակիցներին ամսական հավելավճար է հատկացվում: Ջաբրայանը մեղադրեց աշխատակիցներին սահմանված պլանը չկատարելու, ինչպես նաև գողության մեջ: Իսկ մյուս կողմից աշխատակիցները պնդում են, որ իրենք կատարում են պլանը, մինչդեռ մեքենաները տեխնիկական վատ վիճակում են և նորմալ չեն աշխատում, որը վատ ցուցանիշների պատճառն է:

Տեղական ակտիվություն

Ընկերության համբավին հարվածող մեկ այլ աղմկահարույց պատմություն է հակասական հայցը՝ ներկայացված հայտնի բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ: «Deno Gold Mining Company»-ն մեղադրում է Ներսիսյանին զրպարտության մեջ: Բանն այն է, որ վերջինս ԱՄՆ-ում իր ելույթներից մեկի ընթացքում ասել է. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:

էլեկտրաշոկի կիրառման մասին լուրերը Կապանում տարածվեցին 2010թ.՝ գործադուլներից հետո: Ընկերությունը թույլ չտվեց, որ լրատվամիջոցները մուտք գործեն հանքավայրի տարածք, որտեղ աշխատողները գործադուլ էին անում, ոչ էլ ոստիկանությունը թույլատրեց, իսկ մարզային և քաղաքային իշխանությունները չկարողացան հաստատել տեղեկատվության ճշմարտացիությունը:

Ներսիսյանի դեմ ներկայացված հայցն անմիջապես հայտնվեց բնապահպանական հասարակայնության ուշադրության կենտրոնում: 50 ՀԿ-ների անունից Էկոլոգիական հասարակական դաշինքը տարածեց հայտարարություն, որում ասված է. «Հանքարդյունաբերական ընկերությունները որոշել են փակել հասարակական «կանաչ» շարժման ձայնը, որը հանդես է գալիս հանուն մեր կենսամիջավայրի, հողի, ջրի պահպանման... Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է քաղաքացիական հասարակությանը` հանդես գալ ի պաշտպանություն Եղիա Ներսիսյանի և պահանջում է դատարանից մերժել «Deno Gold Mining Company» ընկերության հայցը հենց առաջին նիստի ժամանակ տվյալ հայցի անհիմն լինելու պատճառաբանությամբ»:

Հայտնի բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով 2010թ. Հայաստանի ԱՄՆ դեպանատնից ստացավ ամենաքաջ կին տիտղոսը, հետևյալ գրառումը թողեց Facebook սոցիալական ցանցում, «Ես համաձայն եմ Եղիա Ներսիսյանի դիրքորոշման հետ: Դուք շահագործում եք մարդկանց և բնությունը: Ես նույնպես խոսել եմ դրա ասին, ինձ նույնպես դատեք»:

Ինչ վերաբերվում է հենց դատին, քաղաքացիական նախաձեռնությունները, Էկոլոգիական հասարակական դաշինքը,   ս.թ. մարտի 29-ին կայացած դատավարության ժամանակ ցույց կազակերպեցին դատարանի շենքի առջև: Բողոքի ցույցը շարունակվեց EBRD-ի երևանյան գրասենյակի առջև՝ կապված Հայաստանում և Բուլղարիայում  գործողություններ իրականացնելու համար բանկի կողմից «Dundee Precious Metals» ընկերությանը վարկ հատկացնելու հետ:  

Ակտիվիստները կարծում են, որ «Deno Gold Mining Company»  ընկերության արձագանքը Եղիա Ներսիսյանի հայտարարությանը կոնկրետ առնչվում է EBRD-ի կողմից հատկացվելիք վարկին, քանի որ մեկնաբանությունները կարող են նկատել և տարածվել արտասահմանյան լրատվամիջոցների  կողմից, քանի որ նմանատիպ հայտարարությունները տեղական լրատվամիջոցներում չեն արժանացել ընկերության նման արձագանքին:

EBRD-ի նոր վարկը

45 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր «շարունակվող վարկային գիծ» EBRD-ի կողմից հատկացվել է «Dundee Precious Metals»  ընկերությանը  անցած տարվա դեկտեմբեր ամսին, որն ընդգրկում է ընկերության գործողությունները և Հայաստանում, և Բուլղարիայում և նպատակ ունի հաստատել «լավագույն չափանիշները և պրակտիկաները, որոնք առնչվում են բնապահպանությանը, սոցիալական պայմաններին, առողջապահությանը, անվտանգությանը և թափանցելիություն»:

Հայաստանում գործողությունների իրականացման համար վարկն ունի որոշակի նախապայմաններ, որոնք են՝

  • «Dundee Precious Metals» ընկերության գործառնությունները Հայաստանում կիրականացվեն Բանկի հետ նախապես համաձայնեցված Բնապահպանական և սոցիալական գործողությունների պլանի համաձայն՝ «Deno Gold Mining Company» ընկերության գործողությունները բանկի կատարողականության պահանջների հետ համապատասխանեցնելու նպատակով:
  • «Deno Gold Mining Company» ընկերությունը կհետևի «հրապարակիր, թե ինչի համար ես վճարում»  սկզբունքին, որը կնպաստի առավել մեծ թափանցիկությանը հանքարդյունաբերության ոլորտում:

Ըստ Իլյա Գարկովի՝ «Deno Gold Mining Company» ընկերության գլխավոր տնօրենի, վարկային միջոցները դեռ չեն հատկացվել Հայաստանում կատարվելիք գործառնությունների համար: Սակայն EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտնվում են Կապանում և հանդիպում են ընկերության հետ:

Հարց է մնում, թե ինչպես EBRD-ն կդիտարկի  «Deno Gold Mining Company» ընկերության  համապատասխանությունը հետագա աջակցության համար՝ ելնելով վերջերս բարձրացված բնապահպանական, աշխատանքային և քաղաքացիական հասարակության հետ կապված խնդիրներից: Արդյո՞ք EBRD -ը կկարողանա համարժեքորեն դիտարկել հայկական իրականությունը:

Մայիս 20, 2013 at 11:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր