Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

Փոխվարչապետը պատասխանեց Օմբութսմենին

Deputy PM Replied to Ombudsman
15:26 Հուլիս 16, 2012

ԷկոԼուր

Սեւանա լճից թույլատրելի ջրառի ծավալի ավելացման վերաբերյալ կառավարության հայտարարությունների մակարդակը բարձրանում է: Հուլիսի 12-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հասարակական կազմակերպությունների բերած փաստարկներն անվանեց «ապատեղեկատվություն»: Հիշեցնենք, որ այս հայտարարությունն արվեց ի պատասխան հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում անցկացված Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ քննարկմանն ի պատասխան: Հասարակական կազմակերպությունները  անհամոզիչ համարեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումը՝ Սեւանա լճից լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր վերցնելու անհրաժեշտության մասին: Նրանք հայտարարեցին, որ խորհրդարանը մերժեց ՀԿ-ներին հասարակական  լսումներ անցկացնելու հարցում՝ դրանով խախտելով Օրհուսի կոնվենցիայի դրույթները եւ հասարակության իրավունքները:

Հուլիսի 12-ին Օմբութսմեն Կարեն Անդրեասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ընդունեց մի շարք օրենքների եւ Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտումները:

Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը News.am տեղեկատվական կայքին տված հարցազրույցում ասել է.  «Սեւանա լճից  լրացուցիչ ջրառ ապահովվող օրենսդրական փաթեթը, իմ համոզմամբ, նախապատրաստվել եւ ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել գործող օրենսդրությանը համապատասխան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա վիճակում ավելի շատ քննարկման առարկա է դարձել ոչ թե խնդրի էությունը, այլ խնդրի կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախապատրաստման գործընթացը, հարկ եմ համարում նշել հետևյալը։

Այսպես, ՄԻՊ–ի հայտարարության մեջ ասվում է, որ պետական մարմինը խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 4-րդ մասը:

Ուզում եմ տեղեկացնել, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, ստեղծվել եւ գործում է Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողով։ Նույն օրենքի հոդված 19-ի կետ 1-ով սահմանված է, որ «Համալիր ու տարեկան ծրագերերի /հաշվետվությունների/, ինչպես նաեւ դրանց իրականացումն ապահովող լիազորված մարմինների մշակած փաստաթղթերի անկախ եւ  մասնագիտական փորձաքննության նպատակով  ՀՀ ԳԱԱ  կառուցվածքում ստեղծվում է ստորաբաժանում` Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով»:

Ելնելով այս, ինչպես նաեւ նույն օրենքի այլ կետերի պահանջներից, պետական մարմինը համապատասխան իրավական ակտերի նախագծերը ներկայացրել է այդ փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը, որի անդամները նույնպես հանրության եւ հասարակության ներկայացուցիչներ են։ «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված է, թե հատկապես որ կառույցում պետք է քննարկվեն Սեւանի մասին իրավական ակտերի նախագծերը։

Բացի դրանից, Տարածքային կառավարման նախարարությունը պարբերաբար տարբեր առիթներով իրազեկել է հանրությանը Սեւանը լճից ջրառն ավելացնելու վերաբերյալ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու մտադրության մասին:

Սույն թվականի հունիսի 6-ին տարածվել է այդ մասին մամուլի հաղորդագրություն (որը հրապարկվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ news.am, aysor.am, hetq.am, 1in.am, armenpress.am, nt.am, panorama.am լրատվամիջոցներում). «Փոխվարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ծավալների վրա.  մասնավորապես` այս պահի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 437 մլն խմ ջուր` նախորդ տարվա համեմատ 100 մլն խմ-ով պակաս,  Ազատի ջրամբարում` 63 մլն խմ` անցած տարվա 70 մլն խմ-ի դիմաց,  Ապարանի ջրամբարում` 33 մլն խմ` նախորդ  տարվա 90 մլն խմ-ի դիմաց: Ընդ որում, Ապարանի ջրամբարի ջուրն օգտագործվելու է միայն տարածաշրջանի գյուղերի խնձորի այգիների ոռոգման համար եւ այլ նպատակով չի տրվելու: Այս տարի ավելի շուտ` մայիսի 2-ից է  սկսվել Սեւանից ջրառը, մինչդեռ սովորաբար լճից ոռոգման նպատակով ջուր վերցվում էր հունիսի կեսերից: Ըստ Ա. Գեւորգյանի` ջրի նույն պահանջարկի պահպանման պարագայում Սեւանից լրացուցիչ քանակություն վերցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սեւանից ջրբացթողումը 2012թ-ին մինչեւ 320 մլն խմ դարձնելու առաջարկով»:

Հունիսի 11-ին տարածվել եւ հրապարկվել  է («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, news.am, aysor.am, hetq.am, panarmenian.net, tert.am, armenpress.am, nt.am, panorama.am)  մարզպետների խորհրդակցության վերաբերյալ մամուլի հաղորդագրություն.  «Անդրադարձ եղավ նաեւ ոռոգման խնդիրներին, տեղեկություններ ներկայացվեցին մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների մասին: Մարզպետները բարձրացրեցին գյուղացիական տնտեսություններին  անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է:  Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ խնդիրը գտնվում է  կառավարության ուշադրության կենտրոնում` նշելով, որ առաջիկայում  ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է  առաջարկություն ներկայացնել կառավարությանը` Սեւանից ջրառի ծավալն ավելացնելու վերաբերյալ: Միաժամանակ` Ա. Գեւորգյանը կոչ արեց մարզպետներին տեղերում հետեւել, որպեսզի  ոռոգումն  իրականացվի առավելագույնս կազմակերպված, եւ ջուրը մատակարարվի խնայողաբար»:

Ինչպես տարածքային կառավարման նախարարը, այնպես էլ մարզպետներն ու այլ պաշտոնյաներ հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների,  գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, ՋՕԸ-երի եւ այլ կառույցների ու քաղաքացիների հետ` քննարկելով լրացուցիչ ջրառի նպատակահարմարության ու անհրաժեշտության հարցը: Հունիսի 15-ին հաղորդագրություն է տարածվել Արմավիրի մարզպետարանում անցկացված խորհրդակցության մասին. «Քննարկվեցին մարզում ոռոգման հետ կապված ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր: Նշվեց, որ մարզի մի շարք ՋՕ ընկերությունների սպասարկման տարածքներում գյուղացիական տնտեսություններին ոռոգման անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել»:

Ուզում եմ տեղեկացնել, որ դեռեւս սույն թվականի հունիսի 6-ին տարածված հաղորդագրությունում նշված քայլերի մասին որեւէ արձագանք, հարցադրում կամ առաջարկություն որեւէ բնապահպանական կազմակերպության կողմից ոչ պաշտոնական, ոչ էլ այլ ճանապարհով կառավարություն չի ներկայացվել։

Խնդրո առարկա փաթեթը վերջնական տեսքի բերելուց հետո սահմանված կարգով կառավարություն ներկայացնելուն պես, հունիսի 14-ին տեղադրվել է նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կայք էջում`www.scws.am։  Այդ փաթեթը արտահերթ ընդգրկվել է նույն օրվա ՀՀ կառավարության նիստի օրակարգում եւ համարվել հրատապ։ Հուլիսի 14-ից մինչեւ Ազգային Ժողովում փաթեթի պաշտոնական քննարկումները, որեւէ ՀԿ, ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի դիմել ՀՀ կառավարություն, կարծիքներ, անհանգստություն կամ առաջարկություն չի ներկայացրել:

Միեւնույն ժամանակ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մասնակցությամբ սույն թվականի հունիսի 15-ին տեղի է ունեցել կառավարությանը պաշտոնապես ներկացված օրինագծերի փաթեթի քննարկում` ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հունիսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում որոշվել  է փաթեթն ընդգրկել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Կառավարության նիստի օրակարգը նույնպես տեղադրված է եղել պաշտոնական կայքում, եւ քննարկման ներկայացվող հարցերը հասանելի են եղել հանրությանը։ Նիստում հարցի զեկուցման ժամանակ Ջրտնտպետկոմի նախագահ Ա. Անդրեասյանը  տեղեկացրել է, որ  հարցը  քննարկվել է  ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում, ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում, ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: 

Տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ նշված փաթեթի քննարկման ժամանակ հանրային կարծիք, հանրային քննարկում ասելով հաճախ պատկերացումները սահմանափակվում են միայն բնապահպանական ՀԿ-ներով, այնինչ «Իրավական ակտերի մասին» օրենքը մատնանշում է իրավաբանական ու ֆիզիկական անձանց, որոնք են նաեւ ֆերմերները, գյուղացիական տնտեսությունները, ՋՕԸ-երը, ջրառները եւ այլն։

Վերը շարադրվածից ակնհայտ է, որ մինչեւ Ազգային ժողում ընդունվելը, փաթեթը քննարկվել է հասարակության շահագրգիռ  օղակների հետ:

Ուստի պնդումները, թե խախտվել են համապատասխան օրենքների հանրային իրազեկման ու քննարկումների մասին դրույթները, տեղին չեն։

Համոզված եմ, որ նշված օրենքների փաթեթի վերաբերյալ դժվար է ունենալ ընդհանուր հանրային համաձայնություն։ Դրա բացակայությունը չի նշանակում, որ հանրային քննարկումների ու իրազեկման մասով քայլեր չեն ձեռնարկվել։ Մեկ անգամ եւս հավաստիացնում եմ, որ Սեւանից բաց թողնվող ջուրը օգտագործվելու է առավելագույնս արդյունավետ, եւ բնակլիմայական պայմաններից կախված՝ ձգտելու ենք ավելի քիչ ջրառ իրականացնել, քան օրենքով արտոնված 320 մլն խմ-ն, ինչպես  տեղի ունեցավ 2008թ-ին, երբ օրենքով թույլատրված  360 մլն խմ-ի փոխարեն լճից վերցվեց  302 մլն խմ:

Ավելացնեմ նաեւ, որ Տարածքային կառավարման նախարարությունը եւ նրա համակարգում  գործող մարմինները միշտ պատրաստակամ են եղել հասարակության տարբեր օղակների հետ բաց աշխատելու, անհրաժեշտ խնդիրները քննարկելու համար:  Այդ մասին է վկայում նաեւ ՏԿՆ ներկայացուցիչների մասնակցությունը ՄԻՊ գրասենյակում կազմակերպված քննարկմանը»:



Առնչվող նյութեր