ՀՀԿ-ի բնապահպանական խոստումները

ՀՀԿ-ի բնապահպանական խոստումները

ԷկոԼուր

2017թ-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կստեղծի բնապահպանության բնագավառում տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգ: Նպատակը գործարարների հոգսը թեթևացնելն է, կոռուպցիոն կամ ստվերային ռիսկերից խուսափելը:

Բնապահպանական թույտվությունների միասնական համակարգի բացակայությունը մեկն է այն 6 ախտորոշումներից, որոնք տրված են կուսակցության նախընտրական ծրագրում:

«Մեր ախտորոշումն է`
ոլորտի օրենսդրության անբավարար իրավակիրարկման պատճառով համակարգային կոռուպցիոն ռիսկերի առկայություն,

շրջակա միջավայրի և բնական պաշարների պետական մոնիթորինգի, տեղեկատվական և կառավարման միասնական համակարգի բացակայություն,

բնապահպանական և բնօգտագործման վճարներից գոյացող ֆինանսական միջոցների օգտագործման ցածր հասցեականություն,

բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի բացակայություն,

բնապահպանական պետական վերահսկողության համակարգի գործունեության ցածր արդյունավետություն,

բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերի անբավարար արդյունավետությունը:

Արդյունքում`

լիարժեք չեն ապահովվում ՀՀ քաղաքացիների իրավունքները շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման մասով,

բնապահպանական թույլտվությունների տրամադրման համակարգի բարդացվածության և համակարգված չլինելու պատճառով ՀՀ քաղաքացիները և գործարարները հաճախ հրաժարվում են իրենց ձեռնարկատիրական գաղափարներից, ձևավորվում են կոռուպցիոն կամ ստվերային ռիսկեր»,- նշված է ծրագրում:

Որպես բուժում առաջարկվում է. «Շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումն ու վերականգնումը խթանող քաղաքականության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման միջոցով իրական կայուն տնտեսական աճի ապահովում:

Ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվում է`

-ամբողջացնել էկոլոգիական քաղաքականության օրենսդրությունը

-մշակել կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգ,

-ձևավորել բնական ռեսուրսների բանական օգտագործման և շրջակա միջավայրի միասնական կառավարման համակարգ

-ապահովել բնապահպանության բնագավառում տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգով, «մեկ պատուհանի սկզբունքով» և էլեկտրոնային եղանակով տրամադրումը

-լրամշակել և ամբողջացնել ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը, ամբողջացնել ջրավազանային տարածքների կառավարման պլանները

-ջրային պաշարների ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման գործում ներգրավել մասնավոր հատվածին, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրային պաշարների ավտոմատ կառավարաման, էներգախնայող, ջրախնայող համակարգեր

-ստեղծել մասնավոր, համայնքային և պետական մասնակցությամբ նոր ազգային պարկեր, վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերը, ամբողջացնել կառավարման պլանները, զարգացնել պահպանման մեխանիզմները և կարողությունները` ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Կուսակցությունը նաև խոստանում է. «Մարդու առողջության պահպանման և կյանքի որակի բարձրացման համար շարունակելու ենք ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ: Պատշաճ բնապահպանական մոտեցումները լինելու են քաղաքաշինական կամ գործարար նախագծերի իրականացման պարտադիր պայման: Շարունակելու ենք Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանությունը»:

Մարտ 14, 2017 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր