Էներգետիկ Մեծամորում ձմռանը դասերն անցկացնում են վերարկուով ու ձեռնոցներով

Էներգետիկ Մեծամորում ձմռանը դասերն անցկացնում են վերարկուով ու ձեռնոցներով

ԷկոԼուր

«Եթե էներգետիկ քաղաքում մանկապարտեզները չեն ջեռուցվում, պետք է էներգետիկների թասիբին էլ կպնի, էլի: Սա կպնում է՞ էներգետիկների թասիբին, թե չի կպնում: Բա էներգետիկ քաղաքում ապրում եք, բողոքում եք, թե տաք չենք կարում ապրենք: Ձեր տունը շինվի, բոլորին կիլովատը դուք եք վաճառում, ինքներդ ցրտի մեջ եք»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը Արմավիրի Մեծամոր քաղաքի Մշակույթի տանն անցկացված ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Վարչապետը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի, լինի ավանդական ճանապարհով, կամ այլընտրանքային:

Մեծամորը հիմնադրվել է 1969 թ.։ Որպես ատոմակայանի ամենամոտ բնակավայր` մեծամորցիները արտոնություն ունեին էլեկտրաէներգիայի դիմաց վճարման գործում: Այժմ նրանք ոչ մի արտոնություն չունեն: Սոցիալական ծանր պայմանների և էլեկտրաէներգիայի բարձր սակագնի պատճառով ձմռանը Մեծամորի 80 տոկոսը փայտ է վառում, իսկ մանկապարտեզներն ու խմբակները չեն գործում:
«Իմ աղջիկը Մշակույթի տանը պարի է գնում, բայց ցրտի պատճառով դասերն այնտեղ չեն անցկացնում: Մեր քաղաքին, որպես ատոմային քաղաքի, պետք են բարեփոխումներ, պետք է ուշադրություն: Նախևառաջ, պետք է վերանայել էլեկտրաէներգիայի վարձը մեզ համար», - ասաց «Հույսի Մեծամոր» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարջան Գրիգորյանը:

«Գիտեմ մանկապարտեզ, որ ձմռանը ծառ են կտրել, ցախով են ջեռուցել: Մեծամորը էներգետիկ քաղաք է, բայց ատոմակայանը մեզ անվճար չի տալիս էլեկտրաէներգիա: Քաղաքապետարանն է ֆինանսավորում մանկապարտեզների, մյուս հաստատությունների ջեռուցման համար: Ժամանակին ատոմակայանին հարակից համայնքների համար եղել են արտոնություններ, հիմա չկան: Եթե մարդիկ բնակվում են էներգետիկ քաղաքում, լավ կլիներ, որ իրենց համար լինեին որոշակի արտոնություններ», - ասաց տեղի «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Ենոքյանը:

«Իմ երեխեքը 10-12 տարի վերարկուով ու ձեռնոցներով են գնացել դպրոց, - նշեց մեծամորցի Ռուզաննա Վարդանյանը և վրդովված հավելեց, - ես չեմ մասնակցել ոչ մեկի քարոզարշավին, չեմ էլ մասնակցելու: Ես չեմ տեսնում այն մեկին, ով կարող է փոփոխություններ անել: Ես գնալու եմ ընտրություններին մի բանի համար, որ իմ ձայնը չխլեն, բայց ոչ մեկին էլ չեմ ընտրելու»:

 

16:51 Մարտ 14, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news