Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՋուր

Մեղրիի շրջան. գալիս են, պայմանավորվում համայնքապետի հետ եւ մեկնում

Meghri Region: Arriving, Coming to Agreement with Head and Leaving...
16:11 Օգոստոս 15, 2012

ԷկոԼուր

Ջուրը դառնում է մեծ խնդիր Հայաստանի կարեւորագույն ռազմավարական տարածաշրջանի` Մեղրիի համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ ջրամբարի եւ ջրամատակարարման համակարգի կառուցման նախագծի քննարկմանը մասնակցել են համայնքների ղեկավարները, բայց ոչ բնակիչները: Նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել:

Արդեն երկրորդ տարին է, որ Մեղրիի ակտիվիստները հանդես են գալիս Մեղրի գետի վրա ջրամատակարարման համակարգի կառուցման դեմ, ինչի մասին 995 ստորագրությամբ նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի Մեղրի քաղաքից ոռոգման համակարգի մեջ պետք է մտնեն Ագարակ քաղաքը, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր համայնքները: Սակայն այդ գյուղերի բնակիչները նույնպես անհանգստացած են: Նրանք լավ գիտեն, թե ինչպես պետք է վճարեն ջրի համար, որը կառավարում են մի խումբ մարդիկ` հաշվի չառնելով բնակիչների կարիքները:

Մեղրիի բնակչուհի Սվետլանա Պողոսյան. «Մեղրեցիներս` ինձանից սկսած եւ ոչ մեկ, կառավարության այդ ծրագրին տեղյակ չի եղել: Դա պատահաբար իմացել ենք արդեն որոշումն ընդունելուց հետո, եւ դրանից հետո Մեղրիում բավականին դժգոհություն առաջացավ, եւ մարդկանց մեծամասնությունը՝ գրեթե 900-ից ավելի ստորագրությամբ մենք նամակ ենք հղել կառավարության անդամներին, եւ բնապահպանության նախարարությանը, եւ Ազգային Ժողովին:… Ես գտնում եմ, որ դա բոլորովին այլ նպատակ է հետապնդում, ես այդ հարցում տեսնում եմ ինչ-որ անհատական շահագրգռվածության միտումներ»:

Շվանիձոր գյուղի բնակչուհի Հասմիկ Վանեսյան. «Միայն օդում լսում ենք, որ ծրագիր է եկել, թե ինչ ծրագիր, մենք էլ չգիտենք: …Սեզոնում 40 աստիճան տաքության տակ 2 անգամ ամիսը ինձ ջուր են տալիս 7 ամսվա մեջ: Մենք ունեցել ենք 7 այգի, որից մնացել է ընդամենը 2 այգի` ջուրը չտալու պատճառով: Եթե ես լավ եմ վերաբերվում, լավ ձեւով, ջուրը տալիս է, եթե նաղդ փողը հաշվում եմ, տալիս, տալիս է: Բայց գյուղացուն որտեղի՞ց նաղդ փողը: Ջուրը մնում է, եւ նրա մեջ որդեր են բազմանում, այդպիսի ջուր ենք օգտագործում…»:

«Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Սուրեն Հովհաննիսյան. «Տեղյակ եմ նամակին: Ինձ էլ են Մեղրիում ասել: Ես՝ ինքս, միշտ հրաժարվել եմ նման բանից, որովհետեւ նման քայլի գնալը՝ այստեղ մտածենք, որ հինգ հոգու համար ենք մտածում,  բայց տուժվում են 25 հոգին»:

Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյան. «Եթե 8 խմ ջուր կա, մեղրեցին օգտագործում է 3-4:   Մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կարելի է օգտագործել ինքնահոս համակարգ եւ ոռոգել այն համայնքերում, որտեղ այս պահին պոմպեր են օգտագործում, դա չպիտի կորցնել, այդ 3-4 ամիսը ջուրը չպիտի անտեղից թափվի Արաքս: Բայց կա մի այսպիսի մտավախություն այն մարդկանց մեջ, որ ստորագրահավաք, նամակ պատրաստեցին, որ Մեղրի գետից ջուրը պետք է վերցվի այլ համայնքների համար, որ Մեղրին կջրազրկվի, գետը վաճառեցին: Ես այսպես եմ ուզում մտածեմ, որ եթե ջուր կա, կարելի է օգտագործել օպտիմալ: Եթե մտածում ենք, որ Մեղրիից բարձր, մի 20 կմ վերեւ պետք է մեծ տարողությամբ ջրամբար ունենանք, որ ամառվա ջրասակավ ամիսներին օգտվենք դրանից, եւ Մեղրին օգտվի, եւ հարավում գտնվող գյուղերը, ճիշտ չեմ համարում դա, որովհետեւ դա միշտ էլ իր մեջ վտանգ ունի: Հիմա տարբերակ կա` այդ գյուղական համայնքներում ունենալ փոքր չափի ջրամբարներ, գարնան ամիսներին կուտակել ջուրը ջրամբարներում,  օգտվել Մեղրի գետի ջրից, հետագայում ունենալով, ենթադրենք, մի 3 միլիոն խմ ջուր, օգոստոս, հուլիս ամիսներին այդ ջուրն օգտագործել ոռոգման համար»:

Շվանիձորի բնակիչ Ռաֆիկ Առաքելյան. «Ես չգիտեմ, մեկ գալներն եմ լսում, մեկ գնալներն եմ լսում, գալիս են գյուղապետի հետ սվաղում, գնում: Իրանք գյուղապետին ոնց ասում են, էդպես էլ լինում է: Մեզ ո՞վ է ինչ հարցնում»: