Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

Սեւանա լճից ջրի բացթողումների ավելացման մասին օրենքում փոփոխություններ կատարելիս խախտվել են հասարակության իրավունքները եւ Օրհուսի կոնվենցիան

Public Rights and Aarhus Convention Violated when Adopting Law On Increase in Water Outlets from Lake Sevan
21:08 Հուլիս 11, 2012

ԷկոԼուր

Սեւանա լճից արդեն իսկ բաց է թողնվել 145 միլիոն խմ ջուր: Այս մասին հուլիսի 11-ին` Սեւանա լճից լրացուցիչ ջրառի խնդրին նվիրված քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Եթե հաշվի առնենք, որ Սեւանից ջրառի համար  օրենքով սահմանված առավելագույն քանակը 170 միլիոն խմ է, ապա պարզ է դառնում որ այդ ծավալի մեծ մասն արդեն ծախսվել է, ընդորում, շատ խոնավ ժամանակաշրջանում, երբ շոգը վրա չի հասել եւ գյուղատնտեսությունը կարող էր իր կարիքները բավարարել տեղումների եւ ձնհալի հաշվին: Այն ժամանակ, երբ գյուղատնտեսությունը իսկապես Սեւանի ջրի կարիքը կունենա, արդեն ծախսված կլինի լրացուցիչ 150 միլիոն խմ ջուրը:

Քննարկման ընթացքում այլ փաստեր էլ ի հայտ եկան: Մասնավորապես հասարակության համար բացարձակապես անսպասելի էր  Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանի  պնդումն այն մասին, որ խորհրդարանը հունիսի 22-ին արդեն իսկ ընդունել է Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը: Նշենք, որ խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին օրենքում փոփոխություններն ու լրացումներն ընդունվել են առաջին ընթերցմամբ, եւ հասկանալի չէ, թե երբ է եղել երկրորդ ընթերցումը, եւ ինչու հասարակայնությունն այդ մասին չգիտի:   

Հասարակության իրավունքները խախտված են: Այս մասին քննարկման ընթացքում հայտարարեցին Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը: Պարզվեց, որ շահագրգիռ կողմերը` մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը Սեւանա լճից լրացուցիչ ջրառի համար օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկի մասին տեղեկացված չեն եղել: Ինստիտուտի տօրեն Էվելինա Ղուկասյանն ասաց. «Մի ինստիտուտ, որը 90 տարի է` զբաղվում է Սեւանի հիմնախնդրով, կարծում եմ` տնօրենը գոնե պետք է ներկայացված լիներ Ազգային Ժողովում եւ մասնակցեր քննարկումներին: Ցավոք, ես` որպես տնօրեն, հայտարարում եմ, որ մենք այդ մասին լսել ենք հետագայում, միայն Սեւանի հանձնաժողովի պահանջից հետո, երբ որ մեզ խնդրեցին հիմնավորում տալ, թե ինչպես կանդրադառնան Սեւանա լճի տատանումները էկոհամակարգի վրա»:

«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ, իրավաբան Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ հասարակության հետ երկխոսելու բարի կամքը կապ չունի, քանի որ կա Օրհուսի կոնվենցիա, եւ որ օրենքի դրույթները պարտադիր պետք է կատարվեն: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը, փորձագետ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, «Շողեր միության» նախագահ Հասմիկ Ասլանյանը հույս հայտնեցին, որ օրենքում կա վերապահում, որի համաձայն` Սեւանից բաց չեն թողնի այդ 320 միլիոն խմ-ն, այլ 320 միլիոն խմ-ից պակաս, եւ որ բացթողումները կկատարվեն ամենաքիչ ծավալով: Նշենք, որ Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը եզրակացություն է տվել մինչեւ 280 միլիոն խմ ջուր Սեւանից բաց թողնելու մասին:

Ներկայումս Սեւանի մակարդակը 1900մ 47 սմ է, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է ընդամենը 3 սմ-ով: