«Դելոիթ և Տուշ» ընկերությունը պարզել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հիմնավորված է

«Դելոիթ և Տուշ» ընկերությունը պարզել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հիմնավորված է

ԷկոԼուր

«Դելոիթ և Տուշ» ընկերությունը, որին հանձնարարված է ուսումնասիրել Հայաստանում սակագնի նվազեցման հնարավորությունները, պարզել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հիմնավորված է: Այս մասին ընկերությունը նշել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվության» մեջ: Հաշվետվությունը հոկտեմբերի 1-ին կառավարության նիստում հակիրճ ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, Վաչե Գաբրիելյան մասնավորապես ասել է. «…երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ և Տուշ ընկերությանը» հետևյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում և եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016-2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ: Առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ: Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, և նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետևանքով կան խնդիրներ և ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել: Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձև սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում և այլն: Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոիթ և Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին և ատոմակայանի կանգին: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված: Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է և ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի կուտակած միլոնավոր պարտքերը թեթևացնելու համար մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը: Վերջին` մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի 6 դրամ 93 լումայով թանկացումից հետո էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41 դրամ 85 լումայի փոխարեն 2015թ-ի օգոստոսի 1-ից կազմեց  48 դրամ 78 լումա, գիշերային սակագինը 32 դրամ 85 լումայի փոխարեն` 38 դրամ 78 լումա:

Սակագնի բարձրացման դեմ հասարակության  բուռն բողոքի արդյունքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ` պարզելու սակագնի բարձրացման հիմնավորված լինելը: Եթե աուդիտի արդյունքում հիմնավորվի սակագնի բարձարցման արդարացված լինելը, ապա սպառողները կվճարեն նոր սակագնով, իսկ մինչ աուդիտի ավարտը ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում սակագնի վրա ավելացած  6 դրամ 93 լումայի վճարումը:

Հոկտեմբեր 01, 2015 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր