

ԷկոԼուր
Գորիսի ողբերգական դեպքերի հետ կապված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը ակտիվություն է առաջացրել հատկապես Սյունիքի կառավարման համակարգի ամենատարբեր մակարդակներում: Քաջարանում, Կապանում, Մեղրիում Սյունիքի մարզպետի պաշտոնում տեսնում են տեղացիներին: Այսպես, քննարկվող թեկնածուների թվում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Նրան դրական է վերաբերվում մեզ հետ զրուցած մարդկանց մեծամասնությունը:
Մենք իմացանք, որ այս ուղղությամբ ակտիվություն են ցուցաբերել Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարեկամ, զինվորական Վարդան Ավետիսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Մենք հարցրեցինք, թե այս հարցով որքանով է հետաքրքրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Բոլոր նրանք, ում հետ զրուցեցինք, կարծում են, որ Մաքսիմ Հակոբյանն իր շահն ունի առանց մարզպետի լիազորությունների: «Նա հետաքրքրված է, թե ով կդառնա մարզպետ»,- ասացին մեզ, բայց չբացառեցին, որ նրա որդին` ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը կցանկանար զբաղեցնել այս պաշտոնը:
Կապանցիների մեծամասնությունն էլ վստահ է, որ մեծ է հավանականությունը, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնի Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը, ով Սուրիկ Խաչատրյանին մտերիմ մարդ է: «Եթե Արա Դոլունցը լինի, ապա Սյունիքում փոփոխություններ չեն սպասվի, եթե, իհարկե, ուրիշ ոչինչ չպատահի»,- ասացին Կապանի մեր աղբյուրները:
Լուսանկարը` www.syunik.gov.am կայքի
Հունիս 14, 2013 at 12:41
