

ԷկոԼուր
«Նոր հանքավայրեր Հայաստանում չպետք է բացվեն: Մենք չենք կարող բոլոր հանքերը փակել, բայց նորի բացում չպետք է թույլատրվի: Դա պետք է սահմանվի օրենքով: Դա պետք է լինի հստակ քաղաքականություն»,- ԷկոԼուր-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, 2007թ-ից ԱԺ պատգամավոր, 2012թ. խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ եթե «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն կազմի, ապա կարեւորելու է հանքարդյունաբերական ընկերությունների բնապահպանական վճարների հարցը. «Բնապահպանական վճարները, որ պետք է տան հանքարդյունաբերական կազմակերպությունները, զրո է այսօր: Այդ վճարները այն զսպաշապիկներից մեկը կարող են լինել, որ այսպես գիշատչաբար չօգտագործվեն մեր հանքերը»:
«ԷկոԼուր»-ի հարցին, թե Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ պայքարում ինչ դրական արդյունք կարելի է արձանագրել, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Դրականն այն է, որ հասարակությունն արդեն արձագանքում է նման խնդիրներին, երբ նախկինում չգիտեին, թե որտեղ է Թեղուտը գտնվում: Քաղաքացիների մոտ այս զարթոնքը նկատվում է, եւ պահանջատիրություն է նկատվում»: Այն հարցին, թե որ աղմկահարույց բնապահպանական հարցն էր, որ խորհրդարանում պատգամավորը չի ընդունել, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Չպետք է ընդերքի մասին այդպիսի օրենսգիրք ընդունվեր: Այդ օրենսգիրքն ուղղակի չի համապատասխանում մեր ժողովրդի շահերին: Եթե այդպես շարունակվի, Հայաստանը կդառնա հանքաստան, եւ այստեղ նույնիսկ մեր ապրելու իրավունքը հնարավոր չի լինի իրացնել»: Նա անդրադարձավ նաեւ կառավարության 627-ն որոշմանը, որով, բացառիկ գերակա հանրային շահ ձեւակերպմամբ, Սյունիքի մարզի 6 համայնքներից հողատարածքներ են տրամադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
«Ուղղակի այդ բառակապակցությունները կառավարությունն օգտագործում է` չարաշահելով իր կառավարական դիրքը, չարաշահելով իր իշխանությունը: Շատ եմ ցավում, բայց իրականում բացառիկ գերակա շահ գոյություն չունի: Դրա վառ ապացույցը 627 որոշումն է` անցյալ տարվա, որը վերաբերվում էր Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին: Նույնիսկ ապացուցված է, նույնիսկ գործարանի ղեկավարությունն է ասում, որ այս պահին այդ բացառիկ գերակա շահը գոյություն չունի: Բուն շահագործումը կարող է տեղի ունենալ 50-60 տարի հետո, ուղղակի նրանք ցանկանում են այս պահին զավթել այդ հողերը»:
Ապրիլ 30, 2012 at 14:12
