ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի ծրագրի Փորձագիտական խումբը մշակեց «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգից բխող փոքր հիդրոէներգետիկայի բնապահպանական հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագիր»-ը:
Միջոցառումների նպատակը փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումն է: Ծրագրում առաջարկվող միջոցառումները ներառում են.
• հիդրոէներգետիկայի ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարեփոխումը
• բնության հատուկ պահպանվող տարածքներում ՓՀԷԿ-երի կառուցման գործընթացների կանոնակարգումը
• գետավազաններում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը
• շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան ՓՀԷԿ-երի շահագործումը
• Տեխնիկական և բնապահպանական պահանջներին համապատասխան շահագործվող ՓՀԷԿ-երի խրախուսումը
• գետային էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը
• ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման փուլերում բնապահպանական պահանջների կատարման և վերահսկողության ապահովումը
• գետային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանության ապահովումը:
Ծրագրի կատարող-համակատարողներն են ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, նախագծային կազմակերպությունները և «Աջակցություն նոր բարեփոխումներին Փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագիրը:
Փաստաթղթի վրա աշխատել են Ծրագրի 7 փորձագետները՝ Բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հերիքնազ Մկրտչյանը, Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի առաջատար մասնագետ Նազիկ Չզմաչյանը, անկախ փորձագետներ՝ «Կայուն Կովկաս» (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանը, ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, հիդրոտեխնիկ ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ինեսսա Գաբայանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 27, 2017 at 14:09