Որոտան գետի էկոհամակարգը խախտվել է, անհանգստանում են տեղի բնակիչները (Լուսանկարներ)

Որոտան գետի էկոհամակարգը խախտվել է, անհանգստանում են տեղի բնակիչները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Որոտան գետի էկոհամակարգը խախտվել է, անհանգստանում են տեղի բնակիչները:

Որոտան գետ

«Որոտան գետի ձկնաշխարհը վերանում է, Սիսիանի մեջ գետը մամռակալած է: Հիմա 1.5-2 խմ ջուր է գալիս վայրկյանում, առաջ`15 խմ էր գալիս, այն էլ օգոստոս ամսին»,- ԷկոԼուրին ահազանգեց «Սիսիանի մեղվաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Ասատրյանը:

Գևորգ Ասատրյան 


Գետի վիճակի վատթարացումը պայմանավորված է ոռոգման կառավարման և հիդրոէներգետիկայի խնդիրներով: Որոտան գետի վրա կառուցված է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը` բաղկացած 80 մՎտ անվանական հզորությամբ «Սպանդարյան» ՀԷԿ-ից, 170 մՎտ հզորությամբ «Շամբ» ՀԷԿ-ից, 157,2 մՎտ հզորությամբ «Տաթև» ՀԷԿ-ից: ՀԷԿ-երի շահագործման համար կառուցված են Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի ջրամբարները, որոնցում հավաքվում է Որոտան գետավազանի ջուրը:

Անգեղակոթի ջրամբար

Շամբի ջրամբար

Սպանդարյանի ջրամբար

Տոլորսի ջրամբար

Որոտան գետի վրա զարգանում է նաև փոքր հիդրոէներգետիկան: Ներկայումս Որոտանի գետավազանում կառուցված է 29 ՓՀԷԿ: Որոտան գետի ջուրն օգտագործվում է նաև ոռոգման և տնտեսական այլ նպատակներով:

Որոտանի ջուրը օգտագործվում է հանքարդյունաբերության նպատակով: Այժմ Որոտանի գետավազանի տարածքում կառուցվում են Ամուլսարի ոսկու ծրագրի ենթակառուցվածքները`ճանապարհներ, արդյունաբերական հարթակներ և այլն: Ամուլսարի հանքը գտնվում է Սպանդարյանի ջրամբարից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա և անմիջական ազդեցություն է ունենալու այդ ջրային օբյեկտի վրա: Որոտանի գետավազանի տարածքում է գտնվում նաև Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը ներկայումս չի շահագործվում, սակայն Դաստակերտի պոչամբարը և լցակույտերն աղտոտում են արդեն Տոլորսի ջրամբարը: «Տարիներ առաջ վթարի պատճառով ջուրը քայքայել է պոչամբարը, պոչերը բերել, լցրել է Տոլորսի ջրամբար: Վերջին տարիներին երևում է, որ ջրամբարի գույնը փոխվում է, իսկ ափին կանաչ նստվածք է մնում ջրի մակարդակի իջեցումից հետո», -ասաց Գևորգ Ասատրյանը:

Որոտան գետի էկոհամակարգը չի դիմանում այդպիսի մեծ ծանրաբեռնվածությանը: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին տեղի համայնքների բնակիչները, ցամաքել են գետը սնուցող բազմաթիվ աղբյուրներ: «Արդեն 30 տարի է` այս երևույթը կատարվում է: Բնությունն արդեն իր գործն անում էր, ՀԷԿ-երն ավելացան, ինչը նպաստեց աղբյուրների ավելի շուտ ցամաքելուն:… Առաջ գետերում այնքան կարմրախայտ կար, որ դույլը վերցնում էիր, ջրի հետ լցվում էին, դույլի մեջ ձուկ էին բռնում, բայց հիմա մի հատ չես կարող գտնել»,- ասացին բնակիչները:

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017թ-ին մշակեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում էր արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Որոտան գետի վրա, ինչպես նաև Գավառագետ, Ծակքար, Լիճք, Կարճաղբյուր (Մաքենիս), Մասրիկ, Վարդենիս, Արգիճի, Մարտունի, Ձկնագետ, Հրազդան, Աղստև, Ախուրյան, Արփա, Ձորագետ, Եղեգիս, Ազատ, Մարց, Գոշ, Մեղրիգետ գետերի և Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակների վրա: Առաջարկվում էր վերոնշյալ գետերի վրա գոյություն ունեցող ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգումն արգելել: Սակայն որոշման նախագիծը վերջերս փոփոխության է ենթարկվել և այս գետերի վրա ՓՀԷԿ-եր կառուցելու և նոր ՋԹ-ներ առկա ՓՀԷԿ-երին տրամադրելու արգելքը հանվել է:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

17:28 Սեպտեմբեր 06, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news