ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում ՀԱԷԿ-ն առաջնային է

ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում ՀԱԷԿ-ն առաջնային է

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում ստացել է 75 տոկոս դեմ քվե: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախագիծը www.e-draft.am կայքում քննարկման էր դրվել 2019թ-ի դեկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ ռազմավարության նախագծի՝ վերջին տարիներին ՀՀ-ում միջինում արտադրվող 7 մլրդ կՎտժ էլելկտրաէներգիայի փոխարեն մինչև 2026 թ-ը կարտադրվի 12 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 45-50%-ը կլինի արտահանումը՝ ներկայիս շուրջ 15% արտահանման փոխարեն:

Հայաստանի Էլեկտրաէներգիան հիմնակում արտադրվում է երեք տիպի՝ ատոմային, հիդրո և ջերմային կայաններում, որից շուրջ 39%-ը ատոմային կայանում, 60%-ը գրեթե հավասարաբար հիդրո և ջերմային կայաններում։ Մնացած բոլոր կայանների տեսակարար կշիռը էլեկտրաէներգետիկ համակարգում մինչև 1% է։

Նախագծով էլեկտրաէներգիայի արտադրության համար ՀԱԷԿ-ի գործունեությունը մնում է առաջնային: «Մինչև 2022 թվականը կավարտվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կներդրվի 300 մլն ԱՄՆ դոլար, իսկ ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականը: Եթե 2026 թվականից հետո ատոմակայանի անվտանգ շահագործումը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվի, կառավարությունը մտադիր է այն շահագործել մինչև 2036 թվականը, ինչի համար, ըստ կանխատեսումների, կպահանջվի լրացուցիչ 150 մլն ԱՄՆ դոլար ներդրում: 

Գործող ատոմային կայանի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո դիտարկվում է գործող կայանի հարթակում ավելի փոքր հզորության Էներգաբլոկի կառուցման տարբերակը, որը թույլ կտա նաև չմեծացնել Հայաստանի կախվածությունը ներկրվող բնական գազից»,- նշված է ռազմավարության նախագծում:

Նախատեսվում է նաև մինչև 2023թ-ն ավարտին հասցնել հետևյալ կայանների կառուցումը և թողարկումը.

  1. Երևանի ՀՇԳՑԷ-2՝ 250 ՄՎտ, թողարկումը մինչև 2022թ.(250 մլն ԱՄՆ դոլար ներդրում)
  2. «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ, թողարկումը մինչև 2022թ.(60 մլն դոլար ներդրում),
  3. Փոքր ՀԷԿ-եր՝ 28 կայան, 60 ՄՎտ, թողարկումը մինչև 2023թ․ (60 մլն դոլար ներդրում)
  4. Փոքր արևային կայաններ՝ 29 կայան, 102 ՄՎտ, թողարկումը մինչև 2022թ․։ Ընդ որում նախատեսվում է, որ այս կայանների թիվը առաջիկա տարվա ընթացքում կկրկնապատկվի և մինչև 2023 թվականը նմանատիպ կայանների ընդհանուր դրվածքային հզորությունը կկազմի 210 ՄՎտ։

Միաժամանակ, ըստ ռազմավարության նախագծի, ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2026 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել 10%-ի (1.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրություն 700 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններից):

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում:

14:16 Հունվար 16, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news