«Հեղնաջուր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

«Հեղնաջուր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Հեղնաջուր» փոքր ՀԷԿ: «Հեղնաջուր» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գառնառիճ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Հեղնաջուր գետի վրա (գետի երկարությունը՝ 27 կմ), հարակից է «Արփի լիճ» ազգային պարկին: ՓՀԷԿ-ը շահագործում է «Արնավար» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 144.20մ է, հաշվարկային ճնշումը` 135.10մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.2 մ3/վ, դրվածքային հզորությունը  1229 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.656875մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4.01մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 05.08.2009- 05.08.2024թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 11.09.2013-11.09.2016թթ..:
  • ՓՀԷԿ-ը Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված առաջին կայանն է, որտեղ տեղադրվել է եվրոպական ստանդարտներով արտադրված եվրոպական ագրեգատ:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատները համապատասխանում իրական կոորդինատներին։
  • Կառուցված գլխամասային հանգույցը համապատասխանում է նախագծային լուծումներին:
  • Գլխամասում առկա է բետոնից կառուցված աստիճանաձև ձկնացարան, 17.50 մ երկարությամբ, 0.98 մ լայնությամբ: Առկա է 14 աստիճան, որոնց յուրաքանչյուրի բարձրությունը մոտ 30 սմ է: Աստիճանները կառուցված են փայտից: Ուշադրություն է գրավում ձկնանցարանի ստորին 3.5 մ երկարությամբ հատվածը, որը աստիճաններ չունի և դժվարանցանելի է դարձնում ձկների տեղաշարժը ձկնացարանի  այդ հատվածով: Տնօրինությունը խոստացավ վերացնել այդ թերությունը և տեղադրել աստիճանավանդակներ:
  • Առկա է աղբորսիչ, որի ճեղքերի միջև հեռավորությունը 3-4 սմ է: Այդ աղբորսիչի միջով 10 և ավելի սմ երկարությամբ մանրաձկները կարող են հայտնվել ՓՀԷԿ-ի խողովակաշարում:
  • Ձկնապաշտպան կառույց ՓՀԷԿ-ի գլխամասում չկա:
  • Հեղնաջուր գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, ձկնատեսակներից հանդիպում է միայն կարմրախայտը Salmo fario: Խնդիր է, որ պատվարի կառուցման հետևանքով ձևավորված է լճականման ջրակալ, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արծաթափայլ կարասի այստեղ ներթափանցման և կլիմայավարժման  համար, ինչը ցանկալի երևույթ չէ: Մյուս կողմից, լճակում հավաքված ջուրը շատ ավելի է տաքանում ամռան և սառչում՝ ձմռան  ամիսներին, ինչը նույնպես խաթարում է կարմրախայտի, որպես գետային կենսաձև վարող տեսակի, բնականոն միգրացիաները և կենսակերպը:
  • Բնապահպանական թողքը Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 0.03խմ/վ: Ըստ ՋԹ-ի՝ ՓՀԷԿ-ը կարող է ողջ տարվա ընթացքում իրականացնել 37843.2 հազար խմ-ի ջրառ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2014թ-ին «Հեղնաջուր» ՓՀԷԿ-ը աշխատել է 12 ամիս եւ արտադրել է 2002626 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Դերիվացիոն խողովակաշարի տրամագիծը ու երկարությունը համապատասխանում է նախագծին, երկարությունը՝ 3471մ է, տրամագիծը՝ 1020մմ: Այն ամբողջովին թաղված է, և կատարված է ռեկուլտիվացիա:
  • Հեղնաջուր գետի վրա կառուցված  «Հեղնաջուր» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (ըստ նախագծի խողովակաշարի երկարությունը՝ 3471մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 12.85%:
  • Կայանում տեղադրված են որակյալ եվրոպական սարքավորումներ՝ ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով։ Տուրբինը չեխական է` Crossflow տիպի, որը սկսում է աշխատել ջրի նույնիսկ 10 % ապահովության դեպքում: Գեներատորը գերմանական արտադրության է։ Տեղադրված է 1 ագրեգատ՝ նախագծով նախատեսված 2-ի փոխարեն, ունեն թույլատրող փաստաթուղթ։
  • ՓՀԷԿ-ի  տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է: Տեղադրված է 1 տրանսֆորմատոր, որը կահավորված է յուղահավաք համակարգով:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար կա բիոզուգարան:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը  կատարվում է:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա: Հաջորդ տարի նախատեսում են տեղադրել ուլտրաձայնային սարքավորում:
  • Կայանային հանգույցում գործում է ավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառում կան կարգավորման սարքավորումներ, որոնք որոշ տվյալներ են փոխանցում կայան։
  • 2015թ-ին բնապահպանական տեսչությունը ստուգումներ է անցկացրել ՓՀԷԿ-ում, նշանակվել է 200 հազար դրամի վարչական տուգանք, շրջակա միջավայրին պատճառվել է 594 հազար դրամի վնաս:

Առաջարկություններ

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում:
  2. Ջրառում տեղադրել ջրաչափ` բնապահպանական թողքը հսկելու համար:
  3. Իրականացնել ձկնանցուղու կառուցվածքի համապատասխանեցում գետում բնակվող ձկնատեսակների կենսական պահանջներին ու ֆիզիկական հնարավորություններին:
  4.  Գտնել տեխնիկական լուծումներ ձկնապաշտպան կառույց տեղադրելու համար։
  5. Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված բնապահպանական թողքը, որը շատ փոքր է (0.03 խմ/վ)։
  6. ՓՀԷԿ-ը առավելագույն արդյունավետությամբ  օգտագործել ջրառատ սեզոնին, որպեսզի ջրասակավ ժամանակ պետք եղած դեպքում կայանը կանգնեցվի՝ գետի էկոհամակարգը լավ վիճակում պահելու համար։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



14:01 Սեպտեմբեր 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news