Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ

Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ

ԷկոԼուր

Ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա սկզբին «Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի» շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները։ Դրանք հիմք կհանդիսանան Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում արևային էլեկտրակայանների սակագների մրցութային կարգով ձևավորման համար:

Խորհրդատվական ընկերության կողմից արդեն իսկ ընտրվել են ֆոտովոլտային կայանների կառուցման 6 տեղանքները։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նպատակահարմար և առավել արդյունավետ են համարվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի տարածաշրջանները։

Հիշեցնենք, որ արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը: Ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում։

Այսօր Հայաստանում կան տեղադրված ցուցադրական ֆոտովոլտաիկ մոդուլներ: Սակայն դրանց հզորությունները չափազանց փոքր են։ Գերմանական և ամերիկյան տեխնոլոգիաներով այդպիսի ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ կան տեղադրված մասնավորապես Երևանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստիտուտում), որոնց հզորությունը կազմում է 9,8 կՎտ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

 

 

Նոյեմբեր 02, 2016 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր