«Ամասիա» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ամասիա» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ամասիա» փոքր ՀԷԿ: «Ամասիա» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Հովտուն համայնքի եւ Ամասիա քաղաքի  վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ախուրյան գետի վրա (գետի երկարությունը՝ 186 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷՐՍՏԵԴ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ին:
  •  Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 33.5մ է, հաշվարկային ճնշումը` 28.7մ, Ըստ Հանրային ծառայությունները կարոգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 33մ է:  ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 6.0մ3/վ, դրվածքային հզորությունը  1000կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դրվածքային հզորությունը 1600 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 6.05 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1.025մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 28.08.2013-28.08.2028թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 13.01.2011-08.01.2013թթ.: ՓՀԷԿ-ը ՋԹ-ի երկարացման համար դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին։
  • Կառուցված գլխամասային հանգույցը չի համապատասխանում նախագծային լուծումներին: Գլխամասում կառուցված է 4 մետր բարձրությամբ պատվար՝ նախագծով նախատեսված 2,6-ի փոխարեն։
  • Գլխամասում առկա է աստիճանաձև բետոնից կառուցված ձկնացարան` 19.50 մ երկարությամբ, 1.15 մ լայնությամբ, 1.0 մ բարձրությամբ: Առկա է 12 աստիճան, որոնց միջև եղած հեռավորությունը 1.3-1.8 մ է:  Աստիճանները կառուցված են մետաղական միջնորմներից, որոնց վրա կան ճեղքեր ձկների տեղաշարժի համար:   Ձկնանցարանի միջնորմների վրա գտնվող անցքերի տեղադրությունը, փոքրությունը և ջրի մեծ ճնշումը դրանցում էական դժվարություններ են ստեղծում հատկապես փոքր ձկնատեսակների, ինչպես նաև հաշամի (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում) բնականոն տեղաշարժը գետի հոսանքն ի վեր ապահովելու հարցում:
  • Առկա է աղբորսիչ 7.5 մ երկարությամբ, որի ճեղքերի միջև հեռավորությունը 2-2.5 սմ է: Այս ցանցի միջոցով ինչև 8-10 սմ երկարությամբ ձկները կհայտնվեն ՓՀԷԿ-ի խողովակաշարում:
  • Ձկնապաշտպան կառույց ՓՀԷԿ-ի գլխամասում չկա: Նախագծով Նախատեսված է եղել ձկնապաշտպան ցանց:
  • Ախուրյան գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, հանդիպում են հետևյալ ձկատեսակները՝

Կարմրախայտ Salmo fario (պատահական է հանդիպում),

Կողակ Capoeta capoeta

Կուրի ենթաբերան Chondrostoma cyri

Կովկասյան թեփուղ Squalius orientalis

Կուրի բեղաձուկ Barbus cyri

Արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii

Անգորական լերկաձուկ Oxynօemacheilus angorae

Կուրի լերկաձուկ Oxynօemacheilus brandtii

Հաշամ Aspius aspius (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում)

Կուրի սպիտակաձուկ Alburnus filippii

Արծաթափայլ կարաս Carassius  gibelio (կլիմայավարժված է)

Ամուրյան նրբաձկնիկ Pseudorasbora parva (կլիմայավարժված է):

  • Բնապահպանական թողքը Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 1.80խմ/վ:
  • ՓՀԷԿ-ից վերեւ կատարվում է ոռոգման համար անվերահսկելի ջրառ, ինչի պատճառով ՓՀԷԿ հասնող ջրի քանակը որոշել հնարավոր չէ։
  • Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը չպետք է աշխատի 5 ամիս` հունվարին, փետրվարին, հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին: Ոռոգման սեզոնին մայիսից սեպտեմբեր ՓՀԷԿ-ը պետք է  աշխատի:  Սակայն «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2014թ-ին «Ամասիա» ՓՀԷԿ-ը չի աշխատել 7 ամիս: ՓՀԷԿ-ն արտադրել է 584142 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Դերիվացիոն խողովակաշարի տրամագիծը` 1,6մ, երկարությունը` 806մ, համապատասխանում է նախագծային տվյալներին: Խողովակաշարը թաղված է հողի տակ։
  • Ախուրյան գետի վրա կառուցված «Մարմաշեն» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 587մ), «Փարոս»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1740մ), «Ամասիա» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 806մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3133մ) տոկոսային հարաբերությունը Ախուրյան գետի երկարության հետ կազմում է1.68%:
  • ՓՀԷԿ-ի շենքում  տեղադրված են տեղական արտադրության 4 ագրեգատներ: Աշխատում էին 3-ը:
  • ՓՀԷԿ-ի  տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է: Տրանսֆորմատորները կահավորված են յուղահավաք համակարգով:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսված է անջրթափանց հոր:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը  կատարվում է:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկային:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:

Եզրակացություն

ՓՀԷԿ-ի աշխատանքի արդյունավետության հետ կապված հնարավոր է՝ լուրջ խնդիրներ առաջանան, քանի որ ջրի քանակը ճիշտ չէ հաշվարկված, առկա է կոնֆլիկտ ոռոգման համակարգի հետ: Այդ պատճառով հնարավոր է սակավաջրության ժամանակ բնապահպանական թողքի նվազում կամ գետի ամբողջական ջրազրկում։

 Առաջարկություններ` 

  1. Հավաքագրել և մասնագիտորեն ուսումնասիրել ջրաբանական տվյալները` հաշվի առնելով, որ ոռոգման համար վերցվող ջրի քանակը չի վերահսկվում, եւ անհրաժեշտության դեպքում վերանայել ջրօգտագործման թույլտվությունը։
  2. Տեղադրել ջրառում  ավտոմատ կառավարման համակարգ եւ համապատասխան բնապահպանական մարմին կողմից կնքված ջրաչափ` չափելու բնապահպանական թողքը:
  3. Իրականացնել ձկնանցուղու կառուցվածքի համապատասխանեցում գետում բնակվող ձկնատեսակների կենսական պահանջներին ու ֆիզիկական հնարավորություններին:
  4. Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: 

 



18:08 Սեպտեմբեր 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news