Սոցիալական հնարավորությունները և էներգետիկ քաղաքականությունը. հայացք Հայաստանից

Սոցիալական հնարավորությունները և էներգետիկ քաղաքականությունը. հայացք Հայաստանից

ԷկոԼուր

Հայաստանի կառավարության կողմից տարվող Էներգետիկ քաղաքականության նկատմամբ քաղաքացիական հասարակության սոցիալական հնարավորությունների համապատասխանության հարցերը ներկայացվեցին «Հարավ-Կովկասյան կավճե շրջան» կոնֆերանսի շրջանակներում՝ Թբիլիսիում: Զեկուցող «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը մասնավորապես շեշտեց սոցիալական խնդիրները` կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի, հիդրոէներգետիկայի և փայտանյութի հետ:

Հայաստանում օգտագործվող Էներգետիկ ռեսուրսների բաշխվածությունը հետևյալն է. բնական գազը կազմում է էներգետիկ սեկտորի 60 %, հիդրոէներգետիկան` 6 %, ատոմային էներգետիկան` 20 %, ածուխն ու հեղուկ գազը` 1 %-ից քիչ: Կենսազանգվածը վառելափայտի զգալի կշռով կազմում է էներգետիկ սեկտորի 5.1 %-ը: Սա մեծ ծանրաբեռնվածություն է անտառների վրա` հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը սակավանտառ երկիր է, որտեղ անտառծածկույթը «Հայանտառ» պետական հաստատության տվյալներով կազմում է 11.2 %, իսկ տարբեր անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %:

Հայկական ատոմային էլեկտրակայանի մասով շեշտը դրվեց սոցիալական ջրային կոնֆլիկտի վրա: Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտում գտնվող բնակչության գլխավոր սոցիալական խնդիրներից մեկը ջրի դեֆիցիտն է: ՀԱԷԿ-ը իր լիարժեք աշխատանքի համար ջուր վերցնում է Արարատյան դաշտի ջրային աղբյուրներից՝ Սևջուր գետից և ստորգետնյա աղբյուրներից: Սևջուր գետի սնուցումը կրճատվել է Արարատյան դաշտի ձկնաբուծարանների կողմից ջրի սպառման անհավասարակշռության պատճառով, իսկ Սևջուր գետի ակունքների բնական աղբյուրների որոշ խմբեր անհետացել են (օրինակ՝ Կուլուբեկլուի, Տարոնիկի): Ակնալճի մակերեսը նվազել է 10 անգամ, ինչը կտրուկ կրճատել է լճից ջրի բնական ելքը: ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող բնակչությունը ջրի սուր դեֆիցիտ է զգում, որը շարունակվում է: Այս գոտում նոր հորատվող հորերը կօգտագործվեն ՀԱԷԿ-ի ջրամատակարարման համար:

Հիդրոէներգետիկայի հետ կապված սոցիալական խնդիրները «ԷկոԼուր» կազմակերպությունը ուսումնասիրել է ավելի քան 80 համայնքներում, որոնք գտնվում են փոքր ՀԷԿ-երի, Սևան-Հրազդան և Որոտան հիդրոկասկադների ազդեցության տակ: «Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտը գործում է վաղուց, սակայն այս ոլորտի ռազմավարությունը և քաղաքականությունը նոր է մշակվել, և դեռևս չունի գործողությունների ծրագիր: Սրան ավելանում է գործող էներգետիկ ընկերությունների նկատմամբ ոչ բավարար վերահսկողությունը, էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությամբ վատ սարքավորումները: Արդյունքում ընկերություններն օգտագործում են գետերից մաքսիմալ քանակությամբ ջուր՝ փաստացի ջրազրկելով գետերը ջրասակավ սեզոնին: Փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ էկոլոգիական խնդիրներն ուղղակիորեն արտացոլվում են ազդակիր համայնքների վրա: Մարդիկ կորցնում են ջուրը, կենսաբազմազանությունը, անտառը, ոռոգվող հողատարածքները, և նրանց կյանքի որակը վատթարանում է:

Ընդ որում, ազդակիր համայնքների համար սոցիալական ծրագրեր նախատեսված չեն, նաև նախատեսված չէ արտոնյալ սակագնով էլեկտրաէներգիայի մատակարարում: Առաջացած սուր սոցիալական կոնֆլիկտների համար լուծումներ դեռևս չկան», - մասնավորապես նշված է զեկույցում:
Սոցիալական կարիքների վերաբերյալ ուսումնասիրության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում փայտանյութը: Ցածր սոցիալական մակարդակ ունեցող համայնքներում, որպես կանոն, օգտագործում են փայտ, քանի որ գազն ու էլեկտրաէներգիան թանկ արժեն, և սակագները չեն համապատասխանում եկամուտներին: Հայաստանում պաշտոնապես թույլատրված հատումների ծավալը կազմում է 35 հազար խմ/տարեկան, բայց ապօրինի հատումների ծավալը գերազանցում է թույլատրելի ծավալը: Սա չհաշվարկված, մեծամասամբ ապօրինի փայտանյութն է: Հետևաբար, այս ոլորտը քրեականացված է: Այն բնակիչները, որոնց բռնում են ապօրինի հատումների համար, ենթարկվում են մեծ տուգանքների, անգամ բերման են ենթարկվում ոստիկանություն: Բայց այսպես կոչված տեղային «հեղինակությունների» նկատմամբ օրենքները չեն կիրառվում, ինչն առաջացնում է անարդարության, ամենաթողության մթնոլորտ և ունի կոռուպցիոն բնույթ:

 

Մարտ 09, 2017 at 13:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր