Արագածոտնի և Կոտայքի մարզերի շուրջ 1040 հա հող՝ նոր արևային ֆոտովոլտային կայանների համար

Արագածոտնի և Կոտայքի մարզերի շուրջ 1040 հա հող՝ նոր արևային ֆոտովոլտային կայանների համար

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում նախատեսվում է արդյունաբերական մասշտաբի ընդհանուր 400 ՄՎտ հզորությամբ 2 արևային ֆոտովոլտային կայանի կառուցում: ՀՀ կառավարությունը 2019թ-ի դեկտեմբերի 26-ին հավանություն տվեց «ՄԱՍԴԱՐԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ներդրումային ծրագրին:

«ՄԱՍԴԱՐ ԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ»-ը նախաձեռնել են Արաբական էմիրություններում հիմնադրված Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ն (Masdar) և 2019թ-ին ՀՀ կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF):

Ընկերությունները մտադիր են Արագածոտնի և Կոտայքի մարզերում ընդհանուր 1040 հա հողատարածքի վրա կառուցել 2 արևային ֆոտովոլտային կայան՝ յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ: Էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը 1կՎտժ-ի դիմաց սահմանվել է 2.95 ԱՄՆ ցենտ/կՎտժ (առանց ԱԱՀ): Կայանների կառուցման և շահագործման համար նախատեսվում է հիմնադրել համատեղ ընկերություն, որտեղ ANIF-ն ունենալու է 15% բաժնեմասնակցություն, իսկ Masdar-ը՝ 85%:

ՀՀ կառավարությունը սակայն որոշել է ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հայտարարել միջազգային մրցույթ` ավելի ցածր սակագնով ծրագիրն իրականացնելու ներդրողների համար:

Առաջին կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ համայնքներից:

Երկրորդ կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Եղվարդ, Նոր Եդեսիա համայնքներից:

ՀՀ կառավարությունը դիտարկում է հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով և համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

Արդեն հայտնի է, որ կայաններից 1-ը կոչվելու է «Այգ-1»: Սույն թվականի մայիսի 21-ին գործադիրը որոշեց հաստատել «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները:

Համաձայն որոշման՝ Ծրագիրը պետք է նախագծվի, կառուցվի և շահագործվի շրջակա միջավայրի պահպանության ազգային նորմերին և դրույթներին համապատասխան: Հաղթող ճանաչված հայտատուից կպահանջվի որպես Ծրագրի բաղկացուցիչ մաս մշակել համապարփակ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում: Հաղթող ճանաչված հայտատուն պատասխանատու կլինի տվյալ ծրագրի համար անհրաժեշտ բոլոր շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնեցումների ձեռք բերման համար:

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տվել է իր համաձայնությունը՝ նշելով կայանի շահագործման ավարտից հետո թափոնների ուտիլիզացման և երկրորդային օգտագործման գործընթացի մասին:

Ակնկալվում է, որ «Այգ-1» արևային կայանը շահագործման կհանձնվի 2023թ. թվականի վերջին։

Մայիս 25, 2020 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր