Ինչպես էին կանայք պաշտպանում իրենց իրավունքները Գեղարքունիքի մարզում

Ինչպես էին կանայք պաշտպանում իրենց իրավունքները Գեղարքունիքի մարզում

ԷկոԼուր

«Կանաչ» իրավունքների պաշտպանության հարցում կանայք կարող են դառնալ հասարակության առավել ակտիվ մասը: Իրենց փորձով կիսվեցին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և «Բլեջան» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը «Հարավ-Կովկասյան կավճե շրջան» կոնֆերանսի ժամանակ՝ Թբիլիսիում:

Արգիճի գետի վտակի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման մասին առաջին ահազանգը հնչեց 2010 թվականին: Ահազանգը հնչեցրեցին 5 համայնքների բնակիչներ՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն:

«Արգիճին Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետն է: Սկզբում կար մտադրություն փոխել գետի հունը և նրա ամենամեծ վտակներից մեկը օգտագործել փոքր ՀԷԿ-ի համար: Իսկ այդ գետը ջրով էր ապահովում 5 համայնքների: Բնակիչներն ահազանգ հնչեցրեցին: Բնակիչների իրավունքների պաշտպանության գործընթացի մեջ ներգրավվեցին տեղի հասարակական կազմակերպությունները և մեր կազմակերպությունները: Անցկացվեցին բողոքի ակցիաներ, ակտիվ քննարկումներ: Մարդիկ անգամ փակեցին ճանապարհը, քանի որ դա իրենց ձայնը կառավարությանը հասցնելու ամենակարճ ճանապարհն է: Երկար բանակցություններից հետո ճանապարհը բացեցին: Բնակիչների վրա, այդ թվում նաև կանանց, ճնշումներ էին գործադրվում դատախազության կողմից: Բայց մենք ներկայացրեցինք ապացույցներ այդ նախագծի անօրինականության մասին: Արդյունքում նախագիծը կանգնեցվեց և որոշում կայացվեց ապամոնտաժել ՀԷԿ-ը», - ներկայացրեց Անահիտ Գևորգյանը:
Լիանա Ասոյանը նշեց, որ այդ ընթացքում բնությանն արդեն պատճառվել էր բավականին մեծ վնաս: Ակտիվացել էին սողանքները, սկսել էր նկատվել հողի էրոզիա: Տեղի իշխանությունները պարզապես զգուշացում արեցին: Արդյունքում հաշվարկվեց 400 հազար դրամի տուգանք: «Ինչո՞ւ հենց 400 հազար դրամ: Որովհետև մեր օրենսդրությամբ եթե լիներ 401 հազար, ապա գործը կփոխադրվեր դատարան», - ընդգծեց Լիանա Ասոյանը: «Եվ այդ ջուրը ցանկանում էին տանել այն համայնքներից, որտեղ կանայք ջուրը դույլերով են կրում: Բացի այդ, այդ գետն ունի յուրահատուկ կենսաբազմազանություն: Այնտեղ են ապրում կարմիրգրքյան, էնդեմիկ տեսակներ», - նշեց նա:
Մի քանի տարի անց ներկայացվեց նոր նախագիծ՝ նույնանման ռիսկերով:

«Առաջին նախագծից հետո մարդկանց վրա գործադրվել են մեծ ճնշումներ: Նրանց տանում էին դատախազություն, այդ թվում՝ կանանց: Եվ երբ մեկնարկեց երկրորդ նախագիծը, բողոքներ չհնչեցին: 2 տարվա մեջ եղավ 4-5 վթար: Վնասվեցին բնակիչների հողերը, նրանց բերքը, տուժեց ձկնային աշխարհը: Մարդկանց տվեցին 100-200 դոլարի չափով փոխհատուցում: Կոնֆլիկտը նրանում էր, որ տուժածները պնդում են, որ այդ գումարները փոխհատուցում է, և նրանք չէին պատկերացնում, որ դա իրենց հողերի դիմաց ստացած գումարն է»: Իսկ ընկերությունը և տեղի վարչական մարմինները պնդում էին, որ դրանք սերվիտուտի պայմանագրով նախատեսված գումարներն են: Կոնֆլիկտը հանգեցրեց դատական գործընթացի, սկսվեցին գործադրվել ճնշումներ: Եվ հասարակական կազմակերպությունները կանգնեցին՝ պաշտպանելու տեղի կանանց իրավունքները: Բնակիչների հողերն արդեն օգտագործվել էին շինարարության համար, բայց, ի վերջո, նրանց հաջողվեց ստանալ լրացուցիչ փոխհատուցում», - պատմեցին բանախոսները:

2016 թվականի ամռանը ԷկոԼուրի փորձագիտական խումբն այցելել է «Արգիչի» փոքր ՀԷԿ և անցկացրել է այնտեղ անկախ մոնիտորինգ: Մոնիտորինգի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մարտ 14, 2017 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր