ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրն այցելեց ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղ:
Մոտ 500 բնակչություն ունեցող Ծավում եկամուտ ստանում են հողագործության և անասնապահության շնորհիվ: Որպես ոռոգման աղբյուր օգտվում են Ծավ գետից, որի վրա կառուցված է փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ):
Ծավի բնակչի խոսքով՝ փոքր ՀԷԿ-ը ոռոգմանը չի խանգարում: Իսկ սակավաջուր սեզոնին՝ ամռանը, ՓՀԷԿ-ը կանգնեցնում է իր աշխատանքը: «ՀԷԿ-ի վնասն այն է, որ մեր գյուղում է կառուցված, բայց գյուղացուն ոչ մի օգուտ չկա, ուղղակի գյուղից մի քանի հոգի աշխատում են այնտեղ: Մենք 8 շունչ ենք, բայց մեզանից ոչ մեկը չի աշխատում»,- ասաց Ծավի բնակիչը:
Հարցին՝ ինչ սոցիալական աջակցություն կցանկանային ստանալ բնակիչները ՓՀԷԿ-ի ղեկավարությունից, Ծավի բնակիչը պատասխանեց. «Գոնե մի 10 տոկոս զեղչ անեին լույսի համար»:
Փոքր ՀԷԿ-ի ազդեցության վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց նաև Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանի հետ: Նրա խոսքով՝ նախկինում գյուղը ունեցել է կոնֆլիկտ ՓՀԷԿ-ի տնօրինության հետ, որը հետագայում լուծվել է: «Առաջին տարին կային կոնֆլիկտներ, երևի իրենք ուզում էին շատ գումար վաստակել և շատ ջուր էին օգտագործում, բայց մենք թույլ չտվեցինք, խնդիրները հարթվեցին: Հիմա ամեն ինչ նորմալ է, և ՓՀԷԿ-ը ոռոգմանը չի խանգարում», - ասաց Ծավի գյուղապետը: Սեյրան Զաքարյանը նաև նշեց, որ փոքր ՀԷԿ-ի շահագործումը համայնքում չի առաջացնում որևէ բնապահպանական խնդիր: Ձկնուղին նորմալ աշխատում է, գետում էլ ջուր կա, ասաց գյուղապետը: Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերի իրականացմանը, Սեյրան Զաքարյանը հայտնեց, որ ՓՀԷԿ-ի ղեկավարության կողմից համայնքում յուրաքանչյուր տարի մի խնդիր լուծվում է: Որպես օրինակ գյուղապետը բերեց փողոցային լուսավորության անցկացումը, գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգումը: «Ընթացիկ խնդիրներ եթե լինում են, դիմում ենք, չեն ընդդիմանում, օգնում են», - նշեց Ծավի գյուղապետը:
Հունվար 27, 2016 at 14:33