ԷկոԼուր
Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայաններով (ՓՀԷԿ) ամենածանրաբեռնված մարզը Սյունիքն է՝ 46 ՓՀԷԿ, որոնցից 12-ը կառուցման փոլում են: Այս տարածաշրջանում փոքր ՀԷԿ-երի տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ազդեցության վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց Կապանում գործող «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան - Էկոլոգ Արթուր Ղազարյանի հետ:
Վերջինս մտահոգություն հայտնեց բնության հատուկ պահպանվող և դրանց հարակից տարածքներում գործող ՓՀԷԿ-երի վերաբերյալ. «Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում տեղակայված են ՀԷԿ-եր, որոնք ազդեցություն ունեն հենց բնության վրա: Պահպանվող տարածքի հարակից տարածքներում ևս կառուցված են ՀԷԿ-եր, որոնք կարող են խնդիրներ առաջացնել՝ կապված էկոհամակարգի հետ… ՀԷԿ-երը կարող են նաև խնդիրներ առաջացնել՝ կապված մարդկանց սեփականության իրավունքի հետ… Մեր ՀԷԿ-երի մեծ մասը գտնվում են փնթի վիճակում: Պետությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի ՀԷԿ-երի կառուցման գործընթացին, դրանց ազդեցությանը բնության և համայնքների վրա …»:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) նոր օրենքի համաձայն՝ ՓՀԷԿ-երը դիտվում են ռիսկային ամենացածր կատեգորիայում և չեն համարվում շրջակա միջավայրի վրա լուրջ ազդեցություն ունեցող օբյեկտ: Իրավաբան-էկոլոգը օրենքի այս կետը որակեց որպես զարմանալի և անհասկանալի. «ՀԷԿ-երի փաստաթղթաշրջանառությունից սկսած և կառուցման գործընթացից ելնելով՝ իրենք գտնվում են բարձր ռիսկային գոտում: Կառուցման և հետագա շահագործման գործընթացը շատ դեպքերում ցույց է տվել, որ դա արվում է բնության հաշվին. ոչնչացվում են անտառներ, բերրի հողի տարածքներ, ջրային ավազաններ, կենդանական աշխարհը և այլն: Զարմանալի է և անհասկանալի՝ ինչի համար ՀԷԿ-երը պետք է գտնվեն ցածր, այլ ոչ թե բարձր ռիսկային գոտում»:
Արթուր Ղազարյանը մտահոգիչ համարեց նաև կառավարության կողմից տեսչական ստուգումների կասեցումը 2015 թվականի հուլիսի 30-ի N 839-Ա որոշումով: Նրա կարծիքով՝ կառավարությունն այսպիսով թուլացրեց իր իսկ կողմից իրականացվող վերահսկողությունը: «Եթե կառավարությունը որոշում է կայացրել ընդհանրապես տեսչական գործառույթներ չիրականացնել, մեզ համար ուղղակի անհասկանալի է՝ ինչ նպատակ ունի կառավարությունը՝ կապված տեսչական գործառույթների դադարեցման հետ: Կառավարությունը պետք է անպայման վերսկսի ստուգումները, իսկ ընկերությունները պետք է միշտ զգաստ և ձիգ լինեն իրենց գործառույթների մեջ: Դա օրենքով է պայմանավորված, և ամբողջ վերահսկողությունը կառավարության վրա է»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 19, 2016 at 14:53