Երեք հիդրոէլեկտրակայանները զրկել են կաթնառատցիներին գետից օգտվելու հնարավորությունից

Երեք հիդրոէլեկտրակայանները զրկել են կաթնառատցիներին գետից օգտվելու հնարավորությունից

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ գյուղի տարածքով է հոսում Ձորագետ գետը, որի վրա կառուցված է երեք ՓՀԷԿ:

 «Մենք գետ ենք ունեցել, ամառը շատ ուրախությամբ գնում էինք գետի ափը, մեր երեխեքը լողանում էին գետում, բայց հիմա էլ չունենք, - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին գյուղի բնակիչները,- Գետի ջուրը կտրեցին, գյուղի բնակիչը չի օգտվում ջրից, ջուր չկա»:

«Առաջ ուրախանում էինք, որ ՀԷԿ էին կառուցել, ասում էին, որ գյուղին էլեկտրականություն կտան...Ոչ մի բան էլ չեն անում, ՀԷԿ-երը կառուցելուց սաղ ճանապարհներն ավերեցին, ոչ էլ վերանորոգեցին», - բողոքեցին կաթնառատցիները: «Էսքանից հետո լույսն էլ թանկացնում են, ամոթա էլի, ժողովուրդը սաղ փախան, գնացին», - վրդովվեց տեղի բնակիչը:

Մեր կողմից նշենք, որ փոքր ՀԷԿ-երը էլեկտրաէներգիան վաճառում են «Հարաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը, եւ ՓՀԷԿ-երն իրավունք չունեն էլեկտրէներգիա վաճառել սեփական հայեցողությամբ:

Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը նշում է, որ Ձորագետի ջուրը ոռոգման նպատակով համայնքը չի օգտագործել: Նրա խոսքով՝ համայնքում ոռոգելի հողատարածքներ և ոռոգման համակարգ չկա, և գետի ջուրը իրենք օգտագործում էին տնտեսական և խմելու նպատակով: Ռուբիկ Ղազարյանն արդարացի է համարում բնակիչների բողոքը և հաստատում, որ, իսկապես, ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման արդյունքում գետով ջուր այլևս չի հոսում: «Ժողովրդի ըմբոստությունը ճիշտ է, որովհետև գետով ջուր չի գալիս: Եթե իրենք ջուրն օգտագործում են, 25-30 տոկոս հոսքը պետք է պահպանեն, իսկ իրենք գետի հոսքը չեն պահպանում: Հիմնականում սա է խնդիրը: Մնացածն արվել է համաձայն բնապահպանության նախարարության, ինչու չէ՝ մեր համաձայնությունն էլ է եղել, որովհետև այսօրվա դրությամբ աշխատատեղեր ստեղծելը գյուղում շատ դժվար է», - ասաց գյուղապետը և հավելեց, որ 3 ՓՀԷԿ-երում գյուղից աշխատում է մոտ 15-20 հոգի, իսկ գյուղն ունի 1060 բնակիչ: Նա նաև նշեց, որ երեք ՓՀԷԿ-երը միասին համայնքի բյուջե տարեկան մուտք են անում 150.000 դրամ հողի վարձավճար:

«Մենք միշտ էլ ասել ենք, բայց իրենք իրենց սև գործը անում են. մենք էստեղից բողոքում ենք՝ բացում են, հետո նորից փակում են, - ասաց Ռուբիկ Ղազարյանը, - առաջ կարմրախայտ ձուկ կար, բայց հիմա իրենք որ նորմերը չեն պահպանում, էդ ձուկն էլ վերանում է արդեն»:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



Նոյեմբեր 09, 2015 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր