«Գետիկ ՓՀԷԿ-4» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գետիկ ՓՀԷԿ-4»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գետիկ ՓՀԷԿ-4» փոքր ՀԷԿ:  ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է Գեղարքունիքի Ձորավանք համայնքի վարչական տարածքում, ջրբացթումը՝ Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Գետիկ գետի վրա (երկարությունը 58կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷՅԷՆԴԻՋԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի,  103.7մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  3330 կՎտ է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ 01.01.2016թ-ի ցուցանիշների, 12.35մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 12.35 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 04.04.2014-04.12.2029թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 12.10.2012 - 12.02.2013թթ..:
  • ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատների եւ իրական կոորդինատների միջեւ տարբերություններն աննշան են:
  • Ջրընդունիչը կազմված է երկխցանի տղմազտարանից, երկու սեկցիայով պատվարից: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում` խողովակաշարում առկա վթարի պատճառով:
  • Բետոնե պատվարի երկարությունը 17 մ է, բարձրությունը՝ 3,3 մ:
  • Պատվարի ձախ մասում  կառուցված է 1,5 մ լայնությամբ և 20 մ երկարությամբ ձկնանցարան, որն ունի 12 վանդակ։ Վանդակների երկարությունը 1,7 մ է, և ջուրn անցնում է ճեղքերի միջով։ Ձկնանցարանի մուտքի վրա տեղադրված է կարգավորման փական, որի բարձրացնելու կամ իջեցնելու միջոցով հնարավոր է կարգավորել ձկնանցարան լցվող ջրի քանակը՝ ընդհուպ մինչև ամբողջովին փակելը։ Առաջին վանդակի մեջ գետի ջուրը թափվում է մոտ 1մ բարձրությունից, ինչն անհնար է դաձնում ձկների տեղաշարժը գետի հոսանքի երկու ուղղությամբ:
  • Տղմազտարանը կահավորված է աղբապահ ճաղավանդակով, իսկ խողովակաշարի մուտքամասում առկա է ճաղերի միջեւ 2.5սմ հեռավորությամբ ցանց:
  • Գետիկ գետում հանդիպում են կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, Կուրի լերկաձուկը, կողակը, արծաթափայլ կարասը: Ֆերմերային տնտեսություններից այստեղ հաճախ են  թափանցում նաև ծիածանախայտը, երբեմն՝ կարպը:
  • Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 5200մ է, տրամագիծը՝ 1.4մ: Այն թաղված չէ:
  • Գետիկ գետի վրա կառուցված «Էրիկ» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2050մ), «Գետիկ-1» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 7260մ), «Գետիկ 4» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 5200մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 25.01 %:
  •  Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Գետիկ ՓՀԷԿ-4» ՓՀԷԿ-ի համար սահմանված է 0.143 մ3/վ  բնապահպանական թողք:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ:
  • Ջրընդունիչում առկա է քանոն, որով չափվում է ՓՀԷԿ-ի համար օգտագործվող ջրի մակարդակը:
  • Փորձագիտական խումբը ՓՀԷԿ-ի շենքում չի եղել. այն փակ է եղել: Կայանում տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 3 հիդրոագրեգատ նախագծով նախատեսված 2-ի փոխարեն:
  • Դիտարկման պահին կայանային հանգույցի տարածքը բարեկարգ և կանաչապատված չէր, լցված էր տարբեր տեսակի թափոններով:
  • Ցանկապատված է միայն տրանսֆորմատորային կայանը: Տրանսֆորմատորների տակ յուղորսիչ չկար:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գետիկ ՓՀԷԿ-4»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 7 ամիս` հուլիսից մինչեւ դեկտեմբեր՝ արտադրելով 758008 կՎտ էլեկտրաէներգիա (հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 12.35 մլն.կՎտ.ժամ է):
  • Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքներն են՝ «Դիլիջան» ազգային պարկը, «Գետիկի» արգելավայրը: ՓՀԷԿ-ը մոտ է նաեւ Ճամբարակի անտառտնտեսությանը:

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Ստանալ շահագործման ՋԹ, որտեղ  վերանայված կլինի  0,143 մ3/վ բնապահպանական թողքի չափաքանակը ավելացնելու միտումով, քանի որ այդ չափաքանակի թողքը չի կարող ապահովել գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  • Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների բնականոն տեղաշարժը։ Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակող մետաղյա կոնստրուկցիան։
  • Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
  • Կայանի տարածքը բարեկարգել, կանաչապատել, իրականացնել ծառատունկ։ Խողովակաշարը թաղել հողի տակ։
  • Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Ապրիլ 22, 2016 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր