Հայաստան. կլիմայի փոփոխություն, հարմարվողականության միջոցառումներ

Հայաստան. կլիմայի փոփոխություն, հարմարվողականության միջոցառումներ

ԷկոԼուր

Գլոբալ միջին ջերմաստիճանն անմիջականորեն կախված է Երկրագնդի մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունից: Ջերմոցային գազերի արտանետումների սահմանային  թույլատրելի ծավալը կազմում է 2900 գիգատոննա, ինչը թույլ է տալիս պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը 2 աստիճանից ցածր մակարդակում նախարդյունաբերական շրջանի ջերմաստիճանի նկատմամբ:

2011 թ-ին համաշխարհային արտանետումների ծավալը կազմել է 1900 գիգատոննա՝ ընդհանուր թույլատրելի ծավալի 65% -ը: Դրան զուգահեռ, գլոբալ միջին ջերմաստիճանն  աճել է 1 աստիճանով՝ համեմատած նախաարդյունաբերական շրջանի հետ: Հաշվի առնելով արտանետումների շարունակական աճը, մինչև 2100 թ-ը գլոբալ միջին ջերմաստիճանը կարող է աճել 2.9-3.4 աստիճանով:

Հայաստանի ազդեցությունը  համաշխարհային կլիմայական համակարգի վրա աննշան է, և երկրի մասնաբաժինը գլոբալ արտանետումների ծավալում կազմում է ընդամենը 0.014%: Այսպիսով, 2016 թ-ին ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում կազմել են 10 283.94 գիգագրամ` ըստ CO2- ի համարժեքի (բացառությամբ անտառային և այլ հողօգտագործումը):

Չնայած գլոբալ համատեքստում կլիմայի փոփոխության գործընթացների վրա իր փոքր ազդեցությանը, Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Հայաստանում ջերմաստիճանի աճը գլոբալ միջին ցուցանիշից բարձր է: Միայն 1929-ից 2016 թթ-ին միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով (1961-1990 թթ-ի համեմատ) (նկար 1): Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, 1935-2016 թթ-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է միջին տարեկան տեղումների անկում 9%-ով:

Նկար 1. Ջերմաստիճանի շեղումները

Նկար 2. Տեղումների շեղումները

Կլիմայի փոփոխության հետ կապված բացասական երևույթները

• 1975-2016 թթ-ին ընկած ժամանակահատվածում Հայաստանում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների թիվն աճել է 20% -ով ՝ համեմատած 1961-1990  թթ-ի հետ:

• Կլիմայի փոփոխությունն այլ  գործոնների հետ մեկտեղ ազդում է կենսաբազմազանության վրա: Հայաստանի բույսերի Կարմիր գրքի վերջին հրատարակությունը (2010 թ.) ներառում է բարձրակարգ բույսերի 452 տեսակ, որոնցից 72-ը գտնվում են ոչնչացման եզրին:

• Հողերի դեգրադացիան կլիմայի փոփոխության ամենածանր հետևանքներից մեկն է: Հայաստանի տարածքի 77.4% -ը գտնվում է անապատացման վտանգի տակ, և միայն 22.6% -ն է, որ չի ենթարկվել անապատացման գործընթացների:

• Անտառային էկոհամակարգերի վրա ճնշումը սերտորեն կապված է կլիմայի փոփոխության հետ, որն էլ իր հերթին կապված է հաճախակի դարձած անտառային հրդեհների հետ, ինչպես նաև վնասված տարածքների: Հաճախակի են դարձել նաև դեպքերը, երբ անտառը տուժում է վնասատուների պատճառով: Կլիմայի փոփոխության հետևանքով անտառային էկոհամակարգերը տեղաշարժվում են ուղղահայաց գոտիավորմամբ 100-200 մետրով դեպի վեր, և տափաստանային բույսերը հայտնվում են անտառի ստորին հատվածում:

• Կլիմայի փոփոխության հետևանքով տարածքների չորացումը բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա, հաճախակի են դառնում ջերմային ալիքների շրջանները (երբ միջին օրական ջերմաստիճանը 25 աստիճանից բարձր է 5 օրվա ընթացքում), ինչը բացասաբար է անդրադառնում բնակչության առողջության վրա, հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց:

• Դիտվում է նաև եղանակային արտակարգ երևույթների աճ, ինչպիսիք են հեղեղումները, ուժեղ քամիներն ու երաշտը: Վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության մեջ արձանագրված հիմնական կորուստները հաճախակի դարձած կարկուտի և գարնանային ցրտահարության դեպքերի հետևանք են:

Հայաստանում կլիմայի փոփոխությունը զարգանում է անբարենպաստ սցենարներով: Այսպես, ՀՀ-ում կլիմայի փոփոխության մասին 3-րդ ազգային հաղորդագրությանհամաձայն,կանխատեսումները հետևյալն են.

• գետային հոսքը մինչև 2030 թ-ը կնվազի 11,9% -ով, մինչև 2070 թ-ը՝ 24% -ով, իսկ մինչև 2100 թ-ը՝ 37.8% -ով

• ալպյան և ենթալպյան արոտավայրերի մակերեսները կկրճատվեն 19 և 22% -ով համապատասխանաբար, իսկ կիսաանապատային և մարգագետնային տափաստանային տարածքների մակերեսները կնվազեն 17% -ով

• անտառային էկոհամակարգերը կտուժեն հրդեհներից, հիվանդություններից և վնասատուների զանգվածային բազմացումից, ինչը մինչև 2030 թ-ը կարող է հանգեցնել 14000-ից մինչև 17000 հեկտար անտառային տարածքների կորստի

• ագրոկլիմայական գոտիները մինչև 2030 թ-ը կտեղափոխվեն 100 մետր ավելի բարձրության վրա, իսկ մինչև 2100թ-ը`200-400 մետր

• կշարունակվի գյուղատնտեսական նշանակության հողերի արտադրողականության անկումը և դեգրադացիան, ընդ որում, լրացուցիչ ոռոգման ջրի անհրաժեշտությունը կկազմի մոտ 202 միլիոն խմ:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության հետ կապված միջազգային գործընթացներին: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան 1992 թ-ի հունիսի 13-ին և վավերացրել այն 1993 թ-ի մայիսի 14-ին որպես երկիր, որն ընդգրկված չէ հավելվածում I-ում: Հայաստանը միացել է նաև կոնվենցիայի ներքո գործող բազմաթիվ այլ միջազգային համաձայնագրերի, մասնավորապես, Կիոտոյի արձանագրությանը և Փարիզի համաձայնագրին:

Կարևոր քայլերից մեկն այն էր, որ 2015 թ-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC) փաստաթղթին և այն ներկայացրեց  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն 2015 թ-ի սեպտեմբերի 22-ին ՝ պարտավորվելով 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում, ինչպես նաև նախանշեց երկարաժամկետ նպատակ`ավելացնել անտառածածկ տարածքների մակերեսը 20.1% -ով: Այսինքն, անհրաժեշտ է լրացուցիչ տնկել 270 հազար հեկտար անտառ:

Ներկայում Հայաստանը հայտարարել է, որ հանձնառու է թարմացնել INDC-ն՝ կլիմայի փոփոխության աճող ազդեցության և ռիսկերի նվազեցման համար՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի: Հանդիսանալով Արևելյան գործընկերության երկիր և ԵՄ-ՄԱԶԾ «Կլիմա ԵՄ4» տարածաշրջանային ծրագրի շահառու՝ Հայաստանը ստանում է աջակցություն երկրի INDC- ի թարմացման և կլիմայական ծրագրի իրականացման համար:

Էական նշանակություն է տրվում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին: Հարմարվողականության ազգային ծրագիրը մշակվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 2.999.593.00 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի միջոցով: Ծրագիրը գործելու է մինչև 2022 թ-ը: Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնակցությամբ և համակարգմամբ: Հարմարվողականության համալիր միջոցառումների մշակման և ներդրման համար հիմնական խնդիրները հետևյալ գործոններն են.

- համակարգված դիտարկումների, գիտական տվյալների և խոցելիության տնտեսական գնահատումների բացակայությունը

- իրազեկվածությունը գրեթե բոլոր մակարդակներում

- պատրաստված կադրերի պակասը

- ոլորտային մակարդակներում հարմարվողականության պլանավորման գործընթացներում ինտեգրման բացակայությունը

- հարմարվողականության ծրագրերի  տեխնիկական և ֆինանսական հիմնավորվածության պատրաստման համար գիտելիքների անբավարար մակարդակը

- տեղական մակարդակում ֆինանսական միջոցների պակասը երկարաժամկետ պլանավորման համար:

Հարմարվողականության ազգային ծրագրում նշված հիմնական խնդիրներն են.

1) Հարմարվողականության ազգային ծրագրի հայեցակարգի մշակում, 2) հիմնական խոցելի ոլորտների համար հարմարվողականության շրջանակային ազգային ծրագիր, 3) հարմարվողականության ծրագրեր ամենաքիչը 4 ոլորտի համար 4) հարմարվողականության տարածաշրջանային 2 ծրագիր, 5) Հարմարվողականության ազգային ծրագրի իրականացման ռազմավարություն, 6) Հարմարվողականության ազգային ծրագրի ֆինանսական ռազմավարություն, 7) կլիմայի նկատմամբ հարմարվողականության բարելավում և ռիսկերի նվազեցում քաղաքային և գյուղական համայնքներում. 8) գենդերային ներառականություն, 9) ուղեցույցներ և մեթոդաբանություն հարմարվողականության բարելավման և հարմարեցման ինտեգրման համար, 10) վերապատրաստումներ և կարողությունների զարգացում, 11) հարմարվողականության ծրագրերի փաթեթի նախապատրաստում:

Հաջողությամբ իրագործված հարմարվողականության ծրագրերից մեկը «Հայաստանի լեռնային և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվողականության» ծրագիրն է: Այս ծրագրում Հայաստանի անտառային էկոհամակարգերը սահմանվում են որպես բնապահպանական գլոբալ առաջնահերթություն:

Սյունիքի մարզը սահմանվում է որպես երկրի ճգնաժամային խոցելի շրջան՝ նրա հարուստ բազմազանությամբ եզակի լեռնային և անտառային էկոհամակարգերի համար կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի առումով: Ֆինանսավորումը տրամադրել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ)՝ 900.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ ՀՀ կառավարությունը՝ 1.900.000.00 ԱՄՆ դոլարի չափով:

Ծրագրի արդյունքում իրականացվել են միջոցառումներ անտառի մասնատման նվազեցման ուղղությամբ, անտառտնտեսություններին տրամադրվել են հակահրդեհային սարքավորումներ, փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, որոնցով արգելվում է անտառային էկոհամակարգերին հարող դաշտերում գյուղատնտեսական մնացորդների այրումը:

Վերջին տարիներին Հայաստանը սկսել է ակտիվ համագործակցել Հարմարվողականության հիմնադրամի հետ: Ներկայացնենք հարմարվողականության ամենահետաքրքիր ծրագրերը.

«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը: Ծրագրի նպատակներն են՝ կանաչապատել Արթիկ քաղաքում լքված բացահանքերի 40 հեկտար տարածքը և ստեղծել հանգստի գոտի, ստեղծել աղետների արագ իրազեկման համակարգ, գյուղական համայնքների բնակիչների համար իրականցնել աշխատանքներ գյուղատնտեսական հողերի, վարելահողերի ու արոտավայրերի բարելավման ուղղությամբ: Ծրագրի ֆինանսավորման չափը1.435.100 ԱՄՆ դոլար է:

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի շրջանակներում Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքներում ստեղծվում են արևային էներգիայով սնվող ոռոգման համակարգեր, արևային չորանոցներ և ջերմոցներ, իրականացվել են վարելահողերի և արոտների վերականգնման, ինչպես նաև դաշտամիջյան ճանապարհների վերականգնման աշխատանքներ: Ֆինանսավորումը տրամադրվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի հարմարվողականության ֆոնդի կողմից ՝ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

«Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» ծրագիրն իրականացվում է 2019 թ-ից: Հիմնական նպատակն է պատրաստել երիտասարդ առաջնորդների կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության աշխատանքներին ներգրավվելու համար: Ֆինանսավորման չափը 230.000 դոլար է:

Նախատեսվում է իրականացնել ևս մեկ կարևոր ծրագիր. «Հարավային Կովկասի լեռնային համայնքների և էկոհամակարգերի կայունության բարելավում` անտառային հրդեհների ռիսկի նվազեցմամբ»: Ծրագիրն ուղղված է անտառամերձ համայնքների անվտանգության բարձրացմանը, կենսաբազմազանության կորստի նվազեցմանը, մասշտաբային հրդեհների արձագանքման համար ծախսերի, մահվան  դեպքերի և այլ կորուստների նվազեցմանը:

Ծրագրում ներգրավված են Հարավային Կովկասի երկու երկիր՝ Հայաստանը և Վրաստանը: Ֆինանսավորումը տրամադրվում է ՄԱԶԾ-ի միջոցով: Ֆինանսավորման չափը 7 475 650 ԱՄՆ դոլար է:

Տեղեկատվության աղբյուրներն են.

  1. http://www.nature-ic.am
  2. http://www.nature-ic.am/en/news/Vulnerability-of-the-agriculture-towards-climate-change--%E2%80%9CClimate-smart-agriculture-and-climate-change-adaptation-in-Armenia%E2%80%9D-workshop-took-place/10649
  3. http://www.nature-ic.am/wp-content/uploads/2013/10/1.Armenias-TNC_2015_ENG.pdf
  4. http://The Adaptation Fund Board approves “Engaging future leaders: digital education module on adaptation challenges and best practices for youth” grant project
  5. https://www.epiu.am/en/projects/current-projects/adaptation-fund-approve-pfg-for-strengthening-land-based-adaptation-capacity-in-communities-adjacent-to-protected-areas-in-armenia/
  6. http://www.nature-ic.am/Content/announcements/10574/Report%20Final%20TAP%20Mitigation%20Armenia%20ENG%2010%2004%202017.pdf
  7. https://www.adaptation-fund.org/project/artik-city-closed-stone-pit-waste-flood-management/
  8. https://europa.eu/capacity4dev/climaeastpolicyproject/event/workshop-national-adaptation-plan-armenia
  9. https://ace.aua.am/files/2019/05/2018-Armenia%E2%80%99s-Second-Biennial-Update-Report_eng.pdf
  10. https://www.adaptation-fund.org/wp-content/uploads/2019/01/4132Armeniaforweb-1.pdf
  11. https://www.adaptation-fund.org/wp-content/uploads/2020/01/UNDP_Armenia_Georgia_web.pdf

14:35 Մարտ 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news