Անտառահատումները փորձո՞ւմ են կոծկել

Անտառահատումները փորձո՞ւմ են կոծկել

ԷկոԼուր

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում Նորայր Պապյանը ահազանգ տարածեց, որ Տավուշի մարզում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսությունում 100-ավոր ծառեր են հատվել:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի իրականում հատվել է 4 հաճարենի: «Վերոնշյալ գրառմանը հաջորդել է պետական մարմինների՝ Տավուշի մարզային ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև գրառման հեղինակ Նորայր Պապյանի համատեղ այցելությունն իր իսկ մատնանշած անտառտարածք (Նավուրի անտառպետության թիվ 6 պահաբաժին): Համատեղ տեղազննման արդյունքում հայտնաբերվել է կտրված 4 հաճարենի (80 սմ, 42սմ, 56 սմ և 52 սմ տրամագծով)։ Ըստ մասնագետների` ծառերը նախապես մասամբ կտրվել են բենզասղոցով դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին, հետագայում՝ տապալվել։ Վերոնշյալ ծառերի կոճղերը կնքվել են, համարակալվել և կազմվել է արձանագրություն:

Քաղաքացի Նորայր Պապյանը, ով, ի դեպ, մինչև 2020 թ․ հունվար ամիսն աշխատել է վերոհիշյալ «անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալի պաշտոնում, տեղում հավաստիացրել է, որ իր գրառմանը կցել էր հենց այդ ծառերի լուսանկարները։ Տեղանքի զննմամբ «հարյուրավոր հատված ծառեր», ինչպես նշել էր քաղաքացի Պապյանը, չեն հայտնաբերվել։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում նմանօրինակ նյութերի հրապարակման ժամանակ վերստուգել ստացված տվյալները, հարկ եղած դեպքում կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ»,- մասնավորապես նշված է Անտառային կոմիտեի պարզաբանման մեջ:

ԷկոԼուրի հետ զրույցում Նորայր Պապյանը նշեց, որ հայտնաբերել էին թարմ կտրված ծառեր, ոչ թե նախորդ տարվա: Բացի այդ, ընդամենը մի քանի ծառի հայտնաբերումը պայմանավորված է նրանով, որ հատված ծառերի հայտնաբերմանը տրամադրել են շատ քիչ ժամանակ․ «Իհարկե շատ ման չեկան։ «Հայանտառ»-ի էջում տեղադրված նյութը, թե 4 ծառ է հատվել, չի համապատասխանում իրականությանը: Հաջորդ օրը Ոստիկանության աշխատակիցների հետ կրկնակի տեղազննություն իրականացրեցինք այդ նույն պահաբաժնում։ 20 և ավելի ծառեր հայտնաբերեցինք։ Տեսչական մարմին, «Հայանտառ», Շրջակա միջավայրի նախարարություն․ մեկը մյուսին պահում են»,- նշեց Պապյանը։

Ապրիլի 21-ին Նորայր Պապյանը երրորդ անգամ «Արծվաբերդի անտառտնտեսություն» է այցելել արդեն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։ Այս անգամ, ըստ Նորայր Պապյանի, 43 պահաբաժնից միայն 2-ի ստուգման արդյունքում  հայտնաբերվել են 50 և ավելի հատված ծառեր: Պապյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցները տեղում լուսանկարել են հատված ծառերը, գրառումներ կատարել։

Լուսանկարը՝ Նորայր Պապյանի

13:55 Ապրիլ 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news