Հայաստանում կստեղծվի առաջին դպրոցական անտառպետությունը

Հայաստանում կստեղծվի առաջին դպրոցական անտառպետությունը

ԷկոԼուր

Հայաստանում առաջին անգամ կստեղծվի դպրոցական անտառպետություն ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքից 2.5 կմ հեռավորության վրա` «Մշկավանք» կոչվող վանական համալիրի տարածքում: «Մշկավանք»-ի դպրոցական անտառպետությունը կզբաղեցնի 338 հեկտար տարածք, որը պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Անտառպետության խնամքի և պահպանության հարցերով կզբաղվեն Կողբ համայնքի 2 միջնակարգ և գեղարվեստի դպրոցների 8րդ և ավելի բարձր դասարանների շուրջ 40 աշակերտներ:

Դպրոցական անտառպետության ստեղծումը նախատեսված է ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի անտառների կառավարման պլանի վերանայման ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, նախարարության աշխատակիցներին և լրագրողների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց. «Երեխաները խնամքն իրականացնելու են դասերից դուրս, պտուղներ են հավաքելու, հանձնելու են դպրոցին: 3 տարվա ընթացքում ակնկալում ենք այստեղից ստանալ 18 տոննա տարբեր պտուղներ: Տարածքում կարելի է ստեղծել երիտասարդական ճամբար, տեղադրել վրաններ, զարգացնել տուրիզմը»:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ երեխաների ներգրավվածությունն անտառպետության աշխատանքներում պետք է կրթական բնույթ կրի: «Օրենքը երեխայի աշխատանքը բացառում է, և սա սահմանադրական նորմ է, շատ ուշադիր պետք է նայել այս հարցին», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Ստեղծվելիք դպրոցական անտառպետության տարածքում հանդիպում է 104 բուսատեսակ, որոնցից 8-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված 18 կենդանատեսակ, այդ թվում գորշ արջը, միջատների 3 էնդեմիկ տեսակ, թռչունների՝ 4 տեսակ:

17:27 Հունիս 21, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news