Նախատեսվում է անտառների պահպանման ռեժիմը խստացնել՝ մոտեցնելով ԲՀՊՏ-ների ռեժիմին

Նախատեսվում է անտառների պահպանման ռեժիմը խստացնել՝ մոտեցնելով ԲՀՊՏ-ների ռեժիմին

ԷկոԼուր

Նախատեսվում է Հայաստանի անտառների պահպանման ռեժիմը խստացնել` մոտեցնելով բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանման ռեժիմին: ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում անտառային ռեսուրսների համալիր կառավարման նպատակով վերանայվել են Լոռու և Տավուշի մարզերի 11 անտառտնտեսությունների և նրանց մեջ մտնող 9 բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանները: Դրանք առաջարկում են անտառների համար նոր մոտեցումներ՝ էկոհամակարգային ծառայությունների դերի բարձրացում, կենսաբազմազանության պահպանում, ածխաթթու գազի կլանման արդյունավետության գնահատում: «Այս երեք բաղադրիչների շնորհիվ սովորական կառավարվող անտառտնտեսության կառավարման պլանն իր ռեժիմով շատ մոտենում է պահպանվող տարածքների կառավարման պլաններին: Սա նպատակ է հետապնդում, որ անտառտնտեսություններում մենք հիմնական շեշտը դնենք անտառների բնապահպանական արժեքի, նրանց բազմաթիվ էկոհամակարգային ծառայությունների վրա», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՄԱԶԾ-ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը:

Վերանայված անտառկառավարման պլանները շահագրգիռ կողմերի քննարկմանը ներկայացվեցին օրերս` «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ:

«Անտառտնտեսության տարածքի պահպանության ռեժիմին պետք է ավելի շատ դեր ու կշիռ տալ, որպեսզի կարողանանք մեր սակավ անտառային ռեսուրսներն ավելի արդյունավետ պահպանել: Մենք գտնում ենք, որ նրանց դերը շատ ավելի մեծ է կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգային ծառայությունների տրամադրման իմաստով, քան որպես բնափայտի աղբյուր», - ասաց Հովիկ Սայադյանը:

Ծրագրի գլխավոր խոչընդոտը համայնքների հետ անտառի սահմանազատման հարցն է: Միայն Տավուշի մարզում սահմանային խնդիրներ կան շուրջ 35 համայնքի հետ:

«Նախկինում արված կադաստրային քարտեզագրման հետևանքով կան որոշ բացթողումներ, երբ համայնքի վարչական սահմաններում առկա անտառային ֆոնդի հողերին տրվել է գյուղատնտեսական նշանակության կատեգորիա, կամ արոտավայր, բայց իրականում դրանք անտառային ֆոնդի հողեր են: Կա հակառակ պատկերը, երբ համայնքային որոշ տարածքներ անտառային ֆոնդի տարածքում են: Խնդիրներն ավելի շատ են համայնքի վարչական սահմանների ներսում, և համայնքները նույնպես ցանկանում են ունենալ այդ հստակեցումները: Հստակեցման դեպքում համայնքը ոչ տարածք է կորցնում, ոչ տարածք է շահում: Խնդիրը հողօգտագործման կատեգորիաների ճիշտ անվանումն է: Եթե հողը համայնքի վարչական սահմաններում անտառ է, պետք է անվանել անտառ, և նրա տեղը անտառային ֆոնդում է: Կամ եթե կա փոխադարձ համաձայնություն անտառտնտեսության հետ, համապատասխան զարգացման ծրագրեր, որոնք համայնքը և անտառտնտեսությունը միասին կարող են իրականացնել, այն կարող է դառնալ համայնքային անտառ», - ասաց Հովիկ Սայադյանը:

18:15 Հունիս 22, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news