Հայաստանի անտառապատվածության կրկնապատկման նպատակով կմշակվի անտառի ազգային 10-ամյա ծրագիր

Հայաստանի անտառապատվածության կրկնապատկման նպատակով կմշակվի անտառի ազգային 10-ամյա ծրագիր

ԷկոԼուր

2020 թվականի հունվարից կսկսվի Հայաստանի անտառի ազգային 10-ամյա ծրագրի մշակումը: Ծրագրում պետք է ֆիքսվեն բոլոր այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել Հայաստանի անտառպատվածությունը մինչև 2050 թվականը 20. 1 %-ի հասցնելու համար: Այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ Երևանում կայացած «Գագաթաժողով հանուն անտառների. Գլոբալ ջանքերը և Հայաստանը» միջոցառման ժամանակ, երբ քննարկվում էին անտառածածկույթը պահպանելու և ավելացնելու հարցում Հայաստանի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները, ինստիտուցիոնալ, մարդկային և տեխնիկական ասպեկտները:

Անտառածածկույթը կրկնապատկելու հանձնառությունը մեր երկիրը ստանձնել է 2015թ-ին ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում մշակված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDC) փաստաթղթով՝ պարտավորվելով անտառապատել 266,5 հազար հեկտար տարածք:

Մինչ օրս հստակեցված չէ, թե ստույգ որ տարածքներում են իրականացվելու անտառապատման աշխատանքները: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանի` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայիս հողերն այդ անտառապատման ծավալի մեջ շատ փոքր տոկոս են կազմում՝ մոտ 20-25 հազար հա, բայց 20,1 տոկոսին հասնելու համար մեզ պետք է շուրջ 266 հազար հա: «Այստեղ մարտահրավերներից մեկն այն է, որ պետք է համայնքային հողերի հետ կապված աշխատանք տարվի, պետք է գտնենք այն հողերը, որ ենթակա են անտառապատման համար»,- ասաց նա:

Իսկ Վարդան Մելիքյանը համոզված է, որ անտառվերականգնման աշխատանքները, միանշանակ, միայն «Հայանտառ»-ի կամ պետության անելիքը չէ: «Համայնքներն էլ պետք է մասնակցեն աշխատանքներին: Մենք պետք է նաև մտածենք, որ միայն դասական անտառների մասին չենք խոսում, այլ նաև ագրոանտառաբուծության մասին, այդ թվում դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման մասին, ճանապարհների եզրերով ծառապատման մասին, այն գետերի, լճերի ափերին ծառատնկումների մասին, որտեղ նախկինում եղել են անտառներ, ծառեր: …Ինչ վերաբերում է դասական անտառապատմանը, այստեղ առնվազն երկու տարբերակ ունենք, մեկը, որ փոխվում է հողերի կատեգորիան, և հանձնում ենք պետությանը, պետությունը կատարում է աշխատանքները, մյուսը, որ համայնքներն էլ կարող են դա անել, ինչպես նաև մասնավորը», - ասաց նա:

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, մասնավորապես, ասաց, որ անտառային տարածքների կադաստրային սահմանների ճշգրտման վերաբերյալ ամբողջ Հայաստանի մասով վերլուծություն չեն կարողացել անել բավարար մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների բացակայության պատճառով: Նա նշեց, որ իրենց մոնիտորինգի կենտրոնի և Հիդրոօդերևութաբանության կենտրոնի միավորմամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպել:

Քննարկման ընթացքում կարևորվեցին ապօրինի անտառահատումների դեմ տարվող աշխատանքները: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը նշեց, որ առաջարկություն են ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն մտցնել 24- ժամյա աշխատանք իրականացնելու համար: Սա տեսուչներին թույլ կտա շուրջօրյա հսկողություն իրականացնել:

ՄԱԶԾ ծրագրերի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը նշեց, որ ներկայումս պարզ չէ անտառածածկի առումով Հայաստանն ինչ վիճակում է: «Մենք չունենք վստահելի տեղեկատվական աղբյուր, այսինքն, մենք չունենք անտառային տնտեսության կառավարման անհրաժեշտ ինստիտուտներ՝ անտառգույքագրման, անտառշինական, անտառկառավարման ինստիտուտներ: …Բարձրագույն անտառային կրթությունը և հատկապես անտառագիտական հետազոտական աշխատանքներն այն բանալիներն են, որ Հայաստանի անտառային ոլորտը կարող են առաջ տանել և լրացնել առկա բացերը»,- ասաց Հովիկ Սայադյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ նշեց, որ այսօվանից պետք է կրթական և գիտական ոլորտում քայլեր անել 2050թ-ին անտառապատվածության ցանկալի ցուցանիշին հասնելու համար: «Անտառագիտության գծով անցյալ տարի 1 շրջանավարտ ենք ունեցել, 2016թ-ին, կարծում եմ, 0: Վերջին 6 տարվա ընթացքում ունեցել ենք 40 շրջանավարտ, որից 52 տոկոսը աշխատում է, որից 36 տոկոսը իր մասնագիտությամբ, չաշախտողների թիվը բավական մեծ է»,- ասաց նա:

Վարդան Ուռուտյանի համաձայն՝ անտառային ոլորտի մասնագետ կրթելու համար ներկայումս ոչ ֆինանսավորումն է բավարար, ոչ էլ գիտական և կրթական կառույցներն են հագեցած համապատասխան ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով:

«Անելիքները շատ են, կարծում եմ այստեղ գործընկերությունն է, համատեղ ծրագրերն են, համատեղ ֆինանսավորման մեխանիզմներն են պետք, որ կարողանանք մարտահրավերները հաղթահարել»,- ասաց Վարդան Ուռուտյանը:

 

14:15 Հոկտեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news