Անտառտնտեսությունների աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու

Անտառտնտեսությունների աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու:

Համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել։ Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, համազգեստների բաշխումը տեղի է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։

Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է ունենա անհրաժեշտ պարագաները և տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա լավագույնս ապահովել և արդյունավետ իրականացնել թե անտառների պահպանումը, թե ընդարձակումը, թե էկոհամակարգերի զարգացումը։

Վահե Մացակյանը համազգեստների առաջին խմբաքանակը հանձնել է ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին: Նա ընդգծել է, որ անկախացումից ի վեր այս իրադարձությունն աննախադեպ է «Հայանտառ»-ի համար։ «Համազգեստը ոչ միայն ինչ-որ չափով լուծելու է աշխատակիցների սոցիալական խնդիրը, այլև կարևորելու է անտառի աշխատակցի դերը», - նշել է Վահե Մացակյանը։

Բացի այդ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով։

13:54 Հոկտեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news