Հայաստանից փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս արգելվեց

Հայաստանից փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս արգելվեց

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն արգելեց ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս:

Ս.թ. փետրվարի 27-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե դրանք անհրաժեշտ են մարդու կյանքի և առողջության պահպանման, հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար։

ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ:

Առաջարկվող կարգավորումը ժամանակավոր բնույթ է կրելու և գործելու է վեց ամիս ժամկետով:

Այս կապակցությամբ կառավարության նիստին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Մենք եռօրյա ժամկետում պետք է տեղեկացնենք Եվրասիական տնտեսական միությանը, և եթե չի ընդունվում այս կարգավորումը, այդ դեպքում առնվազն վեց ամսով գործում է, բայց մեր ժամկետը, որ մենք տրամադրում ենք, ժամկետի սահմանափակումը երկարաձգվելու է: Այս պահին այնքան մեծ չէ ծավալը, բայց այնտեղ որոշակի օրենսդրական սողանցքներ կար, այսինքն, գերանի անվան տակ հնարավոր էր շինափայտ արտահանել, և տարբեր խնդիրներ էր առաջանում, բայց կարգավորումը դա է: Մենք առնվազն հիմա ուղարկում ենք հաստատման Եվրասիական տնտեսական միություն, և դրանից հետո, եթե կհաստատվի, ապա դա կգործի ավելի երկար ժամանակահատված»:

Ներկայացնում ենք արգելված ապրանքների ցանկը

Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով

Ասեղնատերև տեսակներից                                                    

Սաղարթավոր տեսակներից                                                   

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած                                             

Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

13:57 Մարտ 02, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news